Դեպի վեր
Նորություններ

17.12.2019

Սուրեն Թովմասյան. «Աջ ձեռքը պիտի իմանա` ձախ ձեռքն ինչով է զբաղված». աշխատանքային խորհրդակցություն


 

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը երեկ, անդրադառնալով նախորդ շաբաթ ստորաբաժանումների ղեկավարներին տրված հանձնարարականին, այն է՝ ներկայացնել արված և չարված անելիքների մասին հաշվետվություններ, նկատեց. «Տեղեկատվության բուռն և բավական ինտենսիվ հոսք կար, սակայն ոչ ամբողջական և համակարգված»: Արդյունավետ աշխատանքի համար ղեկավարը հորդորեց ուղարկել հակիրճ տեղեկանքներ՝ հստակ նշելով անելիքներն ու չարածների հիմնավորումները:

 

 

Կադաստրի կոմիտեին առնչվող օրենսդրական ակտերում փոփոխություններ իրականացնելու համար իրավաբանական վարչության պետ Արմեն Արսենյանին հանձնարարվեց բոլոր ստորաբաժանումներից հավաքագրել տեխնիկական առաջադրանքներ, որոնց համադրմամբ մենք կկարողանանք համապատասխան նախագծեր մշակել և շրջանառության մեջ դնել:

Կոմիտեի ղեկավարի խորհրդական Բորիս Քոչարյանին մեկշաբաթյա ժամկետում հանձնարարվեց ներկայացնել Ինտեգրված կադաստրի ռազմավարական պլանի SWOT վերլուծություն՝ հստակ ներկայացնելով ռազմավարության ուժեղ և թույլ կողմերը: «Միայն այդ դեպքում, մենք կկարողանանք վերջնական տարբերակով շրջանառության մեջ դնել ռազմավարական պլանը»,-նկատեց Կոմիտեի ղեկավարը:

Հնգամյա ծրագրում ներառված միջոցառումների, դրանց ժամկետների փոփոխման վերաբերյալ հիմնավորումների առկայության դեպքում ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց հստակ ձևակերպել և տրամադրել իրենց պատկերացումները ու առարկությունները, որպեսզի ծրագրի դրույթները վերանայելու ժամանակ լինի: 

Մասնակիցներին հանձնարարվեց առավել օպերատիվ և արագ պատասխանել պետական գերատեսչություններից ստացված գրություններին և հարցումներին՝ չթողնելով դրանք մինչև ժամկետի ավարտը:

«Մենք պետք է աշխատենք քաղաքացիների և պետական կառույցների աշխատանքը թեթևացնելու մասին»- նկատեց Թովմասյանը և խորհրդակցության մասնակիցներին խնդրեց առաջարկներ ներկայացնել՝ «ինչն ինչպես կարելի է անել, որպեսզի կրճատվեն ժամկետները և բարձրանա կատարված աշխատանքի որակը»:

«Աջ ձեռքը պիտի իմանա՝ ձախ ձեռքն ինչով է զբաղված».- ստորաբաժանումների կրկնվող գործառույթներին  անդրադառնալով նկատեց Կոմիտեի ղեկավարը:

Աշխատանքային կարգապահության հարցերի վերաբերյալ մոտեցումը շատ խիստ և հստակ է՝ կարգապահական խախտումներին, աշխատանքից ուշանալու և շուտ գնալու դեպքերին հետևելու հանձնարարական տրվեց Կոմիտեի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Եգանյանին: