Դեպի վեր
Նորություններ

06.03.2012

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 6-ին այցելեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակ և Երևանի տարածքային ստորաբաժանում:


         Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 6-ին այցելեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակ և Երևանի տարածքային ստորաբաժանում: Վարչապետը ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի ուղեկցությամբ ծանոթացավ համակարգում իրականացված համալիր բարեփոխումներին:

        Վարչապետին ներկայացվեց, որ անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացվել են համալիր բարեփոխումներ, որոնք միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը` հետևաբար և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

        Այդ նպատակով կադաստրի համակարգում արդեն իսկ բավականին ծավալուն աշխատանքներ են իրականացվել, որոնց արդյունքում 2012 թվականի հունվարի 1-ից`կադաստրի համակարգում գործում են նոր կառուցվածքային միավորներ` սպասարկման գրասենյակներ, որոնք ապահովում են քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ և այլ) տրամադրումը քաղաքացիներին: Հունվարի 1-ից վերացվել է դիմումները կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններին ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացնելու անհրաժեշտությունը: էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք այսուհետ հնարավորություն ունեն դիմումները կադաստր վարող մարմին ներկայացնել առանց անձամբ այցելելու` կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով` առցանց: Համակարգի գործառույթներից օգտվելու համար դիմումներ ներկայացրած քաղաքացիներին տրամադրվում է դիմումի մուտքագրման համար (բանալի), որի օգնությամբ քաղաքացիները հնարավորություն ունեն կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով հետևել իրենց դիմումի քննարկման ընթացքին: Ամբողջությամբ մասնավորեցվել է անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը, այսինքն` պետական գրանցման նպատակով անշարժ գույքի չափագրման աշխատանքները իրականացվում են բացառապես մասնավոր հատվածի` համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից: Վերացվել է նաև անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը, որի այլընտրանքն է հանդիսանում ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքումը կադաստրի համակարգում: