Դեպի վեր
Նորություններ

08.04.2011

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին


  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 2011թվականի ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված որոշումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. նոյեմբերի 11-ին հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի բարեփոխումների իրականացման հայեցակարգը հաստատելու մասին» արձանագրային որոշմամբ հաստատված հայեցակարգի ծրագիր-ժամանակացույցի 1-ին կետի պահանջներից:

    Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6- րդ կետի պահանջների համաձայն՝ ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա րնդունված այլ իրավական ակտերով, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 07.04.05թ. «Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» թիվ 719-Ն որոշմամբ: Գործող խմբագրությամբ որոշումը սահմանափակում է քաղաքային բնակավայրերում քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերին կից ինքնակամ զբաղեցված հողամասերի /այդ թվում նաև կառուցապատ հողամասերի/ առկայությամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հնարավորությունը, ինչը, ըստ էության, հակասում է ոլորտի իրավական կարգավորման րնդհանուր տրամաբանությանը: Նման սահմանափակման հետևանքով քաղաքացիաիրավական շրջանառությունից դուրս են մնում քաղաքային բնակավայրերում արդեն իսկ ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ բազմաթիվ գույքային միավորներ, ինչը խոչընդոտում է գույքի սեփականատերերի կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող օրինական անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ազատ իրականացմանը, ինչպես նաև հնարավորություն չի տալիս նման գույքը գույքահարկի բազայում ներառելու և այն, որպես հիփոթեքի առարկա, օգտագործելու կամ այլ կերպ տնօրինելու համար:

    ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 731-Ն որոշմամբ սահմանված է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա իրականացված ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համապատասխան համայնքների՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետով ճանաչված սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը: Ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցումը պարտադիր նախապայման է հանդիսանում նման կառույցների հետագա տնօրինման հարցը լուծելու համար: Մինչդեռ ՀՀ կառավարության 07.04.05թ. N 719-Ն որոշման 2-րդ կետով սահմանվում է, որ ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված հողամասերը և դրանց վրա ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները ենթակա չեն պետական գրանցման, ինչը ներկայումս հակասություն է առաջացնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետով, ինչպես նաև ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 731-Ն որոշմամբ սահմանված դրույթներին:

      Ընդունված որոշման կիրառման արդյունքում՝

  1. քաղաքային բնակավայրերում օրինական հողամասերին կից՝ ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ բազմաթիվ գույքային միավորներ կրնդգրկվեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ.
  2. Կվերացվեն քաղաքային և գյուղական բնակավայրերում՝ օրինական հողամասերին կից ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման իրավական կարգավորման առկա տարբերակված մոտեցումները.
  3. Կվերացվեն ՀՀ կառավարության 07.04.2005թ. N 719-Ն որոշման 2-րդ կետով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետով, ինչպես նաև ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 731-Ն որոշմամբ սահմանված դրույթների միջև առկա հակասությունները: