Դեպի վեր
Նորություններ

00.00.0000

Լարիսա Մանուկյանը պարգևատրվեց «ԵԱՏՄ զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով


 Հանրապետության նախագահի նստավայրում հոկտեմբերի 3-ին կազմակերպված հանդիսավոր արարողությանն ի թիվս այլոց «ԵԱՏՄ զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալ շնորհվեց նաև Կադաստրի կոմիտեի առաջին բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, մասնագիտությամբ գեոդեզիստ Լարիսա Մանուկյանին։  Պարգևները հանձնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

 

 

 «Այդ պարգևներն իրականում բազմակի արժեք ունեն: Դրանք հանձնվում են ձեր անբասիր և բարձրակարգ աշխատանքի համար: Այդ գնահատականը տրվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ղեկավարության, այլ նաև՝ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կողմից: Ներկայացնելով Հայաստանը՝ դուք փայլուն ձևով ներկայացրել եք նաև մեզ»,- իր խոսքում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

 «Նման բարձր պարգև ստանալն առանձնահատուկ պատիվ է և պարտավորեցնող»,- Կադաստրի կոմիտեի լրատվականին փոխանցեց Մանուկյանը և ավելացրեց, որ աշխատանքային խմբում աշխատել է մեծ նվիրումով, պատասխանատվությամբ, փորձել բարձր պահել Հանրապետության  գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի մասնագետների անունը:

 

 

 ԵԱՏՄ ծառայությունների միասնական շուկայի համար գործառույթն ապահովող աշխատանքային խմբում տիկին Լարիսան ակտիվ մասնակցություն է ունեցել այն ժամանակ, երբ Կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետն էր: Մեծ ներդրում է ունեցել քարտեզագրման ծառայությունների ազատականացման ծրագրի իրագործման աշխատանքներում: Ակտիվորեն մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի աշխատանքներին: Հավաքագրել է գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի ամբողջ օրենսդրական և նորմատիվ դաշտը, վերլուծել  ազգային օրենսդրությունը:

 Լարիսա Մանուկյանը նշանակալի ներդրում է ունեցել նաև Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Ղրղզստանի քարտեզագրական ծառայությունների գործող օրենսդրական և նորմատիվ-իրավական դաշտերի համեմատական վերլուծության գործում: