Դեպի վեր
Նորություններ

25.11.2019

Ջեռուցումից մինչև օրենսդրություն


Այսօրվա հերթական աշխատանքային քննարկան ընթացքում բարձրացվեցին տարբեր հարցեր։ Կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Արամ Կարախանյանը կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին առաջարկեց խոսել  անելիքների և առկա խնդիրների մասին։ Նա նախ անդրադարձավ  հնգամյա ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ժամկետների հետաձգմանը և առաջարկեց երկու օրվա ընթացքում նոր ժամկետների հետ կապված  զեկուցագրեր ներկայացնել։ 

Հաջորդ կարևոր հարցը  ջեռուցումն էր,  շեշտվեց հատկապես  հեռավոր շրջանների գրասենյակների ջեռուցման հարցի կարևորությունը։

Ըստ իրավաբանական վարչության պետ Արմեն Արսենյանի՝ «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը դեռ մշակվում է, իսկ Կոմիտեի կանոնադրությունն այս պահին լրամշակման փուլում է։ Գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանն էլ նշեց օրենսդրական երեք փաթեթների մասին, որոնք մինչև տարեվերջ արդեն վերջանական կլինեն։

Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանն էլ անդրադարձավ դիմումների բաշխման ծրագրին։ Ինչպես տեղեկացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Կարեն Գրիգորյանը, չնայած համակարգում շարունակվում են ռիսկերի գնահատումը, սակայն յուրաքանչյուր փոփոխություն նոր խնդիրներ ու ռիսկեր է ծնում։ Խոսելով ռեգիստրում աշխատողների ծանրաբեռվածության մասին՝ Ա․ Պետրոսյանն առաջարկեց ավելացնել աշխատաժամանակը 1 ժամով, ինչը քննարկումների առիթ դարձավ։ Կարևորվեց նաև աշխատողների աշխատանքների արդյունավետությանը խթանող գործոնների ներդրման հարցը․ խոսքը պարգևավճարների մասին է։    

«Գեոդեզիա և քարտեզագրություն»  պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Ստեփանյանն էլ նշեց, որ իրենք ծրագրային շեղումներ չունեն։ Նա խոսեց երկու կարևոր ծրագրի մասին։ Նախատեսված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում ընդգրկված հուշարձանների քարտեզի  հրատարակման աշխատանք, որն արդեն վերջնական փուլում է։ Հաջորդն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, խոսքն ատլասների վերահրատարակմանն է վերաբերում։ Քննարկման վերջում կոմիտեի գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը հորդորեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին առաջիկա օրերին ավարտել քաղաքացիական ծառայության հարցաշարերի կազմումը։

Քննարկման կարևոր հարցերից էր նաև քաղաքացիների նամակների, դիմումների ընդունման կամ բողոքների քննարկման ու նաև դրանց սեղմ ժամկետներում արձագանքելու, սպառիչ պատասխաններ տալու անհրաժեշտությունը։ Արամ Կարախանյանը կարևորեց նաև նման բաց ձևաչափով քննարկումները, քանի որ այս կերպ հնարավորություն է տրվում յուրաքանչյուրին իմանալ համակարգում առկա հարցերի կամ որոշակի գործընթացների մասին։