Դեպի վեր
Նորություններ

11.01.2013

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2012 թվականի գործունեության հաշվետվություն


     2012թ. հունվարի սկզբից Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի համակարգը սկսեց գործել բոլորովին նոր սկզբունքներով ու չափանիշներով. համակարգում գործում են սկզբունքորեն նոր կառուցվածքային միավորներ` սպասարկման գրասենյակներ, որով քաղաքացիների հետ համակարգի անմիջական շփումը իրականացնող մասնագիտացված տարածքային մարմինները թե´ իրենց տեղակայման վայրով, և թե´ ենթակայությամբ առանձնացվեցին իրավունքի պետական գրանցում ու տեղեկատվության տրամադրում իրականացնող տարածքային մարմիններից: Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի ներդրմամբ վերացվեց նաև դիմումները կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններ ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացնելու անհրաժեշտությունը: Քաղաքացիները հնարավորություն ստացան անշարժ գույքի գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմում ներկայացնել և պատասխանը ստանալ կադաստրի համակարգի` իրենց ընտրությամբ, ցանկացած սպասարկման գրասենյակ /և նույնիսկ առանց սպասարկման գրասենյակ ներկայանալու` էլեկտրոնային փոստով/: Դիմողներին տրամարդվում է դիմումի մուտքագրման <<բանալի>>, որի միջոցով նրանք հնարավորություն ունեն կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով հետևել իրենց դիմումի քննարկման ընթացքին: Անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթն իրականացվում է ոչ թե իրավունքի գրանցում ու տեղեկատվության տրամադրում իրականացնող միևնույն պետական մարմնի, այլ համապատասխան որակավորում ստացած բացառապես մասնավոր հատվածի մասնագետների կողմից: Ավելին` մասնավոր հատվածում շուկայական գների արհեստական ուռճացմանը խոչընդոտելու նպատակով զուգահեռաբար ապահովվել է <<Գեոդեզիա և քարտեզագրություն>> ՊՈԱԿ-ի կողմից նույն աշխատանքների առավել մատչելի, կայուն գներով իրականացում: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման և գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման համար գույքի պարտադիր չափագրման /տեղազննման/ անհրաժեշտությունը սահմանափակվեց` այն թողնելով միայն նոր գույքի առաջացման, գրանցված գույքը փոփոխությունների ենթարկելու ու դիմողի պահանջի դեպքերում, միաժամանակ դիմողներին այս ոլորտում նույնպես ընտրության հնարավորություն ապահովելով: Սկզբունքորեն նոր մոտեցում ձևավորվեց նաև անշարժ գույքի նկատմամբ գործարքների իրավական ձևակերպմնան հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում, մասնավորապես` վերացվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրեսնգրքով նախատեսված անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը /բացառությամբ միակողմ գործարքների/ և այդ մասով ներմուծվեց կադաստրի համակարգի կողմից ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքման ինստիտուտ, ընդ որում` նշված կարգով գործարքների կնքումը կադաստրի համակարգում իրականացվում է անվճար:

Արմատական բարեփոխումների լույսի ներքո առավել կարևորվեց էլեկտրոնային արխիվի նշանակությունը անշարժ գույքի կադաստրի վարման գործառույթներում, ներդրված պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման ավտոմատացված համակարգի պայմաններում էլեկտրոնային արխիվը ծառայում է ոչ միայն  կադաստրային փաստաթղթերի պահպանմանը, այլև դարձել է ամենօրյա աշխատանքի կարևորագույն գործիքներից մեկը, որի օգնությամբ է իրականացվում համակարգի ներքին էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, այսօր էլեկտրոնային արխիվի ստեղծումը իրականացվում է անմիջապես պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման ընթացքում, հանդիսանալով դրանց անբաժանելի մասը, իսկ կադաստրի կոմիտեի տարածքային մարմինների կողմից այդ գործառույթների իրականացման ընթացքում տրամադրվող բոլոր ավարտական փաստաթղթերը /գրանցման վկայականներ, տեղեկանքներ/ ի սկզբանե կազմվում են էլեկտրոնային եղանակով և հաստատման պահից ներառվում են էլեկտրոնային արխիվի կազմում: 2012 թվականի ընթացքում ամբողջությամբ ավարտվեց փաստաթղթերի թվայնացման և արխիվացման ուղղությամբ տարվող աշխատանքների հիմնական փուլը: Կատարված աշխատանքների ծավալների մասին պատկերացում կազմելու համար նշենք, որ ներկայումս կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվը պարունակում է 34,2 միլիոն փաստաթուղթ և դրանց 61,6միլիոն էջերի թվայնացված էլեկտրոնային պատճեններ: Արխիվի վնասումը կամ ոչնչացումը բացառելու նպատակով էլեկտրոնային արխիվը պահվում է 2 տարբեր վայրերում, որը ժամանակ առ ժամանակ թարմացվում է: Սկսել ենք նաև քարտեզագրման աշխատանքների ավտոմատացման և ընդհանուր էլեկտրոնային բազայի ձևավորման հետ կապված ծրագրերի իրականացմանն ուղղված միջոցառումները:

 Էապես պարզեցվել են պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայությունների համար գանձվող վճարները: Համակարգում ապահովվել է առաջնակարգ աշխատանքային միջավայր` հագեցված անհրաժեշտ տեխնիկայով, քաղաքացիների սպասարկման ժամանակակից պայմաններով:

Ակնհայտ է, որ օրենսդրական դաշտի փոփոխությունները, աշխատանքային միջավայրի ու պայմանների նշված բարելավումները, աշխատավարձի բարձրացումը ապահովում է համակարգի գործառույթների առավել թափանցիկություն, սպասարկման որակի բարձրացում և նվազագույն կոռուպցիոն ռիսկեր:

Կոմիտեն 2012թ. ընթացքում ամբողջությամբ ապահովել է <<ՀՀ կառավարության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը:

Աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից տարվա ընթացքում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների շուրջ 173.713 պետական գրանցում և շարժական գույքի գրավի ու լիզինգի պայամանգրերով վարձակալության իրավունքի շուրջ 574 միավորի գրանցում /2011թ. համապատասխանաբար` 191.767 (նվազել է 9.4%-ով) և 980 (նվազել է 41%-ով)/, սպասարկման գրասենյակներում ընդունվել է 332.636 դիմում, կողմերի ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվել է 7309 պայմանագիր, ներդրված էլեկտրոնային համակարգի միջոցով` առցանց ընդունվել է 1317 դիմում, տրամադրվել է 337.480 միավոր անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն:

          Վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավունքի պետական գրանցման համար տրված դիմումներով մերժումների քանակը կտրուկ նվազել է, իսկ տեղեկատվության տրամադրման համար տրված դիմումներով այն գրեթե վերացել է: Այսպես` եթե իրավունքի գրանցման ու տեղեկատվության տրամադրման համար տրված դիմումներով մերժումների քանակը 2008 թվականին կազմել է 35-40%, 2009-ին 25-30%, ապա` 2010-ին այն կազմել է 10%, 2011-ին` 7.9%, 2012-ին` արդեն 5.5%: Այսօր անհիմն մերժումներ գրեթե չեն լինում, հետևաբար` վերացել է քաղաքացիների կողմից կրկնակի դիմելու անհրաժեշտությունը, ավելին` այն հանգեցրել է նաև վեճերը դատական կարգով լուծելու անհրաժեշտության կտրուկ նվազեցմանը`  2008 թվականի համեմատությամբ 2012 թվականին տրված մերժումների հիման վրա կայացված վճիռների քանակը նվազել է շուրջ 5 անգամ: Պատկերը ըստ տարիների, հետևյալն է. 2008թ. տրված մերժումների հիման վրա կայացված վճիռների քանակը կազմել է 122, 2009թ.` 45  /նվազել է 63%-ով/, 2010թ.` 40 /նվազել է 11%-ով/, 2011թ.` 38  / նվազել է 5%-ով/, 2012թ. 24 /նվազել է 37%-ով/:

          Համաշխարհային բանկի Doing Business պարբերականի տվյալներով Հայաստանը անշարժ գույքի գրանցման ընթացակարգերի մասով 185 երկրների շարքում զբաղեցրել է 4-րդ տեղը /նախորդ տարի եղել է 5-րդ տեղում/:

          ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող կադաստրի պետական կոմիտեի միջոցառումների շարքում հարկ է առանձնացնել որպես գերակա խնդիր ճանաչված.

  • .<<ՀՀ գույքահարկի և հողի հարկի 2014-2016թթ. հարկման բազաների ձևավորում>> ծրագիրը, որի կատարման արդյունքում կձևավորվեն 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալների հիման վրա 2014-2016թթ. հարկման բազաները, որոնց ամփոփ ցուցակները մինչև 01.09.2013 թվականը կտեղադրվեն կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում,
  • <<Բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում Գյումրի քաղաքում>> ծրագիրը, որի կատարման արդյունքում Գյումրի քաղքում 817,3 հա տարածքի համար կստեղծվեն թվային քարտեզագրական հիմքեր, բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ թեմատիկ շերտեր և կկատարվի բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրում, անհրաժեշտ տվյալների հավաքագրում` տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ,
  • <<ՀՀ մշտական գործող ՋԻՊԻԷՍ /գոլբալ դիրքորոշման համակարգ/ GPS ռեֆերենց կայանների ցանցի ստեղծում>> ծրագիրը, որն իրականացվելու է Նորվեգական դրամաշնորհային <<Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ>> ծրագրի շրջանակներում և 2013թ. ընթացքում նախատեսվում է ձեռք բերել 12 ռեֆերենց կայաններ, որոնք կձևավորեն Հայաստանի դիրքորոշման համակարգը /ARMPOS/: Վերջինս նախատեսվում է կապակցել նաև Եվրոպական դիրքորոշման համակարգին /EUPOS/: Կայանների աշխատանքը կվերահսկվի Երևան քաղաքում տեղակայված կենտրոնից: Կայանները հնարավորություն կընձեռեն բարձր ճշտությամբ որոշել տեղադիրքը Հանրապետության ողջ տարածքում: Կիրառության ոլորտներն են` գյուղատնտեսություն, ճանապարհաշինություն, բարձր ճշտության ինժեներական աշխատանքներ, սեյսմիկ դիտարկումներ, ռազմատեղագրական քարտեզագրություն, տրանսպորտ, նավիգացիա, կադաստրային, տեղագրական և թեմատիկ քարտեզագրություն և այլն: