Դեպի վեր
Նորություններ

03.02.2012

Կոմիտեի նախագահը ամփոփեց 2011 թվականը: Անդրադարձ եղավ 2012-ին կատարվելիք աշխատանքներին ու ծրագրերին


    Փետրվարի 3-ին ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Կոմիտեի նախագահը լրագրողներին հանգամանալից ներկայացրեց 2011թվականին կադաստրի համակարգում կատարված փոփոխությունները, անդրադարձավ 2012 թվականին կատարվելիք աշխատանքներին ու  հետագա անելիքներին:

   Պարոն Զախարյանը նշեց, որ ամբողջ 2011 թվականի ընթացքում անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացվել են համալիր, արմատական բարեփոխումներ, որոնք միտված են համակարգի թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը, հետևաբար և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

   Կոմիտեի նախագահը նկատեց, որ միաժամանակ կոմիտեն ամբողջությամբ ապահովել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կադաստրի համակարգին առընչվող միջոցառումների ծրագրի իրականացումը: Նշված միջոցառումներից պարոն Զախարյանը որպես գերակա խնդիր առանձնացրեց ՀՀ կառավարությանն առըթներ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Նորվեգիայի թագավորության կադաստրի և քարտեզագրության գերատեսչության (Ստատենս Կարտվերկ) միջև կնքված պայմանագրի հիման վրա իրականացվող «Անշարժ գույքի արդյունավետ գրանցում և քարտեզագրման ծառայություններ Հայաստանի համար» ծրագիրը :

  Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման համար 2011թ. նախատեսված 3.238,0 մլն դրամի դիմաց հավաքագրված գումարի չափը կազմել է 3.334,6 մլն դրամ: Եկամուտների և ծախսերի՝ ՀՀ պետական բյուջե փոխանցվող դրական տարբերությունը կազմել է 297.7 մլն դրամ:

  Պարոն Զախարյանը նկատեց նաև, որ կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներով 2011թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 187.965 գործարք, որոնց քանակը 2010 թվականի համեմատ աճել է 8.0 տոկոսով: Գործարքների քանակական աճին զուգահեռ աճել են նաև անշարժ գույքի շուկան առավել բնութագրող օտարման և գրավադրման գործարքները, իսկ անշարժ գույքի վարձակալության գործարքները նվազել են:

  ՀՀ Վայոց Ձորի մարզի համայնքների վարչական սահմանների ամրացման ծրագրի իրականացման շրջանակներում կատարվել են 44 համայնքների տեխնիկական նախագծերի կազմման, համայնքների կադաստրային, տեղագրական և վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրման, դրա արդյունքում առաջացած անճշտությունների ուղղման աշխատանքներ« համայնքների վարչական սահմանների փոխադրում բնության մեջ:

  ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում, ինչպես նկատեց պարոն Զախարյանը, դեռևս 2011թ. հունվար ամսին իրականացված օրենսդրական փոփոխությունների հիման վրա նախկինում լիցենզավորման ենթակա տեղագրական քարտեզագրման ու հողաշինարարական աշխատանքների իրականացման և ռիելթորական գործունեությունները հանվեցին լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկից, իսկ կոմիտեի նախաձեռնությամբ մի շարք օրենքներում կատարված փոփոխությունների արդյունքում վերը նշված գործունեությունների ցանկից հանվեց նաև անշարժ գույքի գնահատման գործունեությունը՝ վերջինս թողնելով որպես որակավորման ենթակա գործունեություն: Միաժամանակ, իրականացված բարեփոխումների և հաշվառման գործունեության մասնավորեցման արդյունքում որակավորման ենթակա գործունեության տեսակ ճանաչվեց նաև քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի) և հողաշինարարի գործունեությունը:

  Ասուլիսի ընթացքում կոմիտեի նախագահը հավելեց նաև, որ 2011 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ Ազգային ժողովի ու կառավարության քննարկմանը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման են ներկայացվել շուրջ 100 նորմատիվ իրավական ակտեր, որոնցից կոմիտեի նախագահը առանձնացրեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը նոր շարադրությամբ ներկայացնելը, որով օրենսդրական հիմնավորում տրվեց համակարգի բարեփոխումներին:

  Անդրադառնալով համակարգում կատարված և դեռ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներին ՝ կոմիտեի նախագահը նկատեց, որ համակարգի զարգացմանը խոչընդոտող գործոնների վերացման, արդիական՝ զարգացող տեղեկատվական հասարակության նորանոր պահանջները բավարարելու ունակ համակարգ ձևավորելու համար անհրաժեշտ էր իրականացնել արմատական, համալիր բարեփոխումներ, որոնք պետք է ապահովեին իրական ժամանակում համակարգի բոլոր ստորաբաժանումների միջև տվյալների փոխանակման, անշարժ գույքի կադաստրի կենտրոնացված էլեկտրոնային վարման հնարավորություն, որի պարագայում անշարժ գույքի կադաստրի ծառայությունները հնարավոր կլիներ հասանելի դարձնել հասարակությանը նաև էլեկտրոնային համակարգի կիրառմամբ՝ առցանց դիմելու միջոցով: Պարոն Զախարյանը որպես կարևորագույն խնդիր առանձնացրեց նաև մատուցվող ծառայությունների սպասարկման որակի բարձրացումը, ինչի համար մեծ նշանակություն ունի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ու տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման մասին դիմումների՝ ըստ գույքի գտնվելու վայրի, ներկայացման պահանջի վերացումը, ինչպես նաև համակարգի ծառայություններից օգտվելու համար դիմողներին սպասարկելու նպատակով հատուկ մասնագիտացված կառույցների՝ սպասարկման գրասենյակների, ստեղծումը: Վերջինս, բանախոսի հավաստմամբ, ոչ միայն պետք է նպաստի սպասարկման որակի բարձրացմանը, այլև զգալիորեն նվազեցնի կոռուպցիոն ռիսկերի առաջացման վտանգը՝ բացառելով գործառույթների իրականացման համար դիմողների և բուն գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց անմիջական շփման հնարավորությունը, քանի որ սպասրկման գրասենյակները թե' իրենց տեղակայման վայրով, և թե' ենթակայությամբ առանձնացված են իրավունքի պետական գրանցում և տեղեկատվության տրամադրում իրականացնող տարածքային մարմիններից:

   ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահը անդրադարձավ նաև համակարգում առկա աշխատանքային և նյութատեխնիկական ռեսուրսների օգտագործման օպտիմալացման խնդրրին՝ նշելով, որ եթե նախկինում Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմն ուներ 50 առանձնացված (տարածքային) ստորաբաժանումներ, որոնցից 9-ը գտնվում էին Երևան քաղաքում, իսկ մնացածները՝ հանրապետության նախկին շրջկենտրոններում :

  Նախկին տարածքային ստորաբաժանումների տեղակայման վայրերում սպասարկման գրասենյակների ստեղծմամբ և դրանց ու մարզկենտրոններում ստեղծված մեկական տարածքային ստորաբաժանումների (նաև Երևանում մեկ ստորաբաժանման) միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրմամբ, ինչպես նաև անշարժ գույքի չափագրման իրականացումը ամբողջությամբ մասնավոր հատվածին վերապահելով, մի կողմից հնարավորություն ընձեռվեց օպտիմացնել տարածքային ստորաբաժանումների քանակը, մյուս կողմից՝ դիմողներին հնարավորություն տրվեց իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման դիմումները ներկայացնել և փաստաթղթերը ստանալ իրենց ընտրությամբ՝ կադաստրի համակարգի ցանկացած սպասարկման գրասենյակում (և նույնիսկ առանց սպասարկման գրասենյակ ներկայանալու էլեկտրոնային փոստով)` անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից և, երրորդ՝ անշարժ գույքի իրավունքների գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման համար գույքի պարտադիր չափագրման (տեղազննման) անհրաժեշտությունը սահմանափակվեց՝ այն թողնելով միայն նոր գույքի առաջացման, գրանցված գույքը փոփոխությունների ենթարկելու ու դիմողի պահանջի դեպքերում, ինչպես նաև դիմողներին այս ոլորտում նույնպես ընտրության հնարավորություն ապահովվեց և վերջապես՝ վերացնելով պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման բուն գործառույթն իրականացնող կադաստրի համակարգի պաշտոնատար անձանց ու կադաստրի ծառայություններից օգտվող քաղաքացիների անմիջական շփման անհրաժեշտությունը, համակարգում զգալիորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերի առաջացման վտանգը:

  Ընթացող բարեփոխումների արդյունքում սկզբունքորեն նոր մոտեցում ձևավորվեց նաև անշարժ գույքի նկատմամբ գործարքների իրավական ձևակերպման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում, մասնավորապես՝ վերացվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը (բացառությամբ միակողմ գործարքների) և այդ մասով ներմուծվեց կադաստրի համակարգի կողմից ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքման ինստիտուտ, որը ներկայումս կիրառվում է Երևան քաղաքում, ընդ որում, նշված կարգով գործարքների կնքումը կադաստրի համակարգում իրականացվում է անվճար:

  Կոմիտեի նախագահը նկատեց, որ 2011 թվականի ընթացքում ամբողջությամբ ավարտվել է նաև փաստաթղթերի թվայնացման և արխիվացման ուղղությամբ տարվող աշխատանքների հիմնական փուլը և ներկայումս այդ աշխատանքները տարվում են ընթացիկ, ինչպես նաև գույքային միավորների վերաբերյալ բացակա կամ լրացուցիչ տվյալների մասին փաստաթղթերի թվայնացման ու արխիվացման ուղղությամբ:

  Բարեփոխումների շրջանակներում կատարվել են նաև առկա վարչական շենքերի հիմնանորոգման և վարձակալած տարածքների վերանորոգման աշխատանքներ, կազմավորված ստորաբաժանումներն ու գրասենյակները համալրվել են կահույքով և նոր պահանջներին համապատասխան անհրաժեշտ սարքավորումներով:

   Ամփոփելով վերը նշվածը, պարոն Զախարյանը փաստեց, որ 2011 թվականին ավարտվեց կադաստրի համակարգում իրականացվող արմատական, համալիր բարեփոխումների նախապատրաստական փուլը և 2012թ. հունվարից սկիզբ դրվեց դրանց ներդրմանը:

  Այդ ընթացքում մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով պարբերաբար լուսաբանվել և բնակչությանն իրազեկվել են կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումներին վերաբերող գործառույթները, առանձին նորմատիվ իրավական ակտերը, անցկացվող միջոցառումները:

  Բացի բարեփոխումների ներդրումից, կոմիտեի նախագահը հավելեց, որ ներկայումս միջոցներ են ձեռնարկվում ՀՀ կառավարության 2012թ. գործունեության ծրագրի կադաստրի պետական կոմիտեի միջոցառումների կատարումն ապահովելու ուղղությամբ: Հանդիպման վերջում պարոն Զախարյանը դիմեց քաղաքացիներին՝ խնդրելով վերջիններիս ներողամտությունը, երբ լինում են որոշակի ուշացումներ: Կոմիտեի նախագահը հավաստեց, որ դրանք անցողիկ են և կարճ ժամանակում կշտկվեն: