Դեպի վեր
Նորություններ

28.03.2014

Մարզային հերթական աշխատանքային հանդիպումը Արմավիրի մարզում: Օրվա հրամայականը` որակյալ ծառայությունների մատուցում


 Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ՀՀ Արմավիրի մարզի կադաստրի տարածքային ստորաբաժանումում անցկացրեց 2014 թվականի մարզային հերթական աշխատանքային հանդիպումը: Հանդիպումը անցկացրեց կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը: Հերթական մարզային աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին Արմավիրի մարզում գործող ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ սպասարկման գրասենյակների ղեկավարները:

Քաղաքացիներին հուզող հարցերին անմիջականորեն ծանոթանալու և նրանց կողմից բարձրացված հարցերին տեղում օպերատիվ լուծում տալու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի կարգադրությամբ և անմիջական վերահսկողությամբ նախագահի տեղակալների մասնակցությամբ 2014թ. կազմակերպվելու են հանդիպումներ հանրապետության բոլոր մարզային ստորաբաժանումներում: Կադաստրի պետական կոմիտեի պատասխանատուների նմանօրինակ այցերը կրելու են շարունակական բնույթ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանը մարզային այցի ընթացքում անդրադարձավ առաջին պետական գրանցմանն առնչվող հարցերին, ինչպես նաև քննարկեց ներկաների հետ համայնքներում դեռևս առկա չգրանցված անշարժ գույքի միավորների անվճար` իրավունքների առաջին պետական գրանցման շրջանակներում գրանցում իրականացնելու հարցը:

Հանդիպման ընթացքում կոմիտեի պատասխանատուն անդրադարձավ նաև ստորագրությունների իսկության ճանաչմանն առնչվող խնդիրներին: Այսօր այդ ծառայությունը հասանելի է նաև բոլոր մարզերում:

Ստորագրությունների իսկության ճանաչմամբ պայմանագրերը ստորագրվում են կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում` ստորագրությունների իսկությունը ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի (խորհրդատուի) ներկայությամբ:

Ստորագրությունների իսկության ճանաչումը կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում կատարվում է անվճար:

Կոմիտեի պատասխանատուն հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նաև ընթացիկ խնդիրներին:

Անդրադառնալով համակարգում իրականացվող արմատական բարեփոխումների ընթացքին` կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ բարեփոխումները համակարգում անշրջելի, հետևողական և շարունակական բնույթ են կրելու: Որակյալ ծառայությունների մատուցումը այսօրվա հրամայականն է:

Մարզային հանդիպման ավարտին քննարկվեցին նաև ոլորտին առնչվող այլ հարցեր:

 

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին