Դեպի վեր
Նորություններ

14.01.2015

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին


ՏԵՂԵԿԱՆՔ-ՍԵՂՄԱԳԻՐ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 15.01.2014 թվականի N 10-Ն և 31.07.2014թ. N 777-Ն որոշումներով նախատեսվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացնել ծրագրի` 86-րդ, 87-րդ կետերի միջոցառումները և 65-րդ, 66-րդ կետերի գերակա խնդիրները, որոնք ամբողջությամբ և սահմանված ժամկետներում կատարվել են:

Այսպես`

86-րդ կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2014 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2014 թվականի մարտի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ միջոցառումը սահմանված ժամկետում կատարվել է և 10.04.2014 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության N 380-Ն որոշումը.

87-րդ կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2014 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ միջոցառումը սահմանված ժամկետում կատարվել է, և 02.10.2014 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության N 1080-Ն որոշումը:

65-րդ կետ- WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիա­կան կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ 

2014 թվականին այս ուղղությամբ նախատեսված 154708.918 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքները ամբողջությամբ կատարված են:

Աշխատանքի հիմնական նպատակն է հանդիսացել WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրումը Շիրակի և Սյունիքի մարզերում, համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրումը և ամրացումը բնության մեջ, ինչպես նաև տեղագրական և կադաստրային քարտեզների ճշգրտումը համադրման եղանակով:  

Մինչև 2014 թվականը նման աշխատանքներ կատարվել են հանրապետության 8 մարզերում:

66-րդ կետ -Բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում Գյումրի քաղաքում  (820 հա)

2014 թվականին այս ուղղությամբ նախատեսված 46388.59 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքները ամբողջությամբ կատարված են:

2014 թվականին իրականացված աշխատանքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է Գյումրի քաղաքի 820 հեկտար տարածքի վերաբերյալ, որն անհրաժեշտ է քաղաքի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների (քարտեզագրական և տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:

Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվեց Գյումրի քաղաքի ևս 820 հեկտար տարածքի (2013 թվին ստեղծվել է 917.3 հա-ի) բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկ:

2005-2012 թվականներին նման աշխատանքներ են իրականացվել Երևան քաղաքում, 2015թ. դրանք  կշարունակվեն Գյումրի քաղաքի (ընդհանուրը` 4429.5 հա) մնացած տարածքներում: Հետագայում անհրաժեշտ կլինի դրանք իրականացնել նաև հանրապետության բոլոր քաղաքներում: