Դեպի վեր
Նորություններ

24.12.2010

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահն ամփոփեց անցնող տարին


Դեկտեմբերի 24-ին կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում տեղի ունեցավ կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ասուլիսի ընթացքում պարոն Զախարյանն ամփոփեց 2010 թվականի ընթացքում կոմիտեի աշխատակազմի գործունեության արդյունքները, կատարված աշխատանքները: Հանդիպման ընթացքում կոմիտեի նախագահը անդրադարձավ նաև 2011 թվականին կոմիտեի կողմից իրականացվելիք ծրագրերին: Ստորև ներկայացնում ենք նախորդ տարում կատարված և 2011-ին կատարվելիք այն աշխատանքները, որոնց անդրադարձավ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը:

     Կոմիտեն 2010թ. ընթացքում ամբողջությամբ ապահովել է «ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը: ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված 2010թ. բյուջետային հատկացումների հաշվին կոմիտեի ղեկավարությամբ իրականացվել է 8 ծրագրային աշխատանք:

    Նշված ծրագրերից անհրաժեշտ է առանձնացնել որպես գերակա խնդիր ճանաչված 2011-2013թթ. գույքահարկի և հողի հարկի հարկման բազաների ձևավորման աշխատանքները, որը` չնայած իր աշխատատարությանն ու մեծ ծավալին, հնարավոր եղավ սահմանված ժամկետում ապահովել կատարումը, որի ընթացքում գնահատվեց հանրապետության շուրջ 1.728.010 միավոր (574.730 հա) հողեր, այդ թվում Երևան քաղաքում՝ 62.851 միավոր (8.592հա) հողեր և 950.574 միավոր շենքեր շինություններ, որից Երևան քաղաքում՝ 331.497 միավոր և դրանց վերաբերյալ թարմացված տվյալները սույն թվականի օգոստոսի 1-ին (հողի հարկի) և սեպտեմբերի 1-ին (գույքահարկի) հանձնվեցին ՀՀ համայնքներին: Նախորդ մասսայական գնահատության՝ 2007 թվականի հուլիսի մեկի համեմատությամբ հողի հարկի բազան համալրվել է 62.624 միավորով (23.015հա), իսկ գույքահարկի բազան՝ 56.891 միավորով (շենք շինություններով):

  • Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում

Աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 160.000 միավոր անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահամանափակումների պետական գրանցում, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է գրեթե 14 տոկոսով, և շարժական գույքի գրավի ու լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի շուրջ 850 միավորի պետական գրանցում:

2010թ. նախատեսված 146 համայնքների փոխարեն ամբողջությամբ ավարտվել են 160 համայնքների կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվացման աշխատանքները, տեսաներածվել են ավելի քան 8.150.000 փաստաթուղթ: Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:

  • Անշարժ գույքի շուկա

2010թ. անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների քանակը՝ շուրջ 160.000 միավոր, 2009թ. համեմատ աճել է շուրջ 14 տոկոսով, այդ թվում Երևանում՝ շուրջ 5 տոկոսով, իսկ մարզերում՝ շուրջ 20 տոկոսով:

Նախորդ տարիների համեմատությամբ 2010թ. փոփոխվել է անշարժ գույքի շուկայի ակտիվության աշխարհագրությունը, տարեցտարի՝ Երևան քաղաքի համեմատությամբ, առավել մեծ քանակի անշարժ գույքի գործարքներ են արձանագրվում մարզերում:

  • Հողաշինարարություն

ՀՀ Արմավիրի մարզի համայնքների վարչական սահմանների ամրացման ծրագրի իրականացման շրջանակներում կատարվել են 97 համայնքների տեխնիկական նախագծերի կազմման, 73 համայնքների կադաստրային, տեղագրական և վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրման, դրա արդյունքում առաջացած անճշտությունների ուղղման աշխատանքներ:

  • Գեոդեզիա և քարտեզագրություն

Կատարվել են ՀՀ սահմաններից դուրս գտնվող տարածքների պետական մասշտաբային շարքի 47 թերթ տեղագրական թվային քարտեզների ստեղծման աշխատանքներ, տիեզերալուսանկարահանման նյութերի հիման վրա շարունակվել են տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները, աշխարհի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուի ստեղծման նպատակով հավաքագրվել են ՀՀ սահմաններից դուրս գտնվող մոտ 11.500 աշխարհագրական օբյեկտների անվանումներ:

  • Միջազգային համագործակցություն

Կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային մի շարք կոնֆերասների և սեմինարների, ուսումնասիրել են մի շարք երկրների առաջավոր փորձը կադաստրի համակարգի ավտոմատացման բնագավառում, որի հիման վրա մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է կադաստրի համակարգի բարեփոխումների հայեցկարգն ու իրականացվող աշխատանքների ժամանակացույցը: Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարարության հետ կնքվել է դրամաշնորհային պայմանագիր «Անշարժ գույքի արդյունավետ գրանցման և քարտեզագրման ծառայությունները Հայաստանում» ծրագրի ֆինանսավորման նպատակով:

  • Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի աշխատանքներ
Ձեռնարկված միջոցների արդյունքում ապահովվել է «Կադաստրի տեղեկագիր» ամսագրի պարբերական հրատարակում, կոմիտեի կայքէջ նյութերի մշտական թարմացումը: Կայքում զետեղվել են համակարգին վերաբերող բոլոր օրենսդրական ու նորմատիվ ակտերի նախագծերը և կատարված աշխատանքների մոնիտորինգի և ամփոփումների վերաբերյալ տվյալները: 
  • Դիմում-բողոքների ամփոփումներ

Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների կողմից յուրաքանչյուր երկուշաբթի իրականացվել է քաղաքացիների ընդունելություն, ապահովվել է երկու հեռախոսահամարով թեժ գծի մշտական գործունեություն, դրա արդյունքում ստացված դիմումները, ինչպես նաև ընդունելության ընթացքում բարձրացված հարցերը ամփոփվել և քննարկումներ են կազմակերպվել կոմիտեի նախագահի մոտ, որի արդյունքում համապատասխան միջոցներ են ձեռնարկվել:

  • Օրենսդրություն

Կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ Ազգային ժողովի ու կառավարության քննարկմանն է ներկայացվել 20 նորմատիվ իրավական ակտ: Դրանցից հարկ է նշել «Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունումը, որով տվյալ օրենքի գործողությունը բացի Երևան քաղաքից տարածվեց նաև ՀՀ մնացած բոլոր համայնքների վրա, իսկ «Վարչատարածքւսյին բաժանման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերը ներառվեցին համայնքների վարչական տարածքների սահմաններում: Բացի այդ, ՀՀ կառավարության 31.12.1998թ. թիվ 867 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելով՝ վերացվեց իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման համար սահմանված վեցամսյա ժամկետի սահամանափակումը:

    2010թ. ընթացքում նվազել է աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից տրված մերժումների հիման վրա դատարանների կողմից կայացված վճիռների քանակը՝ բավարարված հայցերով 248 վճիռներից ընդամենը 70-ն է կայացվել տարածքային ստորաբաժանումների մերժումների հիման վրա, ընդ որում, այդ մերժումներից միայն 26-ն են տրվել 2010թ. ընթացքում, մնացածը տրվել են նախորդ տարիներին:

  • 2010թ. իրականացվել են կոմիտեի աշխատակազմի ընդհանուր թվով 14 տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչական տարածքի վերանորոգման աշխատանքներ:
  • 2011 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրեր 

ՀՀ կառավարության 2011թ. գործունեության ծրագրի կատարումն ապահովող կադաստրի պետական կոմիտեի միջոցառումների շարքում ընդգրկված են նաև հետևյալ 3 գերակա խնդիրները՝

  1. Նորվեգիայի թագավորության կադաստրի և քարտեզագրության գերատեսչության հետ կնքված պայմանագրի իրականացման շրջանակներում «Անշարժ գույքի արդյունավետ գրանցում և քարտեզագրման ծառայություններ Հայաստանի համար» ծրագրի ներդրում,
  2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացում,
  3. Կադաստրի պետական կոմիտեի միջոցների հաշվին ՀՀ Վայոց Ձորի մարզի համայնքների սահմանների ամրացման աշխատանքների իրականացում:

Նշված գերակա խնդիրներից պետք է առանձնացնել առաջին երկուսը, որոնց ապահովման պայմաններում համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունքում կստեղծվի կադաստրային տվյալների միասնական էլեկտրոնային բազա և կիրականացվի կոմիտեի կոորպորատիվ ցանցի տրամաբանական միացում այն բոլոր ցանցերին, որոնք օգտվում են և որոնց տվյալները անհրաժեշտ են անշարժ գույքի ռեեստրի վարման համար, կիրականացվի անշարժ գույքի չափագրման աշխատանքների մասնակի մասնավորեցում, Երևան քաղաքում, այնուհետև՝ ամբողջ համակարգում, կիրականացվի տարածքային ստորաբաժանումների քանակի օպտիմալացում, կստեղծվեն նոր տիպի սպասարկման գրասենյակներ, կներդրվի անշարժ գույքի կադաստրի տվյալների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմումների առցանց՝ կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով ներկայացման, այդ թվում՝ նաև էլեկտրոնային վճարման համակարգի ներդրում, ինչպես նաև կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվի նյութերի ինտերնետ համացանցի միջոցով՝ առցանց դիտարկման և փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ներբեռնման համակարգի ներդրում:

    Այս ամենը միտված է կադաստրի համակարգի գործառույթների իրականացման առավել ավտոմատացման, թափանցիկության, քաղաքացի-գրանցման ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ կապի բացառման, վերահսկելիության և վերջին հաշվով կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ապահովմանը: