Դեպի վեր
Նորություններ

25.08.2020

Ճշգրտվում են փողոցների իրական անվանումներն ու գտնվելու վայրերը


Գեոմատիկայի կենտրոնի կազմում է գործում Երկրատարածական տվյալների կառավարման բաժինը, որն արդեն հասցրել է իրականացնել մի շարք պետական նշանակության աշխատանքներ։ Հիմնական գործառույթներից են երկրատեղեկատվական համակարգերի, թվային էլեկտրոնային քարտեզների ստեղծումը, օդատիեզերական լուսանկարների վերծանումը, կադաստրային քարտեզների ուղղումը, հասցեների ճշգրտումը և այլն։



Բաժինն արդեն իսկ հսկայական աշխատանք է իրականացրել Հայաստանի Հանրապետության փողոցների անվանումների ճշգրտման ուղղությամբ, որի նպատակն է հանրապետության բոլոր փողոցների, պողոտաների, նրբանցքների և փակուղիների իրական անվանումների և դրանց գտնվելու վայրի ճշգրտումը և ԱՏՀ տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվական բազաների ստեղծումը՝ հետագայում գեոպորտալ մուտքագրելու նպատակով։
Համայնքի կադաստրային քարտեզներից և արբանյակային լուսանկարներից առանձնացվում են բոլոր հնարավոր գոյություն ունեցող փողոցների անվանումները, ստեղծվում են էլեկտրոնային քարտեզներ։



 

Ինչպես արդեն նշել ենք, անցած ամիսներին Գեոմատիկայի կենտրոնը, ի դեմս երկրատարածական տվյալների բաժնի, անմասն չի մնացել կորոնավիրուսի համաճարակի հաղթահարմանն ուղղված աշխատանքներից, որոնցից հատկապես կարելի է առանձնացնել պարետատան ցուցումով ՀՀ Ոստիկանության, առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների հակահամաճարակային աշխատանքների կազմակերպման համար ստեղծված էլեկտրոնային քարտեզը:

Բաժնում մասնագիտական աշխատանքներ են իրականացվել նաև Սևանի ավազանի, Սևան ազգային պարկի, Արագած լեռան լանջերի և այլ տեղանքների հետ կապված, որոնք օգտագործվում են տարբեր մասնագիտական վերլուծություններում։

 


110.16 ԿԲ news_9833967567_IMG_7224.jpg