Դեպի վեր
Նորություններ

24.10.2019

Անտառների պահպանության և վերականգնման գործում տեղեկատվական տեխնոլոգիաների դերի մասին բանախոսեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը


    Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 20-ից 23-ն անցկացված «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» գագաթնաժողովի եզրափակիչ նիստում բանախոսեց նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը։ Նիստի թեման էր՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնոլոգիական նորարարությունների դերը անտառների պահպանության ու վերականգնման գործում»։

 

    Գագաթնաժողովը հրավիրվել էր Հայաստանի անտառների վերաբերյալ քաղաքական որոշումների բաց ու ակտիվ քննարկումներ անցկացնելու, Հայաստանում և արտերկրում անտառների պահպանության և վերականգնման ոլորտները բարելավելու նպատակով: Մասնավորապես, միջազգային այս հավաքը խնդիր ունի նպաստելու Հայաստանի հանձնառությանը՝ մինչև 2050 թվականը կրկնապատկելու երկրի անտառային մակերեսը, նաև ակտիվ քննարկումներ ծավալելու աշխարհում անտառների պահպանության և վերականգնման հարցերի շուրջ: Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն էր անտառագիտության ոլորտում հետազոտական և կրթական գործունեություն ծավալող աշխարհի առաջատար հաստատություններից մեկի՝ Օրեգոնի պետական համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էնթընի Ս. Դեյվիսը:

    Միջոցառմանը մասնակցում էին նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Կանաչ գոտի շարժում» քենիական ծրագրի, ամերիկյան «Woods Hole» հետազոտական կենտրոնի, Իսրայելի KKL-JNF բնապահպանական կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Կանաչ կլիմա» հիմնադրամի և «Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնություն» կազմակերպության ներկայացուցիչները: Համաժողովի օրերի այցելություններ եղան Դիլիջան ազգային պարկ, «Էյ Թի Փի»-ի տնկարաններ, ծառատունկի վայրեր: