Դեպի վեր
Նորություններ

29.04.2011

Անշարժ գույքի չափագրման և (կամ) տեղազննության աշխատանքների իրականացման նոր առանձնահատկություններ


    ՀՀ նախագահի հանձնարարությամբ հանրապետության անշարժ գույքի կադաստրի համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու նպատակով համակարգի կողմից մշակվեց և ՀՀ կառավարության 2010 թ. նոյեմբերի 11-ի նիստի N 44 արձանագրային որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման հայեցակարգը` կից ծրագիր-ժամանակացույցով, որի հիման վրա անշարժ գույքի կադաստրի համակարգում արդեն իսկ ընթանում են համալիր բարեփոխումներ, որոնց հիմնական նպատակն է համակարգի կողմից իրականացվող գործառույթների պարզեցումը, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, այդ գործառույթների իրականացման ընթացքում ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների և կոռուցպիոն ռիսկերի բացառումը և համակարգի գործունեությունը հանրության համար առավել թափանցիկ և մատչելի դարձնելը, որի արդյունքում պետք է մեծանա նաև համակարգի նկատմամբ հանրային վստահության մակարդակը:

    Բարեփոխումների հայեցակարգից բխող գրեթե բոլոր միջոցառումների ուղղությամբ համակարգում արդեն բավականին մեծ աշխատանքներ են կատարվել, ընդ որում, այսօր արդեն հաջողվել է լուծում տալ այնպիսի կարևոր խնդիրների, ինչպիսիք են քաղաքային բնակավայրերում ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սահմանափակման վերացմանը, որը իրականացվեց ՀՀ կառավարության սույն թվականի ապրիլի 7-ի N 359-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 719-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով: Նշված փոփոխությունը ուժի մեջ կմտնի սույն թվականի ապրիլի 30-ից: Դրան համապատասխան փոփոխություն է կատարվել նաև որոշման կիրարկումն ապահովող հրահանգում, ուստի կարելի է փաստել, որ ապրիլի 30-ից որևէ ինքնակամ կառույցի կամ ինքնակամ զբաղեցված հողամասի առկայությունը այլևս չի կարող խոչընդոտ հանդիսանալ օրինական գույքի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքային իրավունքների պետական գրանցմանը:

    Հայեցակարգային մյուս միջոցառումների ուղղությամբ ևս լուրջ աշխատանքներ են կատարվում, որոնց ընթացքը արդեն իսկ վկայում է, որ դրանցից մի քանիսը հնարավոր կլինի ավարտել նույնիսկ նախանշված ժամկետներից շուտ: Մասնավորապես՝ բավականին ակտիվ են ընթանում կադասարային տվյալների միասնական էլեկտրոնային բազայի ստեղծման աշխատանքները, մշակվել է և առաջիկայում ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հաշվի առնելով նախագծով նախատեսվող փոփոխությունների մեծ ծավալը, կարելի է փաստել, որ այն ըստ էության ամբողջությամբ նոր օրենք է, որը, հայեցակարգային մոտեցումներին համապատասխան, սահմանում է համակարգում հետագա բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքեր: Նորվեգական կառավարության ֆինանսական աջակցությամբ արդեն իսկ սկսվել են անշարժ գույքի կադաստրի ավտոմատացված համակարգի ստեղծման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել նախանշված ժամկետներում՝ համակարգը վերջնական շահագործման մեջ դնելով 2012 թվականի սկգբին:

   ՀՀ կառավարության նշված արձանագրային որոշմամբ հաստատված բարեփոխումների հայեցակարգի ծրագիր-ժամանակացույցի 7-րդ կետով նախատեսված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ընթացքում անշարժ գույքի չափագրման և /կամ/ տեղազննության աշխատանքների իրականացման առանձնահատկությունների մասին» հրահանգի րնդունում, որը, ըստ ժամանացույցի պետք է ընդունվեր 2011 թվականի նոյեմբեր ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն հաշվի առնելով համակարգում բարեփոխումների իրականացման ընդհանուր միտումները, կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունում քննարկման արդյունքում, ՀՀ վարչապետի համաձայնությամբ որոշվեց նշված միջոցառումը ևս իրականացնել սահմանված ժամկետից շուտ, որի նպատակով էլ 2011թ. ապրիլի 28-ին Կոմիտեի նախագահի հրամանով սահմանվեց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ընթացքում անշարժ գույքի չափագրման և/կամ/ տեղազննության աշխատանքների իրականացման նոր առանձնահատկություններ: Այս փոփոխությունը միտված է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման պարզեցմանը, որի արդյունքում հողամասերի և շենք, շինությունների չափագրման կամ տեղազննության աշխատանքների իրականացման դեպքերը կհասցվեն այն անհրաժեշտ նվազագույնին, առանց որի հնարավոր չի լինի գույքային իրավունքների պետական գրանցման գործառույթի լիարժեք իրականացումը:

     Մասնավորապես, հրամանով վերացվել են պետական գրանցման նոր համակարգում, այսինքն՝ 1998թ. մարտի մեկից հետո պետական գրանցում ստացած անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվության տրամադրման կամ նման գույքի նկատմամբ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման ընթացքում անշարժ գույքի տեղազննության և չափագրման իրականացումը: Կադաստրի տարածքային մարմինների կողմից չի իրականացվի նաև հողամասերի չափագրում և չի գանձվի չափագրման գումարներ, այն դեպքերում, երբ պետական գրանցման համար ներկայացվում է հողհատկացման լիազոր մարմինների, այսինքն՝ համայնքների ղեկավարների կողմից հաստատված հողամասի հատակագիծր: Այլ կերպ ասած, եթե ներկայումս գործող կարգին համապատասխան, անշարժ գույքի յուրաքանչյուր պետական գրանցում իրականացնելիս կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման աշխատակիցը պետք է այցելի և տեղում ուսումնասիրի անշարժ գույքի փաստացի վիճակը՝ դրա հնարավոր փոփոխությունները արձանագրելու նպատակով, ապա սույն հրամանր ուժի մեջ մտնելուց հետո նման այցելություններ կիրականացվեն միայն այն դեպքերում, երբ գույքը աոաջին անգամ է գրանցվում կամ եթե գրանցված գույքի սեփականատիրոջ կողմից ներկայացվի դիմում՝ անշարժ գույքի հետ կատարված փոփոխությունների պետական գրանցում իրականացնելու համար:

      Այս միջոցառումը ևս մեկ քայլ է կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և քաղաքացիների միջև անմիջական շփումը նվազեցնելու ուղղությամբ, քանզի, եթե հաշվի առնենք, որ տարեկան պետական գրանցումների շուրջ 60 տոկոսը կազմում են անշարժ գույքի օտարման, գրավադրման և վարձակալության գործարքները, որոնց դեպքում վերացվում է տեղազննության կամ չափագրման աշխատանքների իրականացման պահանջը, ուստի կարելի է փաստել, որ այսուհետև էապես նվազեցվելու է նաև գործառույթը իրականացող պաշտոնյա-դիմող քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտությունը, հետևապես՝ նաև կոռուպցիոն ռիսկերը: