Դեպի վեր
Նորություններ

25.06.2014

Մարզային անդրանիկ այցը Արարատի մարզ


ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի կողմից կոմիտեի աշխատակազմի Երևանի կառուցվածքային ստորաբաժանումներում այցելությունների ավարտից հետո հունիսի 25-ին կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը մարզային անդրանիկ այցելությունն իրականացրեց Արարատի մարզում:  

Մարզային այցի շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանը շրջայց կատարեց ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Արարատի մարզային ստորաբաժանումում, ծանոթացավ մարզային գրասենյակի առօրյային, իրականացվող գործառույթներին, աշխատանքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, զրուցեց մարզային ստորաբաժանման աշխատակիցների հետ առկա խնդիրների վերաբերյալ: Պարոն Սարգսյանը մեկ անգամ ևս ստորաբաժանման աշխատակիցներին հորդորեց առավել ուշադիր լինել, յուրաքանչյուր քաղաքացու դիմումին տալ սպառիչ, օպերատիվ պատասխան և թույլ չտալ անհարկի քաշքշուկներ, անհիմն մերժումներ: Աշխատանքային քննարկման ընթացքում կոմիտեի նախագահը մասնավորապես անդրադարձավ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում անվճար իրավունքի պետական գրանցման խնդիրներին, նշելով, որ Արարատի մարզում պետական գրանցում ստացված և քաղաքացիների կողմից դեռևս չստացված սեփականության իրավունքի վկայականների թիվը 1200-ից ավելի է: Մարզում կա նաև իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում չգրանցված շուրջ 1000 միավոր գույք: Հանձնարարվեց մարզպետարանի և համանքների ղեկավարների հետ համագործակցել և ապահովել առկա իրավունքի գրանցման վկայականների տրամադրումը սեփականատերերին հնարավորինս սեղմ ժամկետում, իսկ չգրանցված միավորների առումով միջոցներ ձեռնարկել, որպեսզի քաղաքացիները դիմեն դրանք գրանցելու համար, որի արդյուքում հնարավոր կլինի բավական մեծ թվով անշարժ գույքի միավոր ընդգրկել շրջանառության մեջ:  

Կոմիտեի նախագահը իր խոսքում կարևորեց նաև որակավորում ստացած անձանց կողմից իրականացվող չափագրման աշխատանքների նկատմամբ խիստ վերահսկողության իրականացման խնդիրը: Կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության աշխատակիցների ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որակավորում ստացած անձանց կողմից մարզում խախտումներով իրականացված չափագրման աշխատանքներ:    

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքերի ու սահմանափակումների գրանցման, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման առնչությամբ քաղաքացիներին հուզող հարցերին անմիջականորեն ծանոթանալու, կադաստրի աշխատանքների կազմակերպման մասին նրանց կողմից առաջարկությունները քննարկելու նպատակով մարզային այցի օրակարգում էր նաև կոմիտեի նախագահի հանդիպումը քաղաքացիների հետ: Քաղաքացիների ընդունելության վերաբերյալ հայտարարությունը նախապես փակցված էր մարզում տեղակայված կոմիտեի աշխատակազմի բոլոր սպասարկման գրասենյակներում: Պարոն Սարգսյանը կարևորեց քաղաքացիներին որակյալ և պատշաճ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը՝  նշելով, որ այդ խնդիրը օրակարգային է և միշտ լինելու է իր անմիջական վերասկողության ներքո:

Մարզային այցի ընթացքում կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը հանդիպումներ ունեցավ նաև Արարատի մարզում տեղակայված կոմիտեի աշխատակազմի Մասիսի, Արտաշատի և Արարատյան սպասարկման գրասենյակներում: Արտաշատի սպասարկման գրասենյակում կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը մի քանի քաղաքացու  հանձնեց սեփականության իրավունքի վկայականներ:

Հավելենք, որ կադաստրի նախագահի նմանօրինակ աշխատանքային հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին