Դեպի վեր
Նորություններ

25.02.2020

«Ոչ ոք ռեգիստրի փոխարեն որոշում կայացնելու իրավունք չունի». Սուրեն Թովմասյան


Փետրվարի 24-ի աշխատանքային խորհրդակցության սկզբում Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն իր խոսքում անդրադարձավ աշխատանքային կարգապահությանը, սպասարկման գրասենյակների, ռեգիստրների հետ աշխատանքային հարաբերություններին՝ կարևորելով նվիրված ու հետևողական աշխատանքը: Բացառելով ռեգիստրների աշխատանքին միջամտելը, որևէ կերպ խոչընդոտելը, Կոմիտեի ղեկավարը նկատեց. «Իհարկե կան դեպքեր, երբ խորհրդատվությունն անհրաժեշտ է, բայց որևէ մեկը ռեգիստրի փոխարեն որոշում կայացնելու իրավունք չունի»:

 

 

Նախորդ շաբաթվա հանձնարարականներից Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը ներկայացրեց սուբյեկտների նույնականացման խմբի կատարած աշխատանքի ստուգման արդյունքները: Ստուգվել են շուրջ 4 հազար նույնականացված գույքի տվյալներ, հայտնաբերվել սխալներ: Մեկ օրվա ընթացքում ղեկավարի հանձնարարությամբ համամասնորեն կստուգվի բոլոր աշխատակիցների կատարած աշխատանքը, կարձանագրվի սխալների քանակը և համապատասխան որոշումներ կկայացվեն: Հանձնարարվեց առաձնացնել վերջին երեք ամիսների և վերջին մեկ շաբաթվա կատարած աշխատանքների ստուգման արդյունքները:

 

 

Ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանն իր խոսքում անդրադարձավ քարտեզների ճշգրտման աշխատանքների ընթացքին, քննարկվեց նոր գործիքակազմի ամբողջական ներդրման համար մրցույթ հայտարարելու, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: 

 

 

Տվյալների անվտանգության տեսանկյունից դիտարկելով ռեգիստների և մասնագիտական վարչությունների աշխատանքը՝ Թովմասյանն առաջարկեց Կոմիտեի պատասխանատուներին ռացիոնալ տեսանկյունից վերլուծել և ներկայացնել տվյալների հասանելիության այս կամ այն չափի անհրաժեշտությունը: Քննարկվեցին նաև ռեգիստրների աշխատանքը համաչափ բաշխելու հնարավոր տարբերակներ:

 

 

Ծառայողական քննությունների անցկացման ընթացքում սուբյեկտիվ մոտեցման և կողմնակալ վերաբերմունքի բացառման նպատակով Կոմիտեի ղեկավարը հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում առաջարկների փաթեթ ներկայացնել՝ հստակ ամրագրելով՝ որ խախտման համար ինչ տույժ է նախատեսված: