Դեպի վեր
Նորություններ

10.06.2014

Կադաստրի սպասարկման գրասենյակներում կգործեն արտոնություններ


  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կարևորելով համակարգի կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների` քաղաքացիների գոհունակությունը և կարծիքները համակարգում կատարված և կատարվելիք բարեփոխումների վերաբերյալ,  շարունակում է կյանքի կոչել բոլոր այն գաղափարներն ու ծրագրերը, որոնք միտված  են հեշտացնելու համակարգի ծառայություններից օգտվողների շփումը կադաստրի համակարգի հետ, նպաստել համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման բացառմանը, հետևաբար` համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

  ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանի հանձնարարությամբ կոմիտեի աշխատակազմի բոլոր սպասարկման գրասենյակների ղեկավարներին հանձնարարվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ծառայություններ մատուցելիս Հայրենական մեծ պատերազմի, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, Ղարաբաղյան ազատամարտի մասնակիցներին, հաշմանդամներին, ինչպես նաև օրենսդրությամբ նրանց հավասարված անձանց սպասարկել  արտահերթ:

  Վերոնշյալ քաղաքացիների սպասարկումն անհրաժեշտ է կազմակերպել սպասարկման գրասենյակներում հատուկ դրա համար նախատեսված առանձին պատուհանի միջոցով: Ընդ որում, տվյալ պատուհանի աշխատակիցը ոչ միայն սպասարկում է արտահերթ սպասարկման ենթակա քաղաքացիներին, այլ նաև սպասարկման գրասենյակում հերթագրված այլ դիմումատուների` պահպանելով առաջնահերթության սկզբունքը:

 Կոմիտեի նախագահի մեկ այլ հանձնարարականով` հաշմանդամ անձանց ազատ տեղաշարժն ապահովելու համար կոմիտեի աշխատակազմի բոլոր այն սպասարկման գրասենյակները, որոնցում դեռևս առկա չեն թեքահարթակներ, կարճ ժամանակում կլրացնեն այդ բացը: