Դեպի վեր
Նորություններ

04.10.2010

Կադաստրի պետական կոմիտեի պատվիրակության այցը Սլովակիայի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն


 

       

  2010 թվականի սեպտեմբերի 27-29-ը Սլովակիայի Հանրապետության Գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի գերատեսչության ղեկավարի հրավերով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվիրակությունը, կոմիտեի նախագահ Ե.Զախարյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում էր Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավայում: Այցի հիմնական նպատակն էր համապատասխան գերատեսչությունների միջև փորձի փոխանակումը և հետագա համագործակցության մասին քննարկումները: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվիրակության կազմում էին պատվիրակության ղեկավար Երվանդ Զախարյանը, Կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դավթյանը, Կոմիտեի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նարեկ Գրիգորյանը:

  Կոմիտեի պատվիրակությունը աշխատանքային հանդիպումներ ունեցավ Սլովակիայի Հանրապետության Գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի գերատեսչության ղեկավարության, ինչպես նաև մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ, որոնք ներկայացրեցին գերատեսչության կողմից կատարված և ծրագրվող աշխատանքները: Հանդիպումների ժամանակ քննարկվեցին հետևյալ խնդիրները.

  • առաջին պետական գրանցում, քաղաքացիների հետ «մեկ պատուհան» սկզբունքով ծառայությունների մատուցում
  • կադաստրի վարման ընթացակարգերի ավտոմատացում
  • էլեկտրոնային արխիվացում և արխիվային ֆոնդ
  • տեղագրական, կադաստրային և թեմատիկ քարտեզագրության բնագավառներ
  • երկրատեղեկատվական համակարգ, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքներ
  • հետագա համագործակցությունը Հայաստանի և Սլովակիայի Հանրապետությունների միջև գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի վարման բնագավառներում:

   Աշխատանքային այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը այցելեց նաև Բրատիսլավայի տարածքային ստորաբաժանում, որի հիմնական գործառույթներն իրենց կողմից սպասարկվող տարածքում անշարժ գույքի օբյեկտների և դրանց նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումը. թվային կադաստրային քարտեզների ստեղծումը և վարումը, անշարժ գույքի կադաստրի էլեկտրոնային տեղեկատվական բանկի ստեղծումը, պահպանությունը և տեղեկատվական բանկից տեղեկությունների տրամադրումը:
  Պատվիրակությունը ծանոթացավ նաև Բրատիսլավայի Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի կողմից կատարվող աշխատանքներին: Մանրամասն ներկայացվեց Սլովակիայում գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում իրականացված աշխատանքները, մասնավորապես ազգային գեոդեզիական ցանցին, երկրատեղեկատվական համակարգին, տարածական տվյալների փոխանակման, կոորդինատային համակարգերին վերաբերող մի շարք խնդիրներ:
   Սլովակիայի Հանրապետություն գործուղումից անմիջապես հետո հայկական պատվիրակությունը մասնակցեց նաև սույն թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցած Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական 30-րդ նստաշրջանին: Մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի գեոդեզիայի և քարտեզագրության ծառայությունների ղեկավարները և ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը: Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհուրդը միաձայն խորհրդի նախագահ ընտրեց Ռուսաստանի Դաշնության Պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության ղեկավար Ս.Վասիլևին: Նախագահի տեղակալներ ընտրվեցին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ե.Զախարյանը և Բելառուսի Հանրապետության գույքի կոմիտեի նախագահ Գ.Կուզնեցովը: Նստաշրջանի ընթացքում քննարկվեցին բոլոր օրակարգային խնդիրները, մասնավորապես խորհրդի անդամները ներկայացրեցին իրենց երկրներում գեոդեզիայի և քարտեզագրության ծառայությունների կողմից իրականացված աշխատանքները, լսեցին և հավանություն տվեցին նոր խմբագրությամբ ներկայացված Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի մասին հիմնադրույթները: Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների փոխհամագործակցության` 1992 թվականի հոկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության հավելվածի նախագիծը սահմանված կարգով ներկայացվելու է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների Խորհրդի քննարկմանը:
  Օրակարգում էր նաև տարածական տվյալների ենթակառուցվածքի, նավիգացիայի և աշխարհագրական անվանումների աշխատանքային խմբերի գործունեության արդյունքների ամփոփումը: Հայկական պատվիրակության առաջարկությամբ Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական 31-րդ նստաշրջանը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում:
Նույն ժամանակահատվածում կայացավ նաև ԱՊՀ և Բալթյան երկրների համաժողովը` «Կադաստրի վարման և իրավունքների պետական գրանցման համակարգեր` ստեղծում, զարգացում և կատարելագործում» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին պատվիրակություններ վերը նշված ԱՊՀ և մի շարք բալթյան երկրներից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից:
   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված միջոցառումները տեղի էին ունենում զուգահեռ, հայկական կողմը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց կոմիտեի առաջնահերթ լուծելի` կադաստրի վարման ընթացակարգերի ավտոմատացման, երկրատեղեկատվական համակարգի, նավիգացիայի ինչպես նաև տարածական տվյալների ենթակառուցվածքի հետ կապված խնդիրների քննարկմանը:
  Համաժողովի ընթացքում քննարկումներ են ծավալվել մի շարք երկրների կադաստրի վարման լիազոր մարմինների հետ երկկողմ համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես հնարավոր համագործակցության մասին քննարկումներ եղան Նիդերլանդների, Ֆինլանդիայի համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ: Կողմերը համաձայնեցին տեղեկատվության և փորձի փոխանակման կարևորության հարցում և պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի վարման և գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման բնագավառներում :
  Համաժողովի ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության Պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:


ՀՀ ԱԳԿՊԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին