Դեպի վեր
Նորություններ

29.09.2014

Պարզաբանում է կադաստրի պետական կոմիտեն


  Կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններում քաղաքացիների և իրավաբանական անձանց  կողմից 2013 թվականի ընթացքում ստացվել է գույքի ու դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման 158709 դիմում /հարցում/, որոնց հիման վրա կադաստրի պետական կոմիտեի կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետների հստակ պահպանմամբ տրամադրվել է շուրջ 191700 միավոր տեղեկատվություն: Եվ սա միայն քաղաքացիների և իրավաբանական անձանց տեղեկատվության տրամադրման մասով, մինչդեռ կադաստրի տեղեկատվական ապահովման գործառույթի մաս է կազմում նաև այլ՝ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին գույքի ու դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվական ապահովումը, որի ծավալները միայն 2013 թվականի ընթացքում կազմել է 353870 միավոր: Ահա այսպես «դանդաղ», սակայն հաստատուն նշված թիվը 2014 թվականի միայն 9 ամիսների ընթացքում կազմել է արդեն  287000 միավոր:

   Հետաքրքիր է՝ որքան կկազմեին ներկայացված թվերը, եթե կադաստրը աշխատեր այնպես «արագ», որքան որ կցանկանային մրցանակաբաշխության հեղինակները:

  Մյուս կողմից պետք է նկատել, որ տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքը բացարձակ չէ և սահմանափակվում է այլ անձանց անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության և առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների չհրապարակման սկզբունքներով: Հանրությանը տեղեկատվական ապահովման գործառույթն իրականացնելիս կադաստրի պետական կոմիտեն միշտ պահպանում է տեղեկատվության ազատության և դրան հավասարակշռող` այլ անձանց գաղտնիքը համարվող տեղեկությունների չհրապարակման` օրենքով ամրագրված սահմանափակումները, ինչը, սակայն, կարելի է փորձել որակել որպես տեղեկատվության ազատության «խախտում»: Կարծում ենք, որ ցանկացած հարց պետք է դիտարկվի ամբողջության մեջ, և չի կարող օրենսդրությամբ սահմանված որոշակի շահերի պաշտպանությունը իրականացվել մեկ այլ շահերի ոտնահարման հաշվին:

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ