Դեպի վեր
Նորություններ

01.02.2014

Քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ձևավորում համակարգչային ծրագրի միջոցով


   Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  «Արաբկիր» սպասարկման գրասենյակում ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի սպասարկման գրասենյակների համակարգման վարչության պետ Արման Պետրոսյանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ավտոմատ ձևավորման համակարգը:

   Մինչև 2014 թվականը քաղաքացիների համար բավականին ժամանակատար, իսկ նրանց մի մասի համար նաև բարդ գործընթաց էր կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում դիմումների ձևաթղթերի լրացումը: Սպասարկման գրասենյակների դիմումների լրացման համար հատկացված մասում հաճախ առաջանում էին քաղաքացիների կուտակումներ, քանի որ դիմումատուները դժվարությամբ էին կողմնորոշվում, թե փակցված դիմումների օրինակելի ձևերից որն է համապատասխանում իր պահանջին, համապատասխան օրինակելի ձևը գտնելուց հետո որոշ դեպքերում ստիպված էին լինում մի քանի անգամ լրացնել նույն դիմումը, արդյունքում սպասարկման գրասենյակ դիմում ներկայացնելու բավականին պարզ գործընթացը դիմումատուների մի մասի համար վերածվում էր երկարատև և բարդ գործընթացի:

   2014 թվականի հունվարից ավտոմատացվել է քաղաքացիների կողմից կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներ ներկայացվող դիմումների լրացման աշխատանքները և ներկայումս դիմումներն ավտոմատ ձևավորվում են համակարգչային ծրագրի միջոցով: Համակարգի ներդրումից հետո դիմումներ ներկայացնելու համար դիմումատուներից պահանջվում է միայն մոտենալ սպասարկման գրասենյակի դիմումներ ընդունող աշխատակցին, փոխանցել դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը և հայտնել դիմումով ներկայացվող պահանջը, որից հետո սպասարկման գրասենյակի դիմումներ ընդունող աշխատակիցը համակարգչային ծրագրում լրացնում է դիմումի ընդունման համար նախկինում էլ պարտադիր լրացման ենթակա դաշտերը, որոնց հիման վրա համակարգը ավտոմատ ձևավորում է համապատասխան դիմումը: Համակարգչային ծրագրի կողմից ձևավորված դիմումը  դիմումատուի կողմից ստորագրվելուց հետո փակցվում է դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթին:

Ծրագրի ներդրման արդյունքում դիմումատուները այլևս ստիպված չեն սպասարկման գրասենյակում ավելորդ ժամանակ ծախսել անձամբ դիմումի ձևաթուղթը լրացնելու համար: Արդյունքում սպասարկման գրասենյակներ դիմումների ներկայացման գործընթացը զգալիորեն կրճատվել է, և դիմումներ ներկայացնելու համար ներկայումս քաղաքացիներից պահանջվում է առավելագույնը 5-ից 10 րոպե: