Դեպի վեր
Նորություններ

23.04.2014

Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքները լուսանկարահանվել են 10 սմ ճշտությամբ


Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նարեկ Գրիգորյանը հանդիպում ունեցավ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Բանախոսը տեղեկացրեց, որ 2013 թվականին ավարտվել են Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող ՋիՊիէս (GPS) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նշված աշխատանքները իրականացվել են ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի և Նորվեգիայի Թագավորության Քարտեզագրության գերատեսչության (Ստատենս Կարտվերկ) կողմից համատեղ իրականացվող «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրի շրջանակներում: Նշված ծրագրի իրականացման նպատակով Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունը Ստատենս Կարտվերկին հատկացրել է ընդհանուր 9.8 մլն նորվեգական կրոն, որից շուրջ 2 մլն նորվեգական կրոնը ուղղվել է նշված աշխատանքների իրականացման համար:

Ծրագրի իրականացման արդյունքում ներդրվել է Հայաստանի Հանրապետության տեղադիրքի որոշման համակարգը (ARMPOS), որը 2014թ. նախատեսվում է կապակցել նաև Եվրոպական տեղադիրքի որոշման համակարգին (EUPOS):

Նշված համակարգը հնարավորություն է ընձեռում GPS, ГЛОНАСС, Galileo արբանյակային համակարգերից ստացված համապատասխան ազդանշանների հիման վրա բարձր ճշտությամբ որոշել ցանկացած կետի կոորդինատները հանրապետության ողջ տարածքում:

Պարոն Գրիգորյանը նշեց, որ ներդրված համակարգը լայն կիրառում ունի գյուղատնտեսության, ճանապարհաշինության, բարձր ճշտության ինժեներական աշխատանքների, ռազմատեղագրական քարտեզագրության, տրանսպորտի, նավիգացիայի, կադաստրային, տեղագրական և թեմատիկ քարտեզագրության, ինչպես նաև այլ ոլորտներում:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարձր սեյսմիկ ակտիվությունը` վերոնշյալ համակարգի ներդրումը խիստ կարևոր է նաև տարածաշրջանում երկրակեղևի տեղաշարժի մշտական դիտարկումների միջոցով երկրաշարժերի և բնական այլ աղետների կանխատեսման համատեքստում:

ARMPOS համակարգի ներդրումը մեծապես կնպաստի նաև հանրապետության զգալի տարածքի` 2014 թվականին նախատեսվող օդային լուսանկարահանման աշխատանքների կազմակերպմանը` ապահովելով Հայաստանի բնակավայրերի օրթոլուսանկարների ստացումը: 

ARMPOS համակարգի միջոցով կվերահաշվարկվի նաև ՀՀ Ազգային գեոդեզիական ցանցը, ինչը հնարավորություն կստեղծի  ճշգրտելու հանրապետության ողջ քարտեզագրական նյութը:

Նշված արդյունքների ապահովման նպատակով ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից 2013 թվականի ընթացքում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ: Նորվեգացի և շվեյցարացի մասնագետների մասնակցությամբ հաստատվել է ռեֆերենց կայանների վերջական տեղակայումը Ալավերդի, Ապարան, Արտաշատ, Արմավիր, Գավառ, Ախուրյան, Եղեգնաձոր, Իջևան, Խնձորեսկ, Մեղրի, Սիսիան, Վարդենիս բնակավայրերում:

Հանրապետության 12 բնակավայրերում տեղակայված բոլոր ռեֆերենց կայանները կապակցվել են ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանումում գործող վերահսկիչ-հաշվարկային կենտրոնի հետ: 

Ծրագրի հաջորդ փուլում` 2014 թվականից իրականացվում է հանրապետության զգալի տարածքի (շուրջ 13.500 կմ²) օդային լուսանկարահանումը, լազերային սկանավորումը, թվային բարձունքային մոդելի և օրթոլուսանկարների ստեղծումը: Հանրապետության խոշորագույն քաղաքները (Երևան, Գյումրի, Վանաձոր)  արդեն լուսանկարահանվել են 10 սմ ճշտությամբ, իսկ այլ տարածքների  20 սմ ճշտությամբ լուսանկարահանումները ընթացքի մեջ են:

Նշված աշխատանքների իրականացման նպատակով Ստատենս Կարտվերկի կողմից հայտարարվել է միջազգային մրցույթ, որում հաղթող է ճանաչվել ուկրաինական  «Ավիացիոն հաշվարկային կենտրոն» ՍՊԸ-ն, իսկ թռիչքներն իրականացվում են վերջինիս ենթակապալառու` AIR COLUMBUS ընկերության կողմից:  Արդյունքում կնքվել է եռակողմ համաձայնագիր ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի, Ստատենս Կարտվերկի և «Ավիացիոն հաշվարկային կենտրոն» ՍՊԸ միջև:

Լուսանկարների համապատասխան մշակումից ստացված օրթոլուսանկարների որակի վերահսկման աշխատանքները կիրականացվեն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից` Ստատենս Կարտվերկի փորձագետների ներգրավմամբ:

Ստացված օրթոլուսանկարները մեծապես կնպաստեն առկա քարտեզների ճշգրտման և նոր քարտեզների ստեղծման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Ընդհանուր ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015թ. առաջին եռամսյակում:

 

 

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին