Դեպի վեր
Նորություններ

02.12.2019

Հերթական քննարկում՝ արվածն ու անելիքները


Կադաստրի կոմիտեում այսօր ամփոփվեց նախորդ շաբաթն ու խոսվեց անելիքների մասին։ Կոմիտեի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Կարախանյանը նախ անդրադարձավ ուրբաթ օրը Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող ստորաբաժանումում բռնկված հրդեհին։ Շնորհակալություն հայտնեց Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանին։ Հանձնարարվեց գնումների կազմակերպման բաժնին գնումների պլանով նախատեսել 2020թ․-ի համար անհրաժեշտ կրակմարիչների ձեռքբերումն այն քանակով, որ բացի համապատասխան ստորաբաժանումներում առկա կրակմարիչների դրանք լինեն նաև պահեստավորված։ Վեր հանվեց նաև մալուխների փոխման հարցը։ Իսկ համաձայն ստորաբաժանման ղեկավար Ա․Պետրոսյանի առաջարկի՝ անձնուրաց մի քանի աշխատակիցների պարգևավաճարն ավելին կլինի։ Ըստ Արամ Կարախանյանի՝ այդ, ինչպես նաև մի շարք այլ աշխատակիցների թեկնածությունները կդիտարկվեն տարեվերջյան անհատական պարգևավճարներ սահմանելիս։ 

Առցանց ծառայությունների անցման այս փուլում ռիսակային գոտին մեծանում է, ուստի խիստ կարևորվում է ՏՏ ոլորտը, որտեղ այս պահին էլ կատարվում են փոփոխություններ։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման ղեկավար Կարեն Գրիգորյանն անդրադարձավ ARPIS համակարգի բաղադրիչի գործարկմանը։ Ծրագիրը նախատեսում է արգելանքների մեկ միասնական ունիվերսալ համակարգ, որը կաշխատի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ապա նաև ՊԵԿ-ի և այլ գերատեսչությունների հետ։

Ապա «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման  կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Դավիթ Ամատունին խոսեց Չինաստանի Հանրապետությունում կազմակերպված «Մեծ տվյալների ու տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը զարգացող երկրների համար» դասընթաց-սեմինարի մասին։ «Ուսումնասիրել եմ ցանցային անվտանգություն, տվյալների պահպանություն ու վերամշակում»,- նշեց նա։

 

Անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի պետ Հակոբ Հովհաննիսյանն անդրադարձավ տարածքային ստորաբաժանումների ելից գրություններին։ Առաջարկվեց Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից էլեկտրոնային համակարգի միջոցով դիմումների վարույթի սահմանված ժամկետն ավելացնել, որպեսզի ուշացումներ չլինեն։

Հաշվառման և հողաշինարարության վարչության պետ Սասուն Կիրակոսյանն անդրադարձավ քարտեզների խնդիրների հետ կապված շրջաբերականի նախագծին․ նախորդ շաբաթ անց են կացվել քննարկումներ, իսկ մինչև շաբաթվա վերջ արդեն պատրաստ կլինի համաձայնեցված նախագիծը։

Կոմիտեի գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը հորդորեց ամփոփել քաղաքացիական ծառայողների աշխատանքային ծրագրերն ու նախատեսվող մրցույթների հարցարանները։

Վերջում կոմիտեի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Կարախանյանն անդրադարձավ քաղաքացիների հեռախոսազանգերին պատասխանելու կարևորությանը, ինչպես նաև թեժ գիծ ծառայության աշխատանքներին։ Հանձնարարական տրվեց ուսումնասիրել և պարզել դժգոհություան պատճառները։