Դեպի վեր
Նորություններ

20.08.2014

Ամբողջությամբ և սահմանված ժամկետում իրականացվել են նախատեսված ծրագրերը


   Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը կոմիտեի 2014 թվականի առաջին կիսամյակի և սույն թվականի հունիսի 3-ից կոմիտեի նախագահի գործունեության և նախատեսվող միջոցառումները ներկայացնելու համար հանդիպում ունեցավ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:  

  Բանախոսը տեղեկացրեց, որ կադաստրի համակարգի կողմից ամբողջությամբ և սահմանված ժամկետում ապահովվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 09.01.2014 թվականի որոշմամբ կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող ծրագրով նախատեսված միջոցառումների ու գերակա խնդիրների կիսամյակի կտրվածքով կատարումը:

   2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների շուրջ 100200 պետական գրանցում և շարժական գույքի գրավի ու լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի շուրջ 342 միավորի պետական գրանցում: ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին ու կազմակերպություններին տրամադրվել է գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ շուրջ 166.000 տեղեկատվություն, ինչպես նաև ընթացք է տրվել ԴԱՀԿ ապահովող ծառայությունից մուտքագրված գույքային իրավունքների սահմանափակումների ու դրանց վերացման վերաբերյալ շուրջ 69000 որոշումներին: Կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում կողմերի ստորագրությունների  իսկության ճանաչմամբ 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում անվճար կնքվել է 7686 պայմանագիր:

   Պարոն Սարգսյանը հավաստեց, որ նույն ժամանակահատվածում անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական է տրվել 28 հայտատուի /ընդամենը տրված է 165 անձանց, ովքեր ներկայումս տվյալ գործունեությամբ զբաղվում են 87 իրավաբանական անձանց կազմում և 10-ը` որպես անհատ ձեռնարկատեր/, իսկ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ ու հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայական է տրվել 29 հայտատուի /ընդամենը տրված է 339 անձանց, ովքեր ներկայումս տվյալ գործունեությամբ զբաղվում են 135 իրավաբանական անձանց կազմում և 81-ը` որպես անհատ ձեռնարկատեր:

   Թույլ տված թերությունների ու բացթողումների համար կիսամյակի ընթացքում 2 գնահատողի որակավորման վկայականի գործողությունը դադարեցվել է /ևս 2-ը հուլիս ամսին/, գնահատման գործունեություն իրականացնող մեկ ընկերության տնօրենի նկատմամբ 20.000 դրամ վարչական տուգանք է կիրառվել, նաև կասեցվել է 21 քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայականի գործողություն /ևս 24-ը հուլիս-օգոստոս ամիսներին և 5 վկայականի գործողությունը դադարեցվել է/:

Կիսամյակի ընթացքում կոմիտեի կողմից ապահովվել է Հայաստանի կադաստրի համակարգի և Նորվեգիայի Թագավորության Քարտեզագրության գերատեսչության միջև «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» հայ-նորվեգական ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքների իրականացումը, մասնավորապես.

  • Ապահովվել են Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող ՋիՊիէս (GPS) ռեֆերենց կայանների ցանցի փորձնական շահագործման աշխատանքները.
  • Օդային լուսանկարահանման աշխատանքների կազմակերպման նպատակով մշակվել է եռակողմ պայմանագիր ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի, Նորվեգիայի Թագավորության Քարտեզագրության գերատեսչության և ուկրաինական «Ավիացիոն հաշվարկային կենտրոն» ընկերության միջև: Վերջինիս հետ  նախապատրաստվել է նաև պայմանագիր կոնֆիդենցիալ տեղեկատվության պահպանության նպատակով:
  • Հունիս ամսին ապահովվել է Թուրքիայի Հանրապետության կողմից դիտորդների այցը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև օդային լուսանկարների համապատասխան մշակումը ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ:

    Սույն թվականի հունիսի 15-19-ը կազմակերպվել է Լեհաստանի Հանրապետության Գեոդեզիայի և քարտեզագրության գերատեսչության պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն, որի շրջանակներում ապահովվել է գործընկերության պայմանագրի կնքումը:

   Կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման պետական լիազորված մարմին հանդիսացող ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն իր` Գեոդեզիայի և հողային պետական տեսչության միջոցով 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ստուգումներ է իրականացրել Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում, որի արդյունքներով ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից կայացվել են որոշումներ 5 համայնքների ղեկավարներին ընդհանուր 750.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, Գեղարքունիքի մարզում համայնքների համապատասխան պաշտոնատար անձիք ենթարկվել են վարչական պատասխանատվության ընդհանուր 400.000 ՀՀ դրամի չափով:

   Կոմիտեի աշխատակազմի ներքին վերահսկողության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կիսամյակի ընթացքում կարգապահական տույժերի են ենթարկվել տարածքային ստորաբաժանումների 13 աշխատակից:

Կոմիտեի աշխատակազմի տարածքային կառույցների գործառույթներին տեղում ծանոթանալու, առկա խնդիրներին օպերատիվ լուծում տալու նպատակով՝ կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո համակարգի մարզային կառույցներում հունիս-հուլիս ամիսներին իմ կողմից իրականացվել են այցեր, որի ընթացքում նաև կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն՝ համակարգի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բացահայտելու համար: Միաժամանակ կառուցվածքային ստորաբաժանումներում բացահայտված թերությունների ու բացթողումների համար ևս 105 աշխատակից, այդ թվում՝ նաև ստորաբաժանումների ղեկավարներ, ենթարկվել են տարբեր կարգապահական տույժերի, 2 ռեգիստր ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարը տեղափոխվել է Տավուշի մարզային ստորաբաժանում:

  Համակարգի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով արդեն ձեռնարկվել են միջոցառումներ հաստիքների համաչափ ծանրաբեռնվածությունը ապահովելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում կքննարկվի նաև թերծանրաբեռնված հաստիքները կրճատելու, կառուցվածքային վերակազմակերպումներ իրականացնելու հարցը, միջոցառումներ են ձեռնարկվում վարձակալված տարածքների վարձավճարները նվազեցնելու կամ համակարգի տարածքային մարմինները պետական սեփականություն հանդիսացող տարածքներում տեղակայելու, ինչպես նաև դրանք օպտիմալացնելու, միավորելու /անշարժ գույքի միավորների վերաբերյալ արխիվային նյութերը մեկ շենքում պահպանելու ու տարբեր մարզերի ռեգիստրներին միևնույն շենքում տեղակայելու/ պիլոտային ծրագիր իրականացնելու ուղղությամբ:

Առանձին բարդ կամ անհասկանալի հարցերի օպերատիվ պարզաբանման նպատակով ստեղծվել է բոլոր ռեգիստրների ու մասնագետների առցանց կապ կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ՝ ցանկացած հարցի անմիջական լուսաբանման համար: Բացի այդ, համակարգի գործառույթների առանձնահատկություններից ելնելով, նախատեսում ենք նաև կազմակերպել ուսումնական կենտրոն՝ սեփական կադրային ռեզերվ ապահովելու համար: Կոմիտեի կողմից իրականացվող որակավորման քննությունների անցկացման լսարանը կահավորվել է ձայնատեսախցիկներով, որը հնարավորություն է ընձեռում առցանց ռեժիմով հսկողություն իրականացնել քննությունների անցկացման ընթացքի նկատմամբ:

   Երևանի քաղաքապետարանի հետ ստեղծվել է հանձնաժողով՝ հողհատկացումների  և ինքնակամ կառույցների և ընդհանրապես, անշարժ գույքին առնչվող հարցերը համատեղ քննարկելու և քաղաքացիների համար ավելորդ քաշքշուկները վերացնելու համար:

  Քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով աշխատանքներ են տարվում համակարգի սպասարկման գրասենյակներում քաղաքացիների կողմից մեր աշխատակիցների ռեյտինգային գնահատման համար, որը կիրականացվի տարբեր գույնի կոճակների սեղմման միջոցով:

Կոմիտեի նախագահի հավաստմամբ` նախապատրաստվում են նաև կադաստրի համակարգի վերաբերյալ շնորհանդեսային նյութեր, ինչը հնարավորություն կտա այլ երկրներ արտահանել կադաստրային ծրագրերը:

   Միաժամանակ միջոցառումներ են ձեռնարկվում իրավունքների առաջին պետական գրանցման շրջանակներում նախկինում գրանցված և տարբեր պատճառներով /փակ դռներ, ժառանգության ընդունում և այլն/ չտրամադրված ավելի քան 42736 վկայականները համայնքների ղեկավարների օգնությամբ սեփականատերներին հանձնելու ուղղությամբ, ինչպես նաև չգրանցված ավելի քան 272407 միավոր անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու ուղղությամբ:

  Մարտին Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ սույն թվականի օգոստոսի 1-3-ը ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ պատվիրակությունն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Կողմերի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կադաստրի համակարգի կողմից մշտական աջակցություն է ցուցաբերվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կադաստրի համակարգին: Այցի շրջանակներում ԼՂՀ նախագահի ու վարչապետի մոտ քննարկվել են Ղարաբաղի կադաստրի համակարգում մեր օգնությամբ իրականացվող բարեփոխումների ծրագրերը, մեր կողմից համապատասխան տեխնիկական միջոցներ /այդ թվում` սերվեր/ տեղադրվեց Ղարաբաղի կադաստրի համակարգում՝ իրավունքների էլեկտրոնային գրանցումն ապահովելու համար: