Դեպի վեր
Նորություններ

10.06.2014

Կոմիտեի նորանշանակ նախագահը այցելեց կադաստրի տարածքային և առանձնացված ստորաբաժանումներ


  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանը հունիսի 10-ին այցելություններ է ունեցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումներ: Այցի շրջանակներում պարոն Սարգսյանը նախ եղավ «Արաբկիր» սպասարկման գրասենյակում, որտեղ կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների համակարգման վարչության պետ Արման Պետրոսյանը և «Արաբկիր» սպասարկման գրասենյակի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը կոմիտեի նախագահին ներկայացրեցին գրասենյակի աշխատանքային գործունեությունը, մասնավորապես՝ քաղաքացիներից դիմումների ընդունման ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ և այլն) տրամադրման, դիմումներին կից ներկայացվող փաստաթղթերի տեսաներածման, ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքման աշխատանքները: Կոմիտեի նախագահին ներկայացվեց նաև գրասենյակի տեխնիկական հագեցվածությունը՝ հերթերի կառավարման, ծառայությունների վճարման համակարգերը: Կոմիտեի նախագահը կարևորեց քաղաքացիներին որակյալ ու պատշաճ ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ խնդիրը միշտ լինելու է իր ուշադրության և անմիջական հսկողության ներքո:

  «Երևան» տարածքային ստորաբաժանում կատարած այցի ընթացքում կոմիտեի նախագահը տարածքային ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանի ուղեկցությամբ հանգամանալից ծանոթացավ ստորաբաժանման աշխատանքային առօրյային, պետական ռեգիստրների աշխատանքին, քանակական և որակական տվյալների մուտքագրման աշխատանքներին, ինչպես նաև եղավ արխիվում: 

Կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը այցելեց նաև կադաստրի պետական կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ: Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Կարեն Խաչատուրյանը կոմիտեի նախագահին մանրամասն ներկայացրեց կենտրոնի աշխատանքային պայմանները, սերվերային սարքավորումները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները: