11.01.2013
Տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ցանկերով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության 09.08.2012թ. N 1055-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից նախատեսվել է կատարել 2012 թվականի միջոցառումների և գերակա խնդիրների ցանկերի 109-րդ, 84-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի` Ծրագրի 109-րդ կետով տրված հանձնարարականը (միջոցառման անվանումը` «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2012 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը կատարման ժամկետը` 2012 թ. մարտի 3-րդ տասնօրյակ) կատարված է ժամկետում ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 19.04.2012թ. N 467-Ն որոշում:
Ծրագրի 84-րդ կետով տրված հանձնարարականը (միջոցառման անվանումը` «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2012 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ժամկետ` 2012 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ) կատարված է ժամկետում ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 27.09.2012թ. N 1221-Ն որոշում:
Գերակա խնդիրների ցանկի`
72-րդ կետ Բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանում:
2012 թվականին նախատեսվող աշխատանքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքի վերաբերյալ: Այն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, Կենտրոն վարչական շրջանի վերաբերյալ տվյալների (քարտեզագրական և տեքստային) տեղեկատվական բանկի ստեղծման համար:
Աշխատանքներն իր մեջ ներառում են թվային քարտեզագրական հիմքի ստեղծում և անհրաժեշտ տվյալների հավաքագրում` տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվել են հետևյալ միջոցառումները.
ա/ Վարչական շրջանի համար ստեղծվել են 1:2000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային համադրված հատակագծերը, որոնց համար հիմք են հանդիսացել 1998-2004թվականների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված 1:500 և 1:2000 մասշտաբի թվային կադաստրային քարտեզները, որոնց վրա իրականացվել են 1:2000 մասշտաբի հատակագծերի թարմացման, ռելիեֆի տեղագրական տարրերի ստեղծման, տեղագրական հանույթների կազմման ու թվայնացման աշխատանքները:
բ/ Զգալի փոփոխություններ կրած տարածքներում /ակտիվ կառուցապատման գոտիներում/ կատարվել է 1:2000 մասշտաբի տեղագրական նոր հանութագրում:
գ/ Տարածքի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ:
դ/ Բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ թեմատիկ 16 շերտերի ստեղծում և բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրում:
2012 թվականի ընթացքում իրականացվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի 1339 հա անճշտությունների հանութագրման և թարմացման, ինչպես նաև 1339 հա ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրման, 1339 հա տարածքի նյութերի համադրման և թվայնացման աշխատանքներ:
Ստեղծվել են բազային երկրատեղեկատվական համակարգի համար 21424 /հա-շերտ/ այդ տարածքների վրա և մուտքագրվել է 160680 տարր տվյալների բազա:
Երևան քաղաքի վարչական շրջանների տարածքի բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները սկսվել են 2005 թվականին Քանաքեռ-Ձեյթուն վարչական շրջանից և մինչև 2010 թվականը կատարվել են 11 վարչական շրջանները: 2012 թվականին ավարտվել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքի բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները:
Մոտակա տարիների ընթացքում անհրաժեշտ է իրականացնել ՀՀ բոլոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզների ստեղծման աշխատանքները:
73-րդ կետ WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ:
Աշխատանքի հիմնական նպատակն է հանդիսանում 2009 թվականի հուլիսի 16-ի <<WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին>> ՀՀ կառավարության N 791-Ն որոշման համաձայն WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրման նպատակով ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրում և ամրացումը բնության մեջ, ինչպես նաև տեղագրական և կադաստրային քարտեզների ճշգրտումը համադրման եղանակով, հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական օրթոֆոտոհատակագծերը և քարտեզները:
Աշխատանքների իրականացման արդյունքում ունեցանք մարզերի համադրված, բաց հրատարակման համար նախատեսված տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզներ, ինչպես նաև համայնքների սահմանների հանգուցային և շրջադարձային կետերի կոորդինատներ` կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ:
2012 թվականի ընթացքում կատարվել են ժամանակացույցով սահմանված տեխնիկական 2 նախագծերի և 2 հաշվետվությունների կազմման, ինչպես նաև 159 համայնքների քարտեզների համադրման և ուղղման աշխատանքները:
Այս աշխատանքները շարունակական են և ավարտվելու են 2013-14 թվականներին` /Լոռու, Տավուշի և Շիրակի, Սյունիքի մարզեր/:
74-րդ կետ ՀՀ մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացում, տիեզերալուսանկարահանման աշխատանքների միջոցով:
Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների հիմնական նպատակը երկրի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, տնտեսության տարբեր ճյուղերին, ինչպես նաև գիտության, կրթության, պաշտպանության և այլ բնագավառներին արդիական և ժամանակակից պահանջներին համապատասխանող տիեզերանկարահանման թարմ տվյալների հիման վրա հայերեն լեզվով ստեղծված քարտեզագրական նյութերով ապահովումն է, ինչպես նաև տեղագրական քարտեզների և դրանց մասին տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն է:
Տեղագրական քարտեզների ստեղծման և թարմացման անհրաժեշտությունը և առաջնահերթությունը բխում է նաև նրանից, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կծածկվի տիեզերանկարների և օդալուսանկարների հիման վրա ստեղծված տեղագրական թվային քարտեզներով, որը կարող է հիմք հանդիսանալ պետական և համայնքային խնդիրների համար մեկ քարտեզագրական /հանույթային/ հիմքի ստեղծման և ներդրման համար:
Իրականացվել է տիեզերալուսանկարներից ստացված նյութերի մշակում, որի հիման վրա կատարվել է մոնիթորինգ, որից հետո տիեզերալուսանկարահանման նյութերի հիման վրա բացահայտվել են նկատելի փոփոխություններ կրած տարածքները: Ստացված տվյալների հիման վրա կատարվել են 2915 քառ.կմ փոփոխություններ կրած տարածքների ՀՀ պետական մասշտաբային շարքի նախկինում ստեղծված թվային տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքներ:
Թարմացման աշխատանքներն իրականացվել են 1:10 000 մասշտաբի բազային տեղագրական քարտեզների վրա, որից հետո ընդհանրացման եղանակով իրականացվել են նույն տարածքների` Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի 1:25000-1:1 000 000 մասշտաբների տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները:
Մասշտաբային շարքի թարմացման աշխատանքները շարունակական են և պետք է իրականացվեն յուրաքանչյուր տարի ընդգրկելով ՀՀ տարածքի տարբեր հատվածներ: