Դեպի վեր
Նորություններ

28.11.2019

Անշարժ գույքի կադաստրային արժեքը կհաշվարկվի նոր մեթոդաբանությամբ


Վերջին օրերին որոշ զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում է  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրինագիծը, որը տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ։  

Երկու շաբաթ առաջ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը: Այն ուժի մեջ կմտնի 2021թ․-ի հունվարի 1-ից, որից հետո անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) կադաստրային արժեքը կհաշվարկվի նոր մեթոդաբանությամբ՝ մոտարկելով այն գույքի շուկայական արժեքին։ Գույքի կադաստրային արժեքը կհաշվարկվի հաշվի առնելով մի շարք գործոններ՝ գույքի մաշվածությունը, շինության կառուցման նյութը, առաստաղի բարձրությունը, տանիքի ծածկը, առանձնատների դեպքում լողավազանների, շվաքարանների և այլ հավելյալ հարմարությունների առկայությունը։

Ներդրվելիք մեթոդաբանությունն այնպիսին է, որ շոշափելի կբարձրանա բարձրարժեք  անշարժ գույքի կադաստրային արժեքը՝ այդ թվում մեծ հողամասերով շքեղ առանձնատների, նորակառույց շենք-շինությունների։

Մտավախությունը, որ կադաստրային արժեքի մի քանի անգամ ավելացումը մեխանիկորեն ավելացնելու է անշարժ գույքի հարկը նույն չափով, իրականության հետ որևէ կապ չունի: Ինչպես արդեն նշվել է օրինագծի քննարկման ընթացքում, էապես բարձրանալու է շքեղ և բարձրարժեք գույքի կադաստրային արժեքը։

Տարբերակելով հասարակական և արտադրական նշանակության գույքը՝ նշենք, որ դրանք այլ կերպ են հարկվում, քան բնակելին, որովհետև տարբեր են դրանց նպատակները․ եթե արտադրականի նպատակը եկամուտ ստանալն է, ապա բնակելին լուծում է քաղաքացու սոցիալական խնդիրը։ Այս տրամաբանությունը պահպանվել է նաև օրինագծում։

Հավելենք, որ անշարժ գույքի հարկի դրույքաչափը սահմանվելու է հարկային օրենսգրքով: