Դեպի վեր
Նորություններ

14.02.2014

Կոլեգիայի նիստ կադաստրի կոմիտեում


  Փետրվարի 14-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական  կոմիտեի նախագահին կից կոլեգիայի 2014 թվականի առաջին նիստը, որը վարեց կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը:

Նիստին մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալները, կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Գեոդեզիայի և հողային պետական տեսչության, «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման, Երևան տարածքային  և մարզային ստորաբաժանումների ղեկավարները:

  Ողջունելով կոլեգիայի նիստի մասնակիցներին` ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Երվանդ Զախարյանը նշեց, որ նիստի հիմնական նպատակն է ամփոփել 2013 թվականին կատարված աշխատանքները և արձանագրել կոմիտեի գործունեության դրական արդյունքները, ինչպես նաև  բարձրաձայնել մարզային ստորաբաժանումներում առկա խնդիրներն ու բացթողումները:

Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Ա. Թովմասյանը, ով հանգամանալից ներկայացրեց անշարժ գույքի կադաստրի համակարգի պահպանման և պետական բյուջեի մուտքերի հավաքագրման հետ կապված խնդիրները: Պարոն Թովմասյանը մասնավորապես անդրադարձավ ՀՀ Կոտայքի մարզային ստորաբաժանման, «Հրազդան» սպասարկման գրասենյակի վարչական նոր շենքի կառուցման, ինչպես նաև Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման վարչական շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքներին:

  Ամփոփելով 2013 թվականին կոմիտեի կողմից գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում իրականացված աշխատանքները` ՀՀ ԿԱ ԱԿԳՊԿ նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանն իր ելույթում մատնանշեց 2014 թվականի ընթացքում նախատեսված անելիքները:

  Գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտների զարգացման ծրագրով նախատեսվում է աշխատանքներն իրականացնել գեոդեզիայի, տեղագրական քարտեզագրության, աշխարհագրական անվանումների, երկրատեղեկատվական համակարգի ստեղծման, նավիգացիոն համակարգերի ներդրման ուղղություններով: Հիշյալ ծրագրերը նպատակաուղղված են հստակեցնելու և որոշելու հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտների զարգացման հիմնական նպատակները, խնդիրները և ուղղությունները ժամանակակից մարտահրավերներին համապատասխան` կիրառելով առաջադեմ արբանյակային և թվային տեխնոլոգիաները:  

   Կոլեգիայի նիստում ելույթ ունեցավ նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Խ. Կարայանը` ներկայացնելով կոմիտեի սպասարկման գրասենյակներին, որակավորմանը, ինչպես նաև  անշարժ գույքի գնահատմանն առնչվող աշխատանքները: Պարոն Կարայանը անդրադարձավ նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման գործունեությանը: Կոմիտեի նախագահի տեղակալը փաստեց, որ կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում կողմերի ստորագրությունների իսկության ճանաչմամբ 2013թ. ընթացքում կնքվել է 13.834 պայմանագիր, որից 5099-ը կնքվել է Երևան քաղաքի սպասարկման գրասենյակներում, իսկ 8735-ը մարզային սպասարկման գրասենյակներում:

  Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գույքի գրանցման վարչության պետ Հ. Մարտիրոսյանը: Վերջինս ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում գույքի գրանցման վարչության կողմից իրականացված  ուսումնասիրությունների արդյունքները, որոնք առնչվում են  անշարժ գույքի ռեգիստրների կողմից իրավունքների պետական գրանցման  և տեղեկատվության տրամադրման գործառույթներին: Արդյունքում բացահայտվել են սխալներն ու թերացումները, տրվել են հստակ հանձնարարականներ: Պարոն Մարտիրոսյանը հավաստեց, որ ուսումնասիրություններն ու ստուգումները, ինչպես նաև անշարժ գույքի ռեգիստրների որակավորմանն ուղղված ուսուցման աշխատանքները կլինեն շարունակական:

  Ամփոփելով կոլեգիայի նիստը` ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Երվանդ Զախարյանը դրական գնահատեց կոմիտեի կողմից 2013 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Անդրադառնալով համակարգում իրականացված համալիր բարեփոխումների արդյունքներին և առկա հիմնախնդիրներին ու խոչընդոտներին`  կոմիտեի նախագահը խիստ կարևորեց քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը: Յուրաքանչյուր քաղաքացու դիմում պետք է լինի ուշադրության կենտրոնում, քաղաքացին պետք է ստանա լիարժեք և սպառիչ պատասխան: Կոմիտեի նախագահը հավելեց, որ մանրակրկիտ և խորքային ուսումնասիրությունները կոմիտեի կողմից կլինեն շարունակական, իսկ ռեգիստրների ուսուցման և կատարելագործման խնդիրները կշարունակեն լինել ուշադրության կենտրոնում: Կոմիտեի ղեկավարի խոսքով` նոր կառավարման համակարգը կենսունակ է և արձանագրել է ակնհայտ դրական արդյունքներ:  Երվանդ Զախարյանը մեկ անգամ ևս փաստեց, որ կադաստրի համակարգում էականորեն նվազել են կոռուպցիոն ռիսկերը, իսկ ոլորտի աշխատանքը դարձել է ավելի թափանցիկ և օպերատիվ:

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին