Դեպի վեր
Նորություններ

10.10.2019

ՀՀ կառավարությունն ընդունեց Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխության նախագիծը


    ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 10-ին ընդունեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած փոփոխությունը Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում։ Առաջարկվում է նոր շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար կառուցապատողից պահանջվող փաստաթղթերի ցանկից (հոդված 37, 1-ին մաս) հանել «սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը»։

 

 

    Նիստում Կադաստրի կոմիտեն ներկայացնող ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը նախ ընդգծեց, որ նոր ստեղծված գույքի գրանցման փուլում սահմանված կարգով հաստատված շինության նախագիծն անհրաժեշտ փաստաթուղթ է, և հնարավոր է համարում այն հանել գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկից միայն այն դեպքում, եթե տեղադրված լինի համապատասխան հարթակում և հասանելի լինի Կադաստրի կոմիտեի համար։ Առաջարկեց խնդրին տալ ոչ թե կետային, այլ «փաթեթային» լուծում՝ Ինտեգրված կադաստրի ստեղծումով, որի վերաբերյալ որոշումը կառավարությունն ընդունել է 2019 թ. մայիսին։ Ըստ այդմ, նա փոխանցեց Կադաստրի կոմիտեի բացասական դիրքորոշումն օրինագծին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց, որպեսզի հեղինակն օրենքում փոփոխության ընդունման ժամկետ արձանագրի 2021 թվականի հունվարի 1-ը, երբ ամբողջովին թվայնացված կլինի Հայաստանում կադաստրին առնչվող տվյալների ամբողջ համակարգը։

   Քվեարկությունից հետո հարցը եզրափակելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ խոսեց տվյալների ամբողջական թվայնացման մոտալուտ հեռանկարի մասին, «երբ նույն փաստաթուղթը երկրորդ անգամ չեն պահանջում քաղաքացուց» և երբ «պետական մեկ գերատեսչության տրամադրած փաստաթուղթը հասանելի է լինում մյուսին»։

    Օրենքի ուժ ստանալու համար փոփոխությունը պետք է ներկայացվի Ազգային ժողով։