Դեպի վեր
Նորություններ

19.03.2014

Մարզային այցերը շարունակվում են


    Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ՀՀ Կոտայքի մարզի կադաստրի տարածքային ստորաբաժանումում տեղի ունեցավ 2014 թվականի հերթական մարզային աշխատանքային հանդիպումը: Նշենք, որ կադաստրի պատասխանատուների  նմանօրինակ աշխատանքային հանդիպումները շարունակվում են, իսկ մարզային այս հանդիպումն  անցկացրեց կոմիտեի նախագահի տեղակալ Խաժակ Կարայանը: 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալը մարզային այցի ընթացքում անդրադարձավ առաջին պետական գրանցմանն առնչվող հարցերին, քննարկվեցին համայնքներում դեռևս առկա չգրանցված անշարժ գույքի միավորների անվճար` իրավունքների առաջին պետական գրանցման շրջանակներում գրանցում իրականացնելու հարցը: Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավար Դերենիկ Գևորգյանի հավաստմամբ նախորդ տարվա ընթացքում կատարվել է շուրջ 1200 միավոր գույքի առաջին պետական գրանցում: Պարոն Գևորգյանը մեկ անգամ ևս փաստեց, որ առաջին պետական գրանցումը կատարվում է անվճար և կոչ արեց բնակչությանը ներկայացնել համապատասխան փաստաթղթերը և կատարել չգրանցված գույքի գրանցում:

   2013 թվականի ընթացքում Կոտայքի ստորաբաժանումը ստացել է է 38.000 դիմում, որից 12.000-ը` մյուս մարզերից և Երևան քաղաքից: Կասեցումների քանակը մարզում կազմել է ընդամենը 1%:

Հանդիպման ընթացքում կոմիտեի նախագահի տեղակալ Խաժակ Կարայանն անդրադարձավ նաև ստորագրությունների իսկության ճանաչմանն առնչվող խնդիրներին: Այսօր այդ ծառայությունը հասանելի է նաև բոլոր մարզերում:

   Ստորագրությունների իսկության ճանաչմամբ պայմանագրերը ստորագրվում են կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում` ստորագրությունների իսկությունը ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի (խորհրդատուի) ներկայությամբ:

   Ստորագրությունների իսկության ճանաչումը կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում կատարվում է անվճար:

Մարզային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ոլորտին առնչվող այլ հարցեր: Պարոն Կարայանը մեկ անգամ ևս ստորաբաժանման պատասխանատուներին հորդորեց առավել ուշադիր լինել, յուրաքանչյուր քաղաքացու դիմումին տալ սպառիչ և օպերատիվ պատասխան:

Մարզային այցի օրակարգում էր նաև կոմիտեի պատասխանատուների շրջայցը Կոտայքի մարզային ստորաբաժանման նոր վարչական շենքում և Հրազդան սպասարկման գրասենյակում: Պարոն Կարայանը ծանոթացավ աշխատանքային պայմաններին, իրականացվող գործառույթներին, ինչպես նաև ստորաբաժանումում առկա խնդիրներին:

 

ՀՀ  ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և 

հասարակայնության հետ կապերի բաժին