Դեպի վեր
Նորություններ

11.01.2013

Կոմիտեի նախագահը ամփոփեց 2012 թվականի համակարգի աշխատանքը


     Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը հանդիպել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ: 2012թ. գործունեության հաշվետվության մասին ամփոփիչ ասուլիսում կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ կոմիտեն նախորդ տարում ամբողջությամբ ապահովել է «Կառավարության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին»  կառավարության որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը:

      Կոմիտեի նախագահը նշեց, որ իրավունքի պետական գրանցման համար տրված դիմումներով մերժումների քանակը կտրուկ նվազել է, իսկ տեղեկատվության տրամադրման համար տրված դիմումներով այն գրեթե վերացել է: Խոսելով նախորդ տարվա աշխատանքներից` կոմիտեի ղեկավարը նշեց, որ 2012թ. հունվարի սկզբից կադաստրի համակարգը սկսեց գործել նոր չափանիշներով: Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի ներդրմամբ վերացվեց դիմումները կադաստրի կոմիտեի տարածքային մարմիններ ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացնելու անհրաժեշտությունը: Պարոն Զախարյանը հավելեց, որ կատարված բարեփոխումների արդյունքում քաղաքացիները հնարավորություն ստացան անշարժ գույքի գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմում ներկայացնել և պատասխանը ստանալ կադաստրի համակարգի` իրենց ընտրությամբ, ցանկացած սպասարկման գրասենյակից, և նաև առանց սպասարկման գրասենյակ ներկայանալու` էլեկտրոնային փոստով: Դիմողներին տրամադրվում է դիմումի մուտքագրման «բանալի», որի միջոցով նրանք հնարավորություն ունեն կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով հետևել իրենց դիմումի քննարկման ընթացքին: Կոմիտեի նախագահը հավելեց նաև, որ անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթն իրականացվում է ոչ թե իրավունքի գրանցում ու տեղեկատվության տրամադրում իրականացնող միևնույն պետական մարմնի, այլ համապատասխան որակավորում ստացած բացառապես մասնավոր հատվածի մասնագետների կողմից:

       Խոսելով 2013 թվականի անելիքներից և գերակա խնդիրներից` Ե. Զախարյանը  առանձնացրեց «ՀՀ գույքահարկի և հողի հարկի 2014-2016թթ. հարկման բազաների ձևավորում» ծրագիրը, որի կատարման արդյունքում կձևավորվեն 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալների հիման վրա 2014-2016թթ. հարկման բազաները, որոնց ամփոփ ցուցակները մինչև 2013թ. սեպտեմբերի 1-ը կտեղադրվեն կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում: