Դեպի վեր
Նորություններ

03.09.2013

Կադաստրի համակարգում բարեփոխումները շարունակվում են


ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Չափագրման աշխատանքները կիրականացվեն առավել մատչելի գներով

 

    Այսօր` սեպտեմբերի 3-ին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում տեղի ունեցավ  կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: 

    Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի համակարգում բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարականի համաձայն կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակվեց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. նոյեմբերի 11-ի նիստի թիվ 44 արձանագրային որոշմամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման» հայեցակարգը` հիմք ստեղծելով համակարգում արմատական բարեփոխումների իրականացմանը, որոնց հիմնական նպատակը համակարգի կողմից իրականացվող գործառույթների պարզեցումն էր, բնակչությանը մատուցվող ծառայությունների, սպասարկման որակի բարձրացումը, իրականացվող գործառույթներում ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների ու կոռուպցիոն ռիսկերի բացառումը և համակարգի գործունեության առավել թափանցիկության ու մատչելիության ապահովումը:

Կոմիտեի նախագահի տեղակալի հավաստմամբ` 2011 թվականի ընթացքում իրականացնելով նախապատրաստական աշխատանքներ (օրենսդրության համապատասխանեցում, նոր նորմատիվ-իրավական ակտերի ընդունում, կադրերի վերադասավորում ու ուսուցում, շենքային պայմանների բարելավում ու տեխնիկական համալրում և այլն) 2012 թվականի հունվարից համակարգում ներդրվեց մեկ միասնական բազայում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների էլեկտրոնային գրանցման և տեղեկատվության տրամադրման արմատապես փոփոխված նոր համակարգը, որի առավելությունները բազմիցս լուսաբանվել են զանգվածային լրատվության տարբեր միջոցներով, ինչպես նաև արժանացել են թե պետական, թե միջազգային, թե հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև բնակչության դրական գնահատականներին, որը նաև ակնառու է, ուստի այդ մասին առավել ծավալուն անդրադառնալու անհրաժեշտություն չկա:

    Պարոն Մուսայանը փաստեց, որ նոր համակարգի ներդրումից հետո ոչ միայն չեն դադարեցվել գործառույթների բարեփոխմանը միտված աշխատանքները, այլև մշտական ուսումնասիրությունների, վերլուծությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ գործունեության իրականացման ընթացքում, ինչպես նաև քաղաքացիների դիմումներում ու ընդունելության ընթացքում բարձրացված հարցերի ամփոփման ու քննարկման արդյունքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ բնակչության սպասարկումը առավել մատչելի ու բարձր որակով իրականացնելու ուղղությամբ:

   Նման ձեռնարկումներից մեկն էլ, ինչպես նշեց բանախոսը, վերաբերում է ներկայումս կադաստրի պետական կոմիտեի նախաձեռնությամբ իրականացվող անշարժ գույքի չափագրման գործառույթին: Հայտնի է. որ համակարգի արմատական բարեփոխումների ուղղություններից մեկն էլ 2012 թվականի հունվարից անշարժ գույքի չափագրման (հաշվառման), քարտեզագրության, գեոդեզիայի և հողաշինարարության գործառույթի ամբողջությամբ մասնավորեցումն էր, որի արդյունքում անշարժ գույքի չափագրման աշխատանքներն իրականացվում են բացառապես մասնավոր հատվածի` կադաստրի կոմիտեի կողմից համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից` քաղաքացիներին ապահովելով ընտրության իրավունք: Շուկայում ձևավորվող չափագրման գների նկատմամբ զսպող ազդեցություն ապահովելու համար կոմիտեի կողմից Երևանում ապահովվել է տվյալ գործառույթն իրականացնելու իրավասություն ունեցող «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի կողմից նույն գործառույթների առավել մատչելի, կայուն գներով իրականացումը: Պարոն Մուսայանը նկատեց, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա անհրաժեշտությունը առկա է նաև մարզերում և մարզերի համայնքներում բնակվող քաղաքացիների համար անշարժ գույքի չափագրման աշխատանքների իրականացման գործընթացը առավել հասանելի դարձնելու և մատչելի գներով ծառայություններ մատուցելու, մասնավոր տնտեսվարողների կողմից չհիմնավորված ուռճացված վճարների չափերի սահմանումը կանխարգելելու նպատակով կադաստրի պետական կոմիտեի ենթակայության «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի կողմից բոլոր մարզկենտրոններում ու խոշոր համայնքներում նախատեսվում է ամրակցել մասնագետներ: Նշված մասնագետների համար գրասենյակների տեղակայման հարցում խնդրվել է նաև Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աջակցությունը: Միաժամանակ առաջարկվել է մեր աջակցությունը մարզպետարանների ու համայնքների կողմից համապատասխան մասնագետների թեկնածությունների առաջադրման դեպքում կոմիտեի կողմից նրանց համար դասընթացներ կազմակերպելու և սահմանված կարգով ու պայմաններով քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման քննությունները հանձնելու դեպքում որակավորման վկայականներ ստանալու և իրենց համայնքներում համապատասխան գործունեություն իրականացնելու հարցում:  

    Կոմիտեի նախագահի տեղակալը նկատեց նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից չափագրման համար գանձվող վճարների չափը զգալի ցածր կլինի ներկայումս գործող միջին գների համեմատ:

Ստորև ներկայացնում ենք «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հարապետության տարածքում քարտեզագրության, գեոդեսիայի, չափագրման և հողաշինարարության աշխատանքներ իրականացնող կասմակերպությունների կողմից մատուցվող չափագրման աշխատանքների գնացուցակները: 


44.99 ԿԲ Գնացուցակ