Դեպի վեր
Նորություններ

24.10.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց «Կենտրոն» սպասարկման ընդլայնված գրասենյակ


  Այսօր` հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց «Կենտրոն» սպասարկման ընդլայնված գրասենյակ, որը կազմավորվել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Կենտրոն» և «Էրեբունի» սպասարկման գրասենյակների միավորման արդյունքում և սույն թվականի հոկտեմբերի 20-ից գործում է Խորենացու 28 հասցեում:

  ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի ուղեկցությամբ պարոն Աբրահամյանը  շրջեց գրասենյակի տարածքում, տեղում ծանոթացավ  աշխատանքային պայմաններին:

Նորաբաց սպասարկման գրասենյակը հագեցած է ժամանակակից բոլոր հարմարություններով: Քաղաքացիները այցելելով կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակ` կարող են ստանալ անվճար և սպառիչ խորհրդատվություն կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող յուրաքանչյուր գործառույթի վերաբերյալ:

  2012 թվականի հունվարի 1-ից վերացել է անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը, որի այլընտրանքն է հանդիսանում ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքումը կադաստրի սպասարկման գրասենյակներում: Անշարժ գույքի գործարքի կողմերը կարող են կադաստրի պետական կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակում ՀՀ կառավարության սահմանած օրինակելի պայմանագրերին համապատասխանող գործարքի փաստաթղթերը ստորագրել և այն հանձնել պետական գրանցման: Ի դեպ, ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքումն իրականացվում է անվճար: Արդյունքում անշարժ գույքի գործարքի կնքումն ու գործարքից ծագող իրավունքների պետական գրանցումը իրականացվում է ընդամենը մեկ ատյան ներկայանալով:

   «Կենտրոն» սպասարկման գրասենյակում գործում են հերթերի կառավարման և վճարման էլեկտրոնային համակարգեր: Գրասենյակում ստեղծված են բոլոր հարմարությունները (թեքահարթակ) հաշմանդամ անձանց ազատ տեղաշարժն ապահովելու համար: Առանձին պատուհանի միջոցով գրասենյակում կապահովվի զոհված ազաատամարտիկների ընտանիքների անդամներին, հայրենական մեծ պատերազմի, ղարաբաղյան ազատամարտի մասնակիցներին, հաշմանդամներին, ինչպես նաև օրենսդրությամբ նրանց հավասարված անձանց արտահերթ սպասարկումը:

   Սպասարկման գրասենյակում դիմում ներակայացնելուց, ստորագրությունների իսկության ճանաչմամբ պայմանագիր կնքելուց, ավարտական փաստաթուղթ կամ խորհրդատվություն ստանալուց հետո յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի գնահատելու իրեն սպասարկող աշխատակցի աշխատանքը, ինչպես նաեւ իր դժգոհությունները կամ գոհունակությունը հայտնելու ինչպես սպասարկման որակից, այնպես էլ համակարգի ողջ գործունեությունից: Տեղադրված է նորագույն համակարգ, որի օգնությամբ քաղաքացին կարող է սենսորային էկրանի միջոցով գնահատել սպասարկման գրասենյակում իրեն տրամադրված ծառայության որակը: Ներդրված համակարգի միջոցով կիրականացվի սպասարկման գրասենյակների` քաղաքացիներին սպասարկող յուրաքանչյուր աշխատակցի գործունեության գնահատման վերաբերյալ ընթացիկ հաշվառում: Յուրաքանչյուր ամսվա վերջին կոմիտեի կողմից կամփոփվի յուրաքանչյուր աշխատակցին տրված դիմումատուների գնահատականները, որը կհանդիսանա գրասենյակի աշխատակիցների խրախուսման դրույքաչափի վրա էական ազդող գործոններից մեկը: Ներդրված համակարգը թույլ կտա կոմիտեի ղեկավարությանը առավել օբյեկտիվ պատկեր ունենալ տեղերում սպասարկման որակի վերաբերյալ:

 

 

http://gov.am/am/news/item/11630/