Դեպի վեր
Նորություններ

05.02.2014

Գոհացնող և որակյալ ծառայությունների մատուցում


   Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ՀՀ Արագածոտնի մարզի կադաստրի մարզային ստորաբաժանումում մեկնարկեց 2014 թվականի աշխատանքային առաջին հանդիպումը:

   Մարզային հանդիպումն անցկացրեց կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը:  Նշենք, որ առաջիկա ամիսներին կադաստրի պատասխանատուները նմանօրինակ աշխատանքային հանդիպումներ կունենան բոլոր մարզերում:

Քաղաքացիներին հուզող հարցերին անմիջականորեն ծանոթանալու և նրանց կողմից բարձրացված հարցերին տեղում օպերատիվ լուծում տալու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի կարգադրությամբ և անմիջական վերահսկողությամբ նախագահի տեղակալներ Ա. Մուսայանի,  Խ. Կարայանի և Ֆ. Բաշոյանի մասնակցությամբ 2014թ. կազմակերպվելու են հանդիպումներ հանրապետության բոլոր մարզային ստորաբաժանումներում:

   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի մարզային այցի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին  Արագածոտնի մարզի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սարգիս Արամյանը, մարզում գործող կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակների ղեկավարները,  Աշտարակ քաղաքի փոխքաղաքապետ Հ. Բաղդասարյանը,  մարզպետարանի հողաշինարարության բաժնի պետ Գ. Օհանյանը:  

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահի տեղակալն անդրադարձավ առաջին պետական գրանցմանն առնչվող հարցերին, ինչպես նաև հանդիպման մասնակիցների հետ քննարկվեցին համայնքներում դեռևս առկա չգրանցված անշարժ գույքի միավորների անվճար` իրավունքների առաջին պետական գրանցման շրջանակներում գրանցում իրականացնելու հարցը:

Մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար պարոն Արամյանը նշեց, որ  մարզում առկա 17800 չգրանցված անշարժ գույքի միավորներից 650-ը պետական գրանցում է ստացել 2013 թվականի վերջին վեց ամսվա ընթացքում:

Հանդիպման ընթացքում կոմիտեի նախագահի տեղակալն անդրադարձավ նաև ստորագրությունների իսկության ճանաչմանն առնչվող խնդիրներին: Այսօր այդ ծառայությունը հասանելի է նաև բոլոր մարզերում:

Ստորագրությունների իսկության ճանաչմամբ պայմանագրերը ստորագրվում են կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում` ստորագրությունների իսկությունը ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի (խորհրդատուի) ներկայությամբ:

     Ստորագրությունների իսկության ճանաչումը կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում կատարվում է անվճար:

Մարզային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև կադաստրի ոլորտին առնչվող այլ հարցեր: