Դեպի վեր
Նորություններ

12.02.2020

Կադաստրի կոմիտեում է Նիդերլանդներից ժամանած փորձագիտական խումբը


 

Փետրվարի 10-ից 15-ը Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում է Նիդերլանդների Թագավորության կադաստրի, հողերի հաշվառման և քարտեզագրման գործակալության(Kadaster) փորձագիտական խումբը: 

Արխիվների թվայնացման թեմայով համատեղ ծրագրի իրականացման նպատակով Կադաստրի կոմիտեն դեռևս նախորդ տարի մշակել և նիդերլանդական կողմին էր ներկայացրել ծրագրի նախագիծը: Արդեն տարեվերջին նախագիծը դրական եզրակացություն էր ստացել Նիդերլանդների Թագավորության ձեռնարկությունների գործակալության կողմից:

Նախագծի առաջին փուլի գործնական մեկնարկը տրված է: Փորձագետների առաջին խմբում են տարածաշրջանային տնօրեն Վինսենտ Ֆերհայը, փորձագետ, հողերի կառավարման ավագ խորհրդատու Կրիստիան Լեմմենը, փորձագետ Ռոհան Բենետը և նախագծերի ղեկավար Պետեր Շտոլկը:

Այցի առաջին օրվա ընթացքում հյուրերը հանդիպեցին Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ, մանրամասն քննարկեցին համագործակցության հնարավոր ուղիները, արխիվների թվայնացման  մեթոդաբանությանն ու ռազմավարությանը վերաբերող հարցեր, հստակեցվեց առաջիկա օրերի հանդիպում-քննարկումների գրաֆիկը:

Առաքելության ընթացքում կիրականացվի կարիքների գնահատում, փորձագետների կողմից կպատրաստվի համապատասխան ամփոփիչ զեկույց, որի հիման վրա էլ հետագայում կկայացվի նախագծի հետագա փուլերի նպատակահարմարության վերաբերյալ որոշում:

Կոմիտեի ղեկավարի հետ հանդիպումից հետո փորձագիտական խումբը ողջ օրվա ընթացքում մասնագիտական քննարկումներ անցկացրեց Կոմիտեի արխիվների թվայնացման գործընթացում անմիջական մասնակցություն ունեցող աշխատակիցների, արխիվի մասնագետների հետ:

Կոմիտեում անցկացվող հանդիպում-քննարկումներին մեր մասնագետներից բացի այսօր հրավիրված էին նաև գործող փաստաբաններ ու նոտարներ, ովքեր նույնպես հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու հոլանդացի փորձագետներին: