Դեպի վեր
Նորություններ

17.08.2020

Գեոմատիկայի նորաստեղծ կենտրոնում անելիքները շատ են, մասնագետները՝ պատրաստակամ


 

Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի պաշտոնական բացումը տեղի չունեցավ Covid 19 համաճարակի պատճառով, սակայն կենտրոնի մասնագետներն արդեն անցել են բնականոն աշխատանքի։

Կենտրոնում արդեն իսկ հասցրել են իրականացնել մի շարք սոցիալական ծրագրեր, մասնակցել միջազգային համաժողովների և վեբինարների, ինչպես նաև ժամկետներում և արդյունավետ իրականացնել կենտրոնի ընթացիկ աշխատանքները։ 

Հատկանշական է, որ այս օրերին Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման, տարածման և վերահսկման նպատակով, համագործակցելով պարետատան հետ, Գեոմատիկայի կենտրոնի աշխատակիցներններն իրենց մասնագիտական գիտելիքներով և Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ/GIS) կիրառման միջոցով մեծ ներդրում են ունեցել առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և Ոստիկանության համար էլեկտրոնային քարտեզների և կառավարման տվյալների բազայի ստեղծման գործընթացում։

Գեոմատիկայի կենտրոնի մասնագետները իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում միջազգային համաժողովներին՝ դրանով իսկ նպաստելով մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը և ԱՏՀ/GIS ծրագրային փաթեթների գործնական գիտելիքների ամրապնդմանը։

Կենտրոնի հիմնական նպատակներն ու խնդիրներն են․

  • ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի(Ինտեգրված կադաստրի),
  • գեոպորտալի,
  • հասցեների միասնական ռեեստրի վարման,
  • պետական նշանակության գեոդեզիական, քարտեզագրական, հողաշինարարական և երկրատեղեկատվական աշխատանքների իրականացման ապահովումը։

Նորաստեղծ կենտրոնի կազմում գործում են․

  • Երկրատարածական տվյալների կառավարման,
  • Դաշտային աշխատանքների կազմակերպման և համակարգման,
  • Մշտական գործող ռեֆերենց կայանների և կառավարման ավտոմատացված համակարգերի,
  • Մարքեթինգի և վաճառքի բաժինները,

որոնց առաջիկայում անպայման կանդրադառնանք առանձին-առանձին և առավել մանրամասն։

Կենտրոնն ապահովում է ՀՀ տարածքի համար պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական, երկրատեղեկատվական աշխատանքների պատշաճ իրականացումը, կատարում է պետական մասշտաբային շարքի քարտեզների, հատակագծերի ստեղծման և արդիականացման և քարտեզագրական նյութերի հրատարակման աշխատանքներ, կատարում է օդատիեզերական լուսանկարների մշակում և օրթոֆոտոհատակագծերի ստեղծում, ՀՀ-ում մշտական գործող ռեֆերենց կայանների կառավարում, հասցեների միասնական ռեգիստրի և երկրատեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքներ։

Գեոմատիկայի կենտրոնում այս օրերին լայնածավալ աշխատանք է կատարվում Հայաստանի Հանրապետության հին ու նոր հասցեները ստանդարտ տեսքի բերելու և հասցեավորման համակարգի միասնական հարթակ ստեղծելու ուղղությամբ։ Հանրապետության ողջ տարածքի համար իրականացվում է փողոցների անվանումների ճշգրտում, քարտեզագրում և տվյալների բազայի ստեղծում։

Կենտրոնում ձեռնարկվել և հաջողությամբ իրականացվում են ՀՀ-ում Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքների ներդրմանն ուղղված ստանդարտացման փաստաթղթերի մշակման և տարածական տվյալները չափորոշիչներին և ստանդարտներին համապատասխանեցնելու աշխատանքներ, որոնք բխում են Ինտեգրված կադաստրի հայեցակարգից։