Դեպի վեր
Նորություններ

11.04.2014

Հերթական հանդիպումը Շիրակի մարզում


Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ՀՀ Շիրակի մարզի կադաստրի տարածքային ստորաբաժանումում անցկացրեց 2014 թվականի մարզային հերթական աշխատանքային հանդիպումը: Հանդիպումը անցկացրեց կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը: Հերթական մարզային աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին Շիրակի մարզում գործող ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Գյումրու, Անիի, Ախուրյանի, Արթիկի, Ամասիայի և Աշոցքի սպասարկման գրասենյակների ղեկավարները և ներկայացուցիչ Շիրակի մարզպետարանից:

Համակարգում իրականացվող արմատական բարեփոխումների ընթացքին հետևելով` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանն իր  անմիջական վերահսկողությամբ է հետևում կոմիտեի նախագահի տեղակալների մասնակցությամբ  հանրապետության բոլոր մարզային ստորաբաժանումներում կազմակերպվող հանդիպումներին:  Քաղաքացիներին հուզող հարցերին անմիջականորեն ծանոթանալու և նրանց կողմից բարձրացված հարցերին տեղում օպերատիվ լուծում տալու նպատակով կոմիտեի նախագահի կարգադրությամբ կադաստրի պատասխանատուների նմանօրինակ այցերը կրելու են շարունակական բնույթ:  

Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանն անդրադարձավ առաջին պետական գրանցմանն առնչվող հարցերին, դեռևս առկա չգրանցված անշարժ գույքի միավորների անվճար` իրավունքների առաջին պետական գրանցման շրջանակներում գրանցում իրականացնելու հարցը, ինչպես նաև ստորագրությունների իսկության ճանաչմանն առնչվող խնդիրներին: Այսօր այդ ծառայությունը կատարվում է անվճար և հասանելի է բոլոր մարզերում:

Անդրադառնալով կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումում 2013 թվականի հունվարից մինչ օրս մուտքագրված դիմումներին` մարզային ստորաբաժանման ղեկավար Ա. Առաքելյանը նշեց, որ այդ ժամանակահատվածում իրենք ունեցել են 28934 մուտքագրված դիմում,  որից 1038-ը առաջին պետական գրանցման համար: Օնլայն մուտքագրվել է 397 դիմում, իսկ 1159 դիմում մուտքագրվել է այլ մարզերից:

Խոսելով Շիրակի մարզպետարանի և ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Շիրակի մարզային ստորաբաժանման համագործակցությունից` մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Ա. Հախվերդյանը դրական գնահատեց կադաստրի համակարգում իրականացված բարեփոխումները և փաստեց, որ մինչ օրս իրենց համատեղ աշխատանքում որևէ տարաձայնություն կամ խոչընդոտ չի առաջացել:

Կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպման մասնակիցների հետ քննարկեց նաև ընթացիկ և ոլորտին առնչվող այլ հարցեր:

Որակյալ ծառայությունների մատուցումն այսօրվա հրամայականն է, ուստի մարզային այցի օրակարգում էր նաև կոմիտեի պատասխանատուի շրջայցը Գյումրու սպասարկման գրասենյակում:  

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին