Դեպի վեր
Նորություններ

13.01.2020

Վերապատրաստումներ գործող ռեգիստրների համար, գնահատման նոր մեխանիզմների փնտրտուք


Աշխատանքային տարվա առաջին խորհրդակցությունը Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր սկսեց մեկ անգամ ևս ներկաներին շնորհավորելով և հավաստիացրեց, որ կարողացել ենք հստակեցնել մեր մոտեցումները և հասկանալ, թե ինչ բարեփոխումներ են պետք ոլորտում. «այս մեկ ամսվա ընթացքում հասկացանք, որ մեր ռեսուրսներն ու մասնագիտական պոտենցիալը տալիս է մեր առջև ծառացած խնդիրները հաղթահարելու հնարավորություն»:

 

 

Անընդհատ առաջ շարժվելու, քաղաքացիների բեռը թեթևացնելու միտքն ընդգծելով՝ Կոմիտեի ղեկավարն այսպիսի համեմատություն արեց. «Նավի համար ամենաապահով տեղը նավահանգիստն է, բայց այն ստեղծված է նավարկելու, մարդկանց օգտակար լինելու համար, այլ ոչ թե նավահանգստում կանգնելու»:

Թովմասյանը տեղեկացրեց ներկաներին, որ վերանայված հնգամյա ծրագրի ու Ինտեգրված Կադաստրի հայեցակարգի ուսումնասիրությունների համար ստորաբաժանումներին տրված եռօրյա ժամկետից հետո յուրաքանչյուր գործառույթի համար կստեղծվի մասնագիտական վարչությունների աշխատակիցներից կազմված խումբ՝ հստակ տարանջատած պարտականություններով և աշխատանքի կատարման կոնկրետ ժամկետներով:

 

 

Ամեն ամիս ստորաբաժանումների ղեկավարները հաշվետվություններ կներկայացնեն խորհրդականներ Արման Պետրոսյանին և նորանշանակ Միհրան Հովհաննիսյանին (վերջինիս Կոմիտեի ղեկավարն այսօր ներկայացրեց գործընկերներին), թե որ գործառույթի իրականացման համար ինչ աշխատանքներ են կատարվել:

Կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի լուծարման, նոր կենտրոնի ստեղծման փաթեթի նախնական տարբերակը մեկ անգամ ևս վերանայելու և ավարտուն տեսքով ներկայացնելու հանձնարարական տրվեց իրավաբանական վարչության պետ Արմեն Արսենյանին՝ հորդորելով արագացնել և չխախտել կատարման ժամկետները:

 

 

Գույքի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են ռեգիստրների գործնական ուղեցույցի պատրաստման աշխատանքները, ինչի արդյունքում, գործավարության կարգում համապատասխան փոփոխություններից հետո, կկազմակերպվեն 10-օրյա վերապատրաստման դասընթացներ գործող ռեգիստրների համար:

Ռեգիստրների աշխատանքում տրամաբանական համարելով փորձաշրջան անցնելու գաղափարը՝ ղեկավարը նկատեց. «Առանց նախնական փորձի, իհարկե, ռեգիստրը չի կարող աշխատանքի ողջ նրբությունը հասկանալ: Գուցե մարդը երկու ամիս անց ինքն է հրաժարվում այդ պատասխանատու աշխատանքից»: Ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանը խոստացավ 1-2 օրից արդեն ներկայացնել հաշվետվություն ռեգիստրների ծանրաբեռնվածության, աշխատանքի արդյունավետության վերաբերյալ՝ կարևորեով նաև թափուր հաստիքների հնարավորինս արագ համալրումը:

Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարտին Սեդրակյանի հետ Կոմիտեի ղեկավարը պայմանավորվեց տեղում ծանոթանալ և քննարկել արխիվի հնարավոր առանձնացման, արխիվային գործերի՝ արխիվից դուրսբերումը բացառելու տարբերակները: Կուսումնասիրվեն նաև գրասենյակներում որակյալ տեսաներածումներ ստանալուն խոչընդոտող հանգամանքները:

KPI-ի գործակցով գնահատման վերանայման աշխատանքները կավարտվեն մոտ օրերս, ինչից հետո պարզ կդառնա՝ արդյունավետ ինչ մեխանիզմներ է հնարավոր կիրառել հետագայում: