Դեպի վեր
Նորություններ

24.01.2011

Կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցները նվաճեցին «Բրեյն-Ռինգի» ՀՀ վարչապետի գավաթը


   ՀՀ նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների 24 թիմեր երեկ մրցեցին «Բրեյն-Ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթի» համար: Գավաթն առաջին անգամ խաղարկվել էր 2010 թվականին, և հաղթող էր ճանաչվել Ֆինանսների նախարարությունը, որի թիմն այս տարի բավարարվեց 4-րդ տեղով` հաղթողի գավաթը փոխանցելով ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմին: Վերջիններս եզրափակչում համառ պայքարում 4:3 հաշվով հաղթանակ տարան Պետական գույքի կառավարման վարչության թիմի հանդեպ: Երրորդ տեղում Արտակարգ իրավիճակների նախարարության թիմն էր: Բացի համապատասխան գավաթներից, հաղթող թիմերը որպես նվեր ստացան գրքեր:

   «Անցյալ տարի հաղթեց Ֆինանսների նախարարության թիմը, և ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու հուսադրեց: Այս տարի հաղթեց Անշարժ գույքի կադաստրի թիմը: ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրը տարեվերջին մի շատ կարևոր նախագիծ էր ներկայացրել, որով նախատեսվում է այս տարվա ընթացքում թվայնացնել բոլոր քարտեզները, տեղեկագրերը, սեփականության վկայականները: Այսօր համոզվեցինք, որ կադաստրում կան բավարար քանակով ինտելեկտուալ կադրեր, որպեսզի հաջողությամբ իրականացնեն այս ծրագիրը` հեշտացնելով մեր հազարավոր քաղաքացիների կյանքը»,- ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` գավաթը հանձնելով հաղթողներին:

  «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը կազմակերպել էին «Գիտակների հայկական ասոցիացիա» և «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: