Դեպի վեր
Նորություններ

06.12.2019

Կադաստրի կոմիտեի ղեկավար է նշանակվել Սուրեն Թովմասյանը


Հայաստանի Հանրապետության կառավարության  05․12․2019թ․-ի  1715-Ա  որոշմամբ Կադաստրի կոմիտեի ղեկավար է նշանակվել Սուրեն Թովմասյանը:

Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կադաստրի կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց կոմիտեի նորանշանակ ղեկավարին։

Փոխվարչապետն իր խոսքում նշեց, որ պարոն Թովմասյանի առջև լրջագույն խնդիրներ են դրված, որոնց լուծման մեկնարկը որոշակիորեն տրվել էր արդեն նախորդ տարվանից։ Իսկ կոմիտեի նոր ղեկավարի ունեցած մասնագիտական պատրաստվածությունն ու փորձը թույլ կտան հաղթահարել այդ խնդիրները։ Նրա խոսքով դրական արդյունքների գրանցման համար անելիքները շատ են․ մասնավորապես, կադաստրային քարտեզի, հետագայում նաև ինտեգրված քարտեզների ներդրման, ընդհանուր թվայնացման գործընթացների հետ կապված, ինչպես նաև գրասենյակների միասնական ծառայությունների մատուցման ուղղությամբ։ Ըստ պարոն Ավինյանի՝ այս ոլորտի հաջողություններն անմիջականորեն կապվում են բոլոր մյուս ոլորտների հետ․ «Նախանշված  բոլոր ծրագրերի իրականացման դեպում ՀՀ հանրային ծառայությունների ոլորտում որակական լրջագույն փոփոխություն կլինի»:

Ողջունելով ներկաներին՝  կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասաց․«Շնորհակալություն վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ձեզ, վստահության համար։  Կարող եմ ասել, որ մեր գործը լինելու է բավական ակտիվ, իսկ բարեփոխումները՝ շարունակական։ Մեր մասնագիտական կազմը կայացած է, իսկ կադրային քաղաքականությունն էլ լինելու է բաց և արդար։ Եթե լինեն որոշակի փոփոխություններ, ապա ընդունելու ենք լավագույններին»։

Վերջում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Արամ Կարախանյանին և արդյունավետ աշխատանք մաղթեց համակարգի աշխատակիցներին։