Դեպի վեր
Նորություններ

05.11.2012

Կադաստրի պետական կոմիտեի նախագահը այցելել է մարզային ստորաբաժանումներ և սպասարկման գրասենյակներ


  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը մարզային աշխատանքները համակարգող կոմիտեի նախագահի տեղակալների հետ  այցելություններ է ունեցել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի բոլոր մարզային   ստորաբաժանումներ և սպասարկման գրասենյակներ:

Կոմիտեի նախագահի մարզային հանդիպումների նպատակն էր  տեղում ծանոթանալ անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացված համալիր բարեփոխումների արդյունքներին, գնահատել կատարված աշխատանքները: Կազմակերպված հանդիպումները մեկ անգամ ևս փաստեցին, որ  սույն թվականի հունվարի 1-ից գործարկված բարեփոխումները համակարգում արձանագրել են շոշափելի ձեռքբերումներ:

   Մարզային այցելությունների ընթացքում մեկ անգամ ևս արձանագրվեց, որ  կատարված բարեփոխումների հիմնական նպատակը, այն է` վարչարարության պարզեցում և  պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառում, արդեն կայացած իրողություն է:

  Հանդիպումներ ունենալով մարզային ստորաբաժանումների և սպասարկման գրասենյակների ղեկավարների հետ` պարոն Զախարյանի կողմից տրվեցին մարզերում համակարգի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելուն միտված հանձարարականներ:

Կոմիտեի նախագահը կարևորեց նաև քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու  անհրաժեշտությունը` նկատելով, որ այդ խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարության անմիջական վերահսկողության ներքո: