Դեպի վեր
Նորություններ

21.11.2012

Երկու մրցանակ Թբիլիսիից


     ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվիրակությունը սույն թվականի նոյեմբերի 15-17-ը մասնակցեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած 5-րդ ամենամյա տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI-2012): Մոտ 50 ներկայացուցչից բաղկացած հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի 20-ից ավելի կազմակերպություններ, պետական մարմիններ և երիտասարդական նախաձեռնություններ:

Միջոցառման կազմակերպիչներն էին Վրաստանի արդարադատության նախարարությունը, Վրաստանի ՏՀՏ գործարար խորհուրդը և Վրաստանի էլեկտրոնային կառավարության զագացման պետական հանձնաժողովը:

 Հիշյալ միջոցառումը միտված է ստեղծելու և խթանելու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի երկրների պետական և մասնավոր հատվածների, ասոցիացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը, նպաստելու նորարարությանը և մրցունակությանը:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել էր համաժողով` նվիրված ՏՀՏ ոլորտի խնդիրներին, ինչպես նաև ցուցահանդես և մրցանակաբաշխություն տարբեր անվանակարգերում:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ներկայացավ կադաստրի վարման համակարգում տեղի ունեցած բարեփոխումների հիմքում դրված ՏՏ լուծումներով:

Կազմակերպված ցուցահանդեսին կադաստրի պետական կոմիտեն մասնակցեց առանձին տաղավարով, ուր ներկայացվեցին ARPIS համակարգը և վեբ-պորտալը/ինտերնետ-հարթակ/:

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի ներկայացված երկու հայտերը արժանացան մրցանակների` “Գործարար գործընթացները խթանող լավագույն ՏՏ նորարարական լուծում” և “Լավագույն առցանց ռեսուրս” անվանակարգերում:

Այցի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում ունեցան նաև Վրաստանի կադաստրի լիազոր մարմնի` Վրաստանի արդարադատության նախարարության Հանրային ռեգիստրի ազգային գործակալության ՏՏ ոլորտի պատասխանատուների և ծրագրավորողների հետ: Մեր պատվիրակությունը ծանոթացավ նաև վերջին երկու տարիներին Վրաստանի կադաստրի վարման ավտոմատացման բնագավառում իրականացված աշխատանքներին, ներկայացվեցին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում իրականացված բարեփոխումների հիմք ծառայած ՏՏ լուծումները:

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին