Դեպի վեր
Նորություններ

24.12.2014

Վարչապետը ներկա է գտնվել մարզերի միավորված ստորաբաժանման բացմանը


    Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման բացմանը: Նորաստեղծ ստորաբաժանման կառուցվածքում միավորվել են կոմիտեի Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի տարածքային ստորաբաժանումները: Կառավարության ղեկավարը շրջել է ստորաբաժանումով, ծանոթացել ներդրված էլեկտրոնային համակարգով իրականացվող գործունեությանը և աշխատանքային պայմաններին: 
   Նորաստեղծ ստորաբաժանման գործունեությունը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի բացառմանը՝ էապես սահմանափակելով գործառույթն իրականացնող պաշտոնատար անձ-քաղաքացի շփումը, պաշտոնատար անձի վրա ներազդելու հնարավորությունը: 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համակարգում ապահովվել է շուրջ 110 մլն դրամի խնայողություն, որը կուղղվի նրա հետագա զարգացմանն ու տեխնիկական նոր հնարավորությունների ստեղծմանը:

   Հովիկ Աբրահամյանը ողջունել է կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումները և կարևորել դրանց հետագա շարունակականությունը: 
Վերը նշված տարածքային ստորաբաժանումների միավորմամբ միևնույն ստորաբաժանման ներքո են ներառվել համակարգում առկա շուրջ 2 միլիոն 200 հազար անշարժ գույքի կադաստրային (արխիվային) գործերից գրեթե 650 հազար միավոր գործերի նյութեր: Դրանով հնարավորություն կընձեռնվի խիստ հսկողության ապահովմամբ առավել ընդգրկուն աշխատանքներ իրականացնել համակարգում էլեկտրոնային գործառույթներ կատարելու, արխիվային նյութերի ամբողջականացման, դրանց թվայնացման ու տեսաներածման թերությունները վերացնելու ուղղությամբ: 
   Հատկանշական է, որ առաջիկայում քաղաքացիներին ընտրության հնարավորություն ընձեռնելու նպատակով, օրենսդրական փոփոխությունների հիման վրա հետագայում կադաստրի սպասարկման գրասենյակի կարգավիճակ կարող է տրամադրվել ինչպես առանձին իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Նոտարներին հնարավորությունկտրվի կադաստրի համակարգից էլեկտրոնային կապի միջոցով ստանալ քաղաքացուն հետաքրքրող անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկատվություն, գործարքից հետո` իրավունքների պետական գրանցման համար, դիմում մուտքագրել կադաստրի համակարգ` ստանալ ու դիմողին տրամադրել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը: