Դեպի վեր
Նորություններ

15.10.2013

Սեպտեմբերը մարզային հանդիպումների ամիս էր


Քաղաքացիներին հուզող հարցերին անմիջականորեն ծանոթանալու և նրանց կողմից բարձրացված հարցերին տեղում օպերատիվ լուծում տալու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի կարգադրությամբ և անմիջական վերահսկողությամբ նախագահի տեղակալներ Ա. Մուսայանի, Խ. Կարայանի և Ֆ. Բաշոյանի մասնակցությամբ սույն թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ հանրապետության բոլոր մարզային ստորաբաժանումներում:

Ամբողջ 2011 թվականի ընթացքում իրականացնելով համակարգում նախատեսված բարեփոխումները (օրենսդրության համապատասխանեցում, նոր նորմատիվ-իրավական ակտերի ընդունում, կադրերի վերադասավորում ու ուսուցում, շենքային պայմանների բարելավում ու տեխնիկական համալրում և այլն) 2012 թվականի հունվարից ներդրվեց մեկ միասնական բազայում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների էլեկտրոնային գրանցման և տեղեկատվության տրամադրման արմատապես փոփոխված նոր համակարգը, որի առավելությունները բազմիցս լուսաբանվել են զանգվածային լրատվության տարբեր միջոցներով, ինչպես նաև արժանացել են թե պետական, թե միջազգային, թե հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև բնակչության դրական գնահատականներին:

Նոր համակարգի ներդրումից հետո ոչ միայն չեն դադարեցվել գործառույթների բարեփոխմանը միտված աշխատանքները, այլև մշտական ուսումնասիրությունների, վերլուծությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ գործունեության իրականացման ընթացքում, ինչպես նաև քաղաքացիների դիմումներում ու ընդունելության ընթացքում բարձրացված հարցերի ամփոփման ու քննարկման արդյունքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ բնակչության սպասարկումը առավել մատչելի ու բարձր որակով իրականացնելու ուղղությամբ:

Հայտնի է. որ համակարգի արմատական բարեփոխումների ուղղություններից մեկն էլ 2012 թվականի հունվարից անշարժ գույքի չափագրման (հաշվառման), քարտեզագրության, գեոդեզիայի և հողաշինարարության գործառույթի ամբողջությամբ մասնավորեցումն էր, որի արդյունքում անշարժ գույքի չափագրման աշխատանքներն իրականացվում են բացառապես մասնավոր հատվածի` կադաստրի կոմիտեի կողմից համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից` քաղաքացիներին ապահովելով ընտրության իրավունք: Շուկայում ձևավորվող չափագրման գների նկատմամբ զսպող ազդեցություն ապահովելու համար կոմիտեի կողմից Երևանում ապահովվել է տվյալ գործառույթն իրականացնելու իրավասություն ունեցող «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի կողմից նույն գործառույթների առավել մատչելի, կայուն գներով իրականացումը: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրա անհրաժեշտությունը առկա է նաև մարզերում և մարզերի համայնքներում բնակվող քաղաքացիների համար անշարժ գույքի չափագրման աշխատանքների իրականացման գործընթացը առավել հասանելի դարձնելու և մատչելի գներով ծառայություններ մատուցելու, մասնավոր տնտեսվարողների կողմից չհիմնավորված ուռճացված վճարների չափերի սահմանումը կանխարգելելու նպատակով կադաստրի պետական կոմիտեի ենթակայության «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի կողմից բոլոր մարզկենտրոններում ու խոշոր համայնքներում նախատեսվում է ամրակցել մասնագետներ: Նշված մասնագետների համար գրասենյակների տեղակայման հարցում խնդրվել է նաև Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աջակցությունը: Միաժամանակ առաջարկվել է մեր աջակցությունը մարզպետարանների ու համայնքների կողմից համապատասխան մասնագետների թեկնածությունների առաջադրման դեպքում կոմիտեի կողմից նրանց համար դասընթացներ կազմակերպելու և սահմանված կարգով ու պայմաններով քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման քննությունները հանձնելու դեպքում որակավորման վկայականներ ստանալու և իրենց համայնքներում համապատասխան գործունեություն իրականացնելու հարցում:  

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից չափագրման համար գանձվող վճարների չափը զգալի ցածր կլինի ներկայումս գործող միջին գների համեմատ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալները մարզային այցելությունների ընթացքում անդրադարձել են նաև նշված հարցի լուսաբանմանը, ինչպես նաև մարզպետարանների համապատասխան վարչությունների ղեկավարների և առանձին  համայնքների ղեկավարների հետ քննարկել են համայնքներում դեռևս առկա չգրանցված անշարժ գույքի միավորների անվճար` իրավունքների առաջին պետական գրանցման շրջանակներում գրանցում իրականացնելու հարցին` հորդորելով կազմակերպել դրանց պետական գրանցման ներկայացման աշխատանքները:

Հանդիպումների ընթացքում քաղաքացիներին մտահոգող բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, տրամադրվեց համապատասխան տեղեկատվություն: Բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին ինքնակամ կառուցված շենք-շինությունների, զավթած հողամասերի օրինականացմանը, չպահպանված հիմքերի վերականգնման գործընթացին, գույքի չափագրման ընթացքում ծագող խնդիրներին: