Դեպի վեր
Նորություններ

30.09.2019

KPI-ի ցուցիչով խրախուսման կարգի, աշխատանքից չուշանալու և գրությունները ժամանակին ստորագրության հանձնելու մասին. աշխատանքային խորհրդակցություն


 Որպեսզի Կոմիտեի ղեկավարությունը ժամկետում հասցնի ամփոփել 2020 թ. «աշխատանքային ծրագրերը», կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների ղեկավարները մինչև հոկտեմբերի 8-ը, ժամը 18։00-ն պետք է գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանին ներկայացնեն հաջորդ տարվա իրենց «ծրագրային մշակումները»։ 

 

 

  Սեպտեմբերի 30-ի աշխատանքային խորհրդակցությանը Կոմիտեի ղեկավարը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական մասում՝ բոլոր գրասենյակներում, միասնական և մարզային ստորաբաժանումներում, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 2 բաժիններում…,  այս ամսվանից գործում է խրախուսման նոր կարգը, երբ յուրաքանչյուր աշխատողի խրախուսման չափը ձևավորվում է ըստ KPI-ի ցուցիչի։ KPI-ը (Key Performance Indicator՝ հիմնական կատարողական ցուցիչ) աշխատանքի փաստացի արդյունքի քանակային ցուցիչն է։ Դա գործիք է՝ հիմնարկի արդյունավետ աշխատանքը կազմակերպելու և յուրաքանչյուրի աշխատանքային արդյունավետության մակարդակը գնահատելու համար։ Այս մասին Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր դեռ ամսվա առաջին աշխատանքային խորհրդակցությանը։ Տեղակալ Արայիկ Սահակյանին նա այսօր հորդորեց մինչև վաղն օրվա երկրորդ կեսը շրջաբերական ուղարկել բոլոր նրանց, ում պաշտոններին վերաբերում է նոր կարգը և մանրամասն բացատրել, թե ինչ է դա նշանակում (հիմնական մոտեցումները մի քանի ամիս շարունակ մշակել է աշխատանքային խումբը՝  Սահակյանի գլխավորությամբ)։ Ինչ վերաբերում է շրջանառվող խոսակցություններին, թե «այս ամիս խրախուսումը KPI-ով չի լինելու» և այլն.

    «Դրանք բոլորը կոպեկի արժեք չունեն, քանի որ այդ մասին բոլոր հայտարարություններն արվում են այս սեղանի շուրջ։ Հաշվապահություններում, դժբախտաբար, կան նման խոսակցություններ»։

    KPI-ով տրված լուծումներից դժգոհներին Պետրոսյանը հորդորում է զեկուցագիր գրել և ասել՝ «սա անարդար է եղել» և այլն։ Մյուս կողմից.

    «Ամենակարևորը՝ պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի այս մեթոդով խրախուսվողները չսկսեն խորամանկություն անել՝ կտա՞ս մի քիչ շատ սքան անեմ, որ էս ամիս շատ փող ստանամ. տունս եմ վերանորոգում  կամ չգիտեմինչ… Գնահատումը պետք է օբյեկտիվ լինի»։

    Իսկ մյուսների, հատկապես Կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատակիցների՝  KPI-ով խրախուսման կարգը կմշակվի մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, կառուցվածքային բարեփոխումներից հետո։ Օրինակ, չի բացառվում, որ գնահատման բաղկացուցիչներից լինի ժամանակին աշխատանքի ներկայանալը։

    Սեպտեմբերի 30-ի խորհրդակցությանը Պետրոսյանը հանձնարարեց էլեկտրոնային քարտերով նույն անհատական վերահսկողությունը մեկ շաբաթում սահմանել նաև Կադաստրի՝ Կոմիտաս 35/2 շենքում, ապա և վերլուծել հաճախելիությունը՝ արդյո՞ք կան աշխատակիցներ, որոնք միշտ են աշխատանքի ներկայանում ուշանալու համար քիչ թե շատ թույլատրելի րոպեների վերջին պահին։ Միասնական և Տեղեկատվական Կենտրոն ստորաբաժանումների ղեկավարներ Արթուր Պետրոսյանին և Կարեն Գրիգորյանին Կոմիտեի ղեկավարը նույնպես հորդորեց արձանագրել աշխատակիցների՝ գործի ներկայանալու ժամանակը։

 

 

 Կադաստրի կոմիտեի պաշտոնական նոր կայքը կգործարկվի հոկտեմբերի 15-ին։ Այն համակարգելու ամբողջական պատասխանատվությունը կդրվի հանրային կապերի բաժնի վրա, ինչը չի նշանակում, որ կառուցվածքային մյուս ստորաբաժանումներն իրենց վերաբերող մասերից «ձեռքները լվանում» են. այդ տեքստային թարմացումների համար Պետրոսյանը նրանց առավելագույնը երեք օր ժամանակ տվեց։

 Նախորդ խորհրդակցության հանձնարարականը՝ ժամկետում իրականացնել Վանաձորում ապագա արխիվի մասնաշենքի համար տարածքի հանձնում-ընդունումը, կատարվել է։  Կոմիտեն Լոռու մարզպետարանից ընդունել է Վանաձորի բժշկական կենտրոնի 2’153.88 քառ. մետր մակերեսով մանկագինեկոլոգիական չգործող մասնաշենքը և 0.33 հա հողամասը, որոնք ՀՀ կառավարությունը հուլիսին որոշել է ամրացնել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին։

 

 

 Շատ հաճախ է Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություններում հորդորում ժամկետի սպառման վերջին օրն իրեն գրություններ չուղարկել ստորագրելու, և ասաց՝ օրինաչափություն է նկատել. երբ որ այդ մասին զգուշացնում է խորհրդակցության ժամանակ, այդ շաբաթ նորմալ է լինում, հաջորդ շաբաթ արդեն սկսվում է նույնը.

    «Ապահովության համար ամե՞ն երկուշաբթի նախազգուշացնեմ… Բայց այսօր չեմ ստորագրելու ինձ վերջին օրով ուղարկված գրությունները, տեսնենք, թե ինչ հետևանք է լինելու»,- ասաց Կոմիտեի ղեկավարը։