Դեպի վեր
Նորություններ

10.03.2020

«Որևէ մեկը կաշկանդված չէ դիմելու հայտարարված ցանկացած մրցույթի». Սուրեն Թովմասյան


 

Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն աշխատանքային խորհրդակցությունն սկսեց Կադաստրի համակարգի կանանց և աղջիկներին միջազգային օրվա կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորելով:

Դեռ երկու շաբաթ առաջ հանձնարարական էր եղել էլեկտրոնային ARPIS համակարգին հասանելիություն ունեցող աշխատակիցների դասակարգման ծրագրային ապահովման վերաբերյալ: Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Կարեն Գրիգորյանը ներկայացրեց ծրագրի մշակման ընթացքը՝ հավաստելով, որ ծրագիրը հնարավորություն կընձեռի հստակ տարանջատելու՝ աշխատանքային պարտականությունները լիարժեք կատարելու համար որ աշխատակցին ծրագրի հասանելիության ինչ աստիճան է պետք: 

Անդրադառնալով թեժ գծով ստացվող հեռախոսազանգերին՝ Կոմիտեի ղեկավարն անընդունելի որակեց այս կամ այն ստորաբաժանմանն ուղղված հարցը կամ հանձնարարականը պարբերաբար Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն փոխանցելու կամ քաղաքացուն այնտեղ ուղղորդելու միտումը:

«Քաղաքացուն չպիտի այստեղից այնտեղ ուղարկենք կամ տարբեր հեռախոսահամարներ փոխանցենք: Եթե այդ պահին չեք կարող պատասխանել, կարելի է ուսումնասիրել խնդիրը, մի փոքր ուշ պատասխանել»,-նկատեց Թովմասյանը:

Կոմիտեի ղեկավարը խոսեց նաև համակարգում պարբերաբար անցկացվող քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման համար անցկացվող մրցույթներից: Մասնակցելու ցանկություն ունեցողները հաճախ այս կամ այն կերպ փորձում են Կոմիտեից, այսպես ասած, համաձայնություն ստանալ, նոր դիմել մասնակցության համար. «Որևէ մեկը կաշկանդված չէ հայտարարված ցանկացած մրցույթի ներկայացնելու իր թեկնածությունը: Ով ցանկություն ունի, թող դիմի՝ առանց որևէ ճշտում անելու: Կնշանակվի նա, ով կհաղթահարի մրցույթը»:

Կոմիտեի ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց շաբաթական և ամսական կտրվածքով ներկայացվելիք հաշվետվությունների ցանկը՝ հստակ տարանջատելով յուրաքանչյուր ստորաբաժանման անելիքները:

Երկու օրվա ընթացքում յուրաքանչյուր ստորաբաժանում կմշակի համապատասխան ձևաչափ՝ հաշվետվություններն ինչպես է առավել նպատակահարմար ներկայացնել: Վերանայելուց հետո հաշվետվության ձևերը կդրվեն շրջանառության մեջ:

Շաբաթական հաշվետվությունները կտրվեն մինչև հաջորդ շաբաթվա ուրբաթ օրը, իսկ ամսական վերլուծությունները՝ մինչև հաջորդող ամսի 5-ը: Բացառություն են անշարժ գույքի շուկայի վերլուծությունները, որոնք ներկայացվում են մինչև ամսի 15-ը: