Դեպի վեր
Նորություններ

14.01.2015

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին տեղեկանք


ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 15-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 10-Ն որոշմամբ նախատեսվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացնել 2014 թվականի միջոցառումների ծրագրի` 80-րդ, 81-րդ և գերակա խնդիրների` 55-րդ, 56-րդ, 57-րդ կետերը: Նշված որոշումը գործել է 2014 թվականի 1-ին կիսամյակի կտրվածքով և ուժը կորցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 31.07.2014թ. N 777-Ն որոշմամբ: Նույն որոշմամբ ֆինանսավորման բացակայության պատճառով ուժը կորցրած է ճանաչվել նաև կոմիտեի կողմից որպես տարվա գերակա խնդիր նախատեսված Երևան քաղաքի նավիգացիոն համակարգերի ծրագրի ստեղծման վերաբերյալ 57-րդ կետը:

  Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 777-Ն որոշմամբ նախատեսվել է կոմիտեի կողմից իրականացնել 2014 թվականի միջոցառումների ծրագրի  86-րդ, 87-րդ և գերակա խնդիրների` 65-րդ, 66-րդ կետերը, որոնք ամբողջությամբ և սահմանված ժամկետներում կատարվել են:

Այսպես`

  Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի`

  86-րդ կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2014 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2014 թվականի մարտի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ միջոցառումը սահմանված ժամկետում կատարվել է և 10.04.2014 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության N 380-Ն որոշումը.

 87-րդ կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2014 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ միջոցառումը սահմանված ժամկետում կատարվել է, և 02.10.2014 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության N 1080-Ն որոշումը:

 

 Ծրագրով նախատեսված Գերակա խնդիրները`

 

 65-րդ կետ- WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիա­կան կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ 

 

 2014 թվականին այս ուղղությամբ նախատեսված 154708.918 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքները ամբողջությամբ կատարված են:

 Աշխատանքի հիմնական նպատակն է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» N 791-Ն որոշմամբ WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրումը և ամրացումը բնության մեջ, ինչպես նաև տեղագրական և կադաստրային քարտեզների ճշգրտումը համադրման եղանակով՝ հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական օրթոֆոտոհատակագծերը և քարտեզները:

 Թվային տեղագրական քարտեզները հիմնականում ստեղծվել են Հայաստանի Հանրապետության համայնքների կադաստրային քարտեզագրման աշխատանքներն ավարտելուց հետո, տարբեր տարիների ընթացքում հանութագրման տարբեր եղանակներով ստացված նյութերի հիման վրա, որի պատճառով հնարավոր չէր կատարել նշված երկու քարտեզների համադրման աշխատանքները:  Այսօր ստեղծելով այդ հնարավորությունը՝ մենք կարող ենք համադրման շնորհիվ բացահայտել որոշ շեղումներ, որոնք հետևանք են վերը նշված տեխնոլոգիական պատճառների: 

 Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական միավորների սահմանագծերի տեղադիրքի հետազոտման, այնուհետև բնության մեջ սահմանանիշերի ամրացման աշխատանքներն իրականացվել են նախօրոք կազմված նկարագրի համաձայն: Հանգուցային կետերն ամրացվել են հիմնովին, երկարաժամկետ պահպանման նպատակով, իսկ  շրջադարձային կետերը տեղադրվել են ժամանակավոր կետերով:  

 Վարչական միավորների սահմանագծերի հանգուցային կետերի ամրացումը բնության մեջ թույլ է տալիս համայնքներին ունենալ պատշաճ ձևակերպված և տեղանքում ամրացված վարչական սահմաններ` իրենց կոորդինատներով, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած պահին վերականգնել ոչնչացված սահմանանիշի  գտնվելու տեղը: 

 Դաշտային աշխատանքները սկսելուց առաջ տեղագրական քարտեզների վրա կատարվել են տվյալ սահմանագծի վրա հանգուցային կետերի ճիշտ ընտրություն և նշում: Հանգուցային կետերի ընտրության ժամանակ նախապատվությունը տրվել է հաստատուն, բնական կետերին` բլրի գագաթ, գեոդեզիական կետ, գետերի կամ ձորակների միացման կետ, ճանապարհների հատման կամ ամրակայված բնորոշ այլ կետեր:

 Հանգուցային կետերը համարակալված են սկսած մարզի հյուսիս-արևմտյան անկյունից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ: Յուրաքանչյուր հանգուցային կետ ունի իր համարը, և այն չի կրկնվում մյուս համայնքներում: Տեղանքում հանգուցային կետերն ամրացված են 25-50 մմ տրամագծով, 60-80 սմ երկարությամբ (20-30 սմ գետնից բարձր) խողովակներով, իսկ շրջադարձային կետերը, որպես ժամանակավոր սահմանանիշ, ամրացված են մետաղյա ձողերով, երկաթուղային ցցերով: Սահմանակից երկու համայնքների սահմանագծի կետերի տեղադիրքը ենթարկվել են մանրամասն դաշտային տեղազննման և համաձայնեցվել համայնքների ղեկավարների հետ: Սահմանագծերի կետերի ամրացման աշխատանքների ընթացքում լուսանկարվել են բոլոր հանգուցային և շրջադարձային կետերն այնպիսի դիրքից, որ պարզ երևում են բնության մեջ կետի տեղադիրքը բնորոշող տարրերը: Սահմանանիշով չեն ամրացվել հիմնականում բնական սահմանները` ջրածածկի (գետեր, լճեր, ջրամբարներ, ջրանցքներ և այլն), ճանապարհների առանցքի, ռելիեֆ‎ի կտրուկ արտահայտված ձևերի (քարափներ, զառիթափեր և այլն) հետ համընկնող սահմանագծերը:  Սահմանանիշերով չեն ամրացվել նաև համայնքային այն սահմանները, որոնք համընկնում են Հայաստանի Հանրապետության պետական  սահմանի հետ: Այն տեղերում, որտեղ սահմանանիշը հնարավոր չի եղել տեղադրել նկարագրին համապատասխան, կատարվել է տեղադիրքի փոփոխություն: Սահմանագծի նկատմամբ սահմանանիշի տեղաշարժի չափագրման տվյալները մանրամասնորեն արտահայտված են տվյալ սահմանանիշի ուրվանկարներում:

 Սահմանագծերի կետերի ամրացման աշխատանքների ավարտից հետո հանգուցային և շրջադարձային կետերն անցկացվել են 1: 10000 մասշտաբի տեղագրական քարտեզի վրա, գծվել է վարչական տարածքի միավորի սահմանագծի տարբերակը, և այն համաձայնեցվել է սահմանակից վարչատարածքային միավորների ղեկավարների հետ:

 Աշխատանքների իրականացման արդյունքում ունենք մարզերի համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզներ, ինչպես նաև համայնքների սահմանների հանգուցային և շրջադարձային կետերի կոորդինատները` կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ:

 Կատարվել են ժամանակացույցով սահմանված հետևյալ աշխատանքները`                  

- 2 տեխնիկական նախագծերի կազմում.

- 7800 սահմանանիշերի դաշտային դիտարկումների հիման վրա շրջադարձային կետերի որոշում, նշահարում, ուրվագծերի կազմում, կոորդինատների որոշում.

- 7800 սահմանանիշերի մշակում, հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում և կատալոգների կազմում.

- 228 կադաստրային և համայնքների վարչական սահմանների քարտեզների համադրում.

- 2 տեխնիկական հաշվետվությունների կազմում:

 Մինչև 2014 թվականը աշխատանքները կատարվել են Հայաստանի Հանրապետության 8 մարզերում համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրման և ամրացման նպատակով:

 

 66-րդ կետ -Բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում Գյումրի քաղաքում  (820 հա) 

 

 2014 թվականին այս ուղղությամբ նախատեսված 46388.59 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքները ամբողջությամբ կատարված են:

 2014 թվականին իրականացված աշխատանքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է Գյումրի քաղաքի 820 հեկտար տարածքի վերաբերյալ: Այն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների (քարտեզագրական և տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:

 Այդ նպատակով ստեղծվել է անհրաժեշտ, հավաստի և ամբողջական տեղեկատվություն նշված տարածքի տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում՝ հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ենթակառուցվածքի այլ տարրերի, էկոլոգիական վիճակի մասին:

 Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխան ստեղծելու և ներդնելու նպատակով 2014 թվականին բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար իրականացվել են ժամանակացույցով սահմանված նախագծի կազմման, Գյումրի քաղաքի 820 հա անճշտությունների հանութագրման և թարմացման, ինչպես նաև 820 հա ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրման կառուցապատ տարածքներում աշխատանքներ:

 Այդ տարածքների վրա ստեղծվել են բազային երկրատեղեկատվական համակարգի համար 13120 հա-շերտ և մուտքագրվել է 82000 տարր տվյալների բազա:

 Ծրագրի իրականացման արդյունքում ունենք Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքի 820 հեկտար տարածքի բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկ, որը արտացոլում է տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում և պարունակում է գրաֆիկական և տեքստային հետևյալ տվյալները.

1.            Վարչական սահմանը.

2.            Աշխարհագրական անվանումները.

3.            Անշարժ գույքը, այդ թվում` հողային ֆոնդը, շենք, շինությունները, գտնվելու վայրը (հասցեն), կադաստրային ծածկագիրը.

4.           Ջրագրությունը.

5.            Ռելիեֆը.

6.           Գծային ենթակառուցվածքները, այդ թվում.

1) երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական, տեղական նշանակության).

2) գազատարներ, ջրատարներ, նավթամուղեր (վերգետնյա, ստորգետնյա).

3) հեռահաղորդակցության կապուղիներ (վերգետնյա, ստորգետնյա).

4) բարձր լարման էլեկտրահաղորդագծեր (վերգետնյա, ստորգետնյա).

5) կոմունալ ենթակառուցվածքներ (վերգետնյա, ստորգետնյա):

 

 Ստեղծված բազային երկրատեղեկատվական համակարգը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում՝ քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման, օպտիմալ պլանավորման և այլ ոլորտների խնդիրների լուծման համար:

 Համայնքների բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղությամբ  2005-2012 թվականներին աշխատանքներ են իրականացվել Երևան քաղաքի, իսկ 2013 թվականին աշխատանքները սկսվել են Գյումրի քաղաքի վարչական շրջանի (4429.5 հա) բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղությամբ 917.3 հա տարածքի նկատմամբ:

 Աշխատանքները անհրաժեշտ է շարունակել Գյումրի քաղաքի մնացած տարածքներում: Հետագայում անհրաժեշտ է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզների ստեղծման աշխատանքները: