Դեպի վեր
Նորություններ

05.02.2013

Ստորագրվեց նոր դրամաշնորհային ծրագրի պայմանագիր


       Փետրվարի 5-ին ՀՀ  կառավությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը և Նորվեգիայի Թագավորթյան քարտեզագրության և կադաստրի գերատեսչության գույքային իրավունքների և զարգացման կենտրոնի տնօրեն Հելգե Օնսրուդը ստորագրեցին նոր դրամաշնորհային ծրագրի պայմանագիր: Ծրագիրը, որը կրում է «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» անվանումը, նախատեսում է 9.8 մլն. նորվեգական կրոն (18.12.2012թ. դրությամբ շուրջ 1.750.000 ԱՄՆ դոլար) դրամաշնորհի գումար և նախատեսվում է ավարտին հասցնել 2.5 տարվա ընթացքում:

  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի և Նորվեգիայի Թագավորության քարտեզագրության և կադաստրի գերատեսչության միջև ստորագրված նոր դրամաշնորհային ծրագրի նպատակներն են` Հայաստանում մշտական գործող ՋիՊիէս (GPS) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծումը, Հայաստանի զգալի տարածքի օդային լուսանկարահանումը և օրթոլուսանկարների պատրաստումը:

Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է ձեռք բերել 12 ռեֆերենց կայաններ, որոնք կձևավորեն Հայաստանի դիրքորոշման համակարգը (ARMPOS): Վերջինս նախատեսվում է կապակցել նաև Եվրոպական դիրքորոշման համակարգին (EUPOS): Կայանների աշխատանքը կվերահսկվի Երևան քաղաքում տեղակայված կենտրոնից:  Կայանները հնարարորություն կընձեռեն բարձր ճշտությամբ որոշել տեղադիրքը Հանրապետության ողջ տարածքում: Կիրառության ոլորտներն են` գյուղատնտեսություն, ճանապարհաշինություն, բարձր ճշտության ինժեներական աշխատանքներ, սեյսմիկ դիտարկումներ, ռազմատեղագրական քարտեզագրություն, տրանսպորտ, նավիգացիա, կադաստրային, տեղագրական և տեմատիկ քարտեզագրություն և այլն: Այս փուլում աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013 թվականի դեկտեմբերին:                Ծրագրի երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները (մրցույթային փաստաթղթերի կազմում, թռիչքների նախագծի կազմում և այլն) նախատեսվում է սկսել 2013թ. աշնանը: Ծրագրի այս փուլում նախատեսվում է Հանրապետության զգալի տարածքի օդային լուսանկարահանումը, այդ թվում 300-500 ք.կմ քաղաքային (10սմ ճշտության) և 10.000-12.000 գյուղական (20սմ ճշտության) բնակավայրերի օրթոլուսանկարների պատրաստում: Ստացված լուսանկարների համապատասխան մշակումից ստացված օրթոլուսանկարները կծառայեն առկա քարտեզների ճշգրտման և նոր քարտեզների ստեղծման համար: Ելնելով ընդունված չափանիշներից և եղանակային առանձնահատկություններից` թռիչքները նախատեսվոմ է իրականացնել 2014թ. գարնանը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015թ. առաջին եռամսյակում:       Ծրագրով նախատեսված բոլոր ծառայությունների և ապրանքների գնման գործընթացը կազմակերպելու է նորվեգական կողմը միջազգային մրցույթների միջոցով: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի տեղադիրքի որոշման համակարգի ձևավորումը (ARMPOS), որը կապակցված կլինի Ազգային գեոդեզիական ցանցի կետերին: Հետագայում այն նախատեսվում է կապակցել նաև Եվրոպական տեղադիրքի որոշման համակարգին (EUPOS): Սա նշանակում է, որ ապահովելու համար ցանցերի կապակցումը` բոլոր աշխատանքները պետք է կատարվեն միջազգային չափորոշիչներով և մասնավորապես EUREF-IGS ստանդարտներին համապատասխան:

  Նշենք, որ այս աշխատանքներն իրականացվելու են <<Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ>> հայ-նորվեգական ծրագրի ներքո, իսկ ծրագրով նախատեսված բոլոր ծառայությունների և ապրանքների գնման գործընթացը կազմակերպելու է նորվեգական կողմը միջազգային մրցույթների միջոցով:

Նշված աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի նախագահի հրամանով ձևավորվել է աշխատանքային խումբ, որին հանձնարարվել է մշակել համալիր միջոցառումների ծրագիր` իր հստակ ժամանակացույցով և պատասխանատու ստորաբաժանումներով:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հետևյալ փուլերով` համապատասխան տեխնիկական առաջադրանքի և բնութագրերի մշակում, անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովումների ձեռքբերում, վերահսկիչ-հաշվարկային կենտրոնի հիմնում, կայանների տեղակայում և կապակցում Ազգային գեոդեզիական ցանցին, փոխադարձ միացումը համապատասխան կապուղիներով և ինտերնետի միջոցով, անձնակազմի ուսուցում և ի վերջո` համակարգի փորձնական շահագործում:

Նշենք, որ հայտարարված միջազգային մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12 ռեֆերենց կայաններ, իրենց ալեհավաքներով, համապատասխան պարագաներով և ծրագրային ապահովումներով:

Ըստ նախնական պլանի, կայանները կտեղակայվեն հետևյալ քաղաքներում և բնակավարյերում`. Երևան, Գյումրի, Վարդենիս, Ալավերդի, Թալին, Գավառ, Վայք, Ագարակ, Գորիս, Իջևան, Դիլիջան, Ուրցալանջ: Նշված խնդրի լուծման ուղղությամբ կարևորվում է ոչ միայն կոմիտեի կառուցվածքային, այլ նաև համապատասխան տարածքային ստորաբաժանումների ներգրավումը նախատեսվող աշխատանքներում: Մասնավորապես կպահանջվի տարածքային ստորաբաժանումների մասնակցությունը կայանների տեղակայման վայրի ընտրության, համապատասխան շենքերի, շինությունների սեփականատերերի հետ նախնական բանակցություններ վարելու և նմանատիպ այլ աշխատանքներում:

ARMPOS hամակարգից կօգտվեն ոչ միայն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, այլ նաև առանձին իրավաբանական և ֆիզիկական անձինք:

Ցանցի ձևավորման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013թ. դեկտեմբերին, ներառյալ համապատասխան աշխատակազմի ուսուցումը, իսկ համակարգի ընդհանուր շահագործումը կսկսվի 2014թ-ից: ARMPOS համակարգի ձևավորման համար նախատեսվում է ծախսել ընդամենը 200մլն. դրամ:

Արդյունքում նախատեսվում է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ, որը մեծապես կնպաստի գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի հետագա զարգացմանը:

ARMPOS համակարգի ձևավորումից անմիջապես հետո Ստատենս Կարտվերկի հետ համատեղ նախատեսվում է իրականացնել ևս մեկ ծրագիր, այն է` Հայաստանի Հանրապետության զգալի տարածքի օդային լուսանկարահանումը, այդ թվում` 300-500 ք/կմ քաղաքային (10սմ ճշտության) և 10.000-12.000 գյուղական (20սմ ճշտության) բնակավայրերի օրթոլուսանկարների պատրաստում: Ստացված լուսանկարների համապատասխան մշակումից ստացված օրթոլուսանկարները կծառայեն առկա քարտեզների ճշգրտման և նոր քարտեզների ստեղծման համար: Ելնելով ընդունված չափանիշներից և եղանակային առանձնահատկություններից` թռիչքները նախատեսվոմ է իրականացնել 2014թ. գարնանը, սակայն նախապատրաստական աշխատանքները (մրցույթային փաստաթղթերի կազմում, թռիչքների նախագծի կազմում և այլն) նախատեսվում է սկսել 2013թվականի աշնանը: