Դեպի վեր
Նորություններ

20.03.2013

Հողային պետական տեսչությունը ամփոփեց 2012-ի արդյունքները


   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության պետ Սամվել Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ տեսչության կողմից 2012թ. ընթացքում կատարված և ընթացիկ աշխատանքներին:
Տեսչության պետը նկատեց, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում   իրականացվող բարեփոխումների շրջանակներում կոմիտեի նախագահի հանձնարարությամբ կազմվել է տեսչության զարգացման ծրագիր, որի հիմնական նպատակն է հստակեցնել տեսչության առջև դրված խնդիրներից բխող աշխատանքներն ու կատարման ժամկետները, ակնառու դարձնել իրականացվելիք գոործողությունների ակնկալվող արդյունքներն ու դրանց գնահատման չափորոշիչները, նպաստել տեսչության առկա ռեսուրսների արդյունավետ բաշխմանը և օգտագործմանը: Պարոն Մկրտչյանի դիտարկմամբ, տեսչության  հաստիքները  ավելացել  են  4-ով  և  իրականացված  կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվել են երկու՝ գեոդեզիայի և քարտեզագրության վերահսկողության և հողերի օգտագործման և  պահպանման նկատմամբ վերահսկողության բաժիններ, ինչը տեսչությանը հնարավորություն է ընձեռնել ավելի արդյունավետ իրականացնելու իր առջև դրված խնդիրները:
     Բանախոսը հավելեց, որ 2012թ. առաջին եռամսյակում կատարվել են ուսումնասիրություններ ՀՀ  Վայոց Ձորի, Արարատի, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում նախորդ երեք տարիների ընթացքում հողերի կատեգորիաների փոփոխության և դրանց, ըստ նպատակային նշանակության, օգտագործման նկատմամբ, որի վերաբերյալ համապատասխան տեղեկանք է ներկայացվել ՀՀ վարչապետին:
2012թ. ՀՀ մարզերում իրականացվող տեսչական ստուգումների ժամանակացույցի համաձայն, տեսչության մասնագետների կողմից 2012թ. Հայաստանի Հանրապետության 10  (Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի, Արարատի և Տավուշի) մարզերի մարզպետարանների հողաշինության և հողօգտագործման բաժիններում, մարզային հողային պետական տեսչություններում իրականացվել են տեսչական ստուգումներ: Ստուգումների արդյունքում  ընտրանքային կարգով ուսումնասիրություններ են իրականացվել նաև՝ ՀՀ մարզպետների կողմից ընթացիկ ստուգումներ իրականացրած 517 համայնքներից 108-ում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության տարբեր բնույթի խախտումներ, որոնց հիման վրա կայացվել է 10 որոշում՝  104 համայնքների ղեկավարներին շուրջ 19750000 դրամ ընդհանուր գումարով վարչական տույժի ենթարկելու միջնորդության մասին, ինչը նախորդ երկու տարիներին նշանակված 800000 դրամ տուգանքի համեմատ աճել է ավելի քան 20 անգամ:
ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների համակարգերում ու գեոդեզիական և քարտեզագրական գործունեության ոլորտում 2012 թվականին իրականացվելիք  պետական վերահսկողական աշխատանքների ժամանակացույցի համաձայն իրականացվել են ստուգումներ մի շարք նախարարություններում և գերատեսչություններում առկա քարտեզագրագեոդեզիական նյութերի ու տվյալների հաշվառման, պահպանման, օգտագործման և տրամադրման նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել են թերություններ, դրանց վերաբերյալ սահմանված կարգով կազմվել են համապատասխան տեղեկանքներ, որոնք ներկայացվել են գերատեսչությունների ղեկավարներին: Բոլոր գերատեսչությունների ղեկավարների կողմից ներկայացվել են գրություններ, համաձայն որոնց արձանագրված թերությունները վերացվել են, իսկ համապատասխան պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրվել դրանք հետագայում բացառելու համար:
  Գեոդեզիայի և հողային պետական տեսչության պետի հավաստմամբ`տեսչության առջև դրված խնդիրներն այսուհետ ավելի արդյունավետ իրականացնելու, ինչպես նաև հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիներին օրենքով վերապահված լիազորությունները հստակեցնելու, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ վերահսկողությունը   խստացնելու նպատակով, ներկայումս տեսչությունում աշխատանքներ են տարվում «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ «Վարչական իրավախտումների մասին» օրենսգրքում, ՀՀ Հողային օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում և իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ  ներկայացնելու ուղղությամբ: