Դեպի վեր
Նորություններ

23.01.2015

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ


   Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց կոմիտեի 2014 թվականի գործունեության հաշվետվությունը, խոսեց 2015 թվականի անելիքների մասին:

Կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով 2014 թվականին հավաքագրվել է շուրջ 3 միլիարդ 697 միլիոն դրամ, որն ավելացել է շուրջ 1,3 %-ով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է շուրջ 884 հազար դրամ, որն ավելացել է շուրջ 1,1 %-ով:

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին>> ՀՀ կառավարության 15.01.2014 թվականի N 10-Ն և 31.07.2014թ. N 777-Ն որոշումներով նախատեսվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացնել ծրագրի` 86-րդ, 87-րդ կետերով սահմանված հետևյալ միջոցառումները.

- «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2014 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2014 թվականի մարտի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ և

- <<Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2014 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ, ինչպես նաև 65-րդ, 66-րդ կետերով սահմանված հետևյալ գերակա խնդիրները.

- մոտ 154 միլիոն 709 հազար դրամ ընդհանուր արժողությամբ WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիա­կան կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքների վերաբերյալ և

- մոտ 46 միլիոն 389 հազար դրամ ընդհանուր արժողությամբ Բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման աշխատանքները Գյումրի քաղաքի 820 հա տարածքում աշխատանքների վերաբերյալ:

Պարոն Սարգսյանը ներկաներին փաստեց, որ ծրագրով նախատեսված վերը նշված միջոցառումներն ու գերակա խնդիրները ամբողջությամբ և սահմանված ժամկետներում կատարվել են:

Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից 2014 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 214168 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում և շարժական գույքի գրավի ու լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի շուրջ 748 միավորի պետական գրանցում (2013 թվականին դրանք կազմել են համապատասխանաբար` 190.690 (աճել է 11.9 %-ով) և 732 (աճել է 2.2 %-ով)), իսկ աշխատակազմի <<Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն>> ստորաբաժանման կողմից ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին ու կազմակերպություններին տրամադրվել է գույքի ու դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ շուրջ 473648 տեղեկատվություն (2013 թվականին այն կազմել է 375.327, աճել է 26.2 %-ով), որից` պետական կառավարման մարմիններին անվճար` 11279, զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմիններին` 781, սոցիալական ծառայության տարածքային մարմիններին` 257002, ինչպես նաև ընթացք է տրվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունից մուտքագրված գույքային իրավունքների սահմանափակումների ու դրանց վերացման վերաբերյալ շուրջ 187345 որոշումների կատարմանը: Քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրվել է 17241 տեղեկատվություն, որից 8797-ը` քարտեզագրական նյութերի վերաբերյալ:

Ներկայացնելով կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների կողմից ընդունված դիմումների քանակին, կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ սպասարկման գրասենյակների կողմից 2014 թվականի ընթացում ընդունվել է 354.552 դիմում և տրամադրվել է 398.471 ավարտական փաստաթուղթ և բացի այդ, կոմիտեի ինտերնետային կայքէջում ներդրված` գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումներն ու փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացման էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է մուտքագրվել առցանց ստացված 7444 դիմում: Բացի այդ, աշխատակազմի սպասարկման գրասենյակներում կողմերի ստորագրությունների  իսկության ճանաչմամբ 2014թ. ընթացքում կնքվել է 14.753 պայմանագիր:

Բանախոսը տեղեկացրեց,  որ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետագա խորացման արդյունքում էր, որ հաշվետու ժամանակահատվածում հնարավոր դարձավ Երևանի <<Կենտրոն>>, <<Էրեբունի>> և <<Նոր Նորք>> գրասենյակների միավորման հիման վրա կազմավորել <<Կենտրոն>> ընդլայնված սպասարկման գրասենյակ` բնակիչների և աշխատակիցների համար ապահովելով առավել հարմարավետ պայմաններ:

Քաղաքացիներին ընտրության հնարավորություն ընձեռնելու նպատակով, ինչպես տեղեկացրեց ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահը, օրենսդրական փոփոխությունների հիման վրա հետագայում կադաստրի սպասարկման գրասենյակի կարգավիճակ կարող է տրամադրվել ինչպես առանձին իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց, իսկ` որպես այլընտրանք, 2015 թվականի հունվարի սկզբից հնարավորություն տրվեց նոտարներին կադաստրի համակարգից էլեկտրոնային կապի միջոցով ստանալ քաղաքացուն հետաքրքրող անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկատվություն, գործարքից հետո իրավունքների պետական գրանցման համար դիմում մուտքագրել կադաստրի համակարգ` ստանալ ու դիմողին տրամադրել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը: 

Մարտին Սարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեց նաև, որ 2014 թվականի տարեվերջին որպես պիլոտային ծրագիր, կոմիտեի աշխատակազմի Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումների միավորմամբ Երևան քաղաքում որպես կոմիտեի աշխատակազմի մեկ առանձնացված կառույց կազմավորվել է <<Մարզերի միավորված>> ստորաբաժանումը, որը տարածությամբ հեռացնելով գործարքի ենթակա անշարժ գույքի գտնվելու վայրից, առավել կսահմանափակի գործառույթն իրականացնող պաշտոնատար անձ-քաղաքացի շփման, ծանոթության, պաշտոնատար անձի վրա ներազդելու հնարավորությունը, դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի իսպառ բացառմանը: Նշված տարածքային ստորաբաժանումների միավորմամբ միևնույն հարկի տակ են ներառվել համակարգում առկա շուրջ 2 միլիոն 200 հազար անշարժ գույքի կադաստրային (արխիվային) գործերից գրեթե 650 հազար միավոր գործերի նյութեր (ևս 550 հազար միավոր գործեր գտնվում են Երևանի տարածքային ստորաբաժանումում), որով հնարավորություն կընձեռվի խիստ հսկողության ապահովմամբ առավել ընդգրկուն աշխատանքներ իրականացնել համակարգում էլեկտրոնային գործառույթներն իրականացնելու համար կարևոր նշանակություն ունեցող, սակայն տարիներ ի վեր կուտակված խիստ թերի արխիվային նյութերի ամբողջականացման, դրանց թվայնացման ու տեսաներածման թերությունները վերացնելու, ինչպես նաև` առանց հիմնական աշխատանքից երկարատև կտրվելու, կադրերի վերապատրաստման գործառույթն ապահովելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ակնկալվում է ֆինանսական միջոցների որոշակի խնայողություն, որը կուղղվի համակարգի հետագա զարգացմանն ու տեխնիկական նոր հնարավորությունների ստեղծմանը:

Կոմիտեի նախագահի հավաստմամբ` 2014 թվականի ընթացքում անշարժ գույքի գնահատողի, ինչպես նաև քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) ու հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայական է տրվել 82 հայտատուի (ընդամենը տրված է 469 անձանց):

Կոմիտեի կողմից իրականացվող որակավորման քննությունների անցկացման լսարանը 2014 թվականի ընթացքում կահավորվել է ձայնատեսախցիկներով, որը հնարավորություն է ընձեռում առցանց ռեժիմով հսկողություն իրականացնել քննությունների անցկացման ընթացքի նկատմամբ:

Հատկանշական է, որ կոմիտեի նախագահի ու նախագահի տեղակալների կողմից հաջորդաբար` յուրաքանչյուր երկուշաբթի, կոմիտեում իրականացվում է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում նրանց կողմից բարձրացված հարցերին տեղում լուծում  տալու անհնարինության դեպքում, քաղաքացիներից դիմում է վերցվում դրանց հետագա ընթացքն ապահովելու համար: 2014 թվականի ընթացքում կոմիտեում մուտքագրվել է 775 դիմում-բողոք կամ գրություն և կոմիտեի նախագահի ու նախագահի տեղակալների կողմից կազմակերպվող ընդունելություններին մասնակցել է 207 անձ: Ընդ որում, կոմիտեի նախագահի կողմից իրականացվող ընդունելություններին վերջին ժամանակաշրջանում նկատվում է այցելուների աճ, չնայած` ներկայացվող հարցերի մի մեծ մասի լուծումը չի մտնում կադաստրի համակարգի իրավասությունների մեջ:

Պարոն Սարգսյանը հավաստեց, որ հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է համագործակցությունը կադաստրի ոլորտում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան գերատեսչությունների հետ:

Հաշվետու ժամանակահատվածում ապահովվել է նաև <<Կադաստրի տեղեկագիր>> ամսագրի պարբերական հրատարակումը, կոմիտեի կայքէջի մշտական թարմացումը: Կայքում զետեղվել են համակարգին վերաբերող բոլոր օրենսդրական ու նորմատիվ ակտերի նախագծերը և կատարված աշխատանքների մոնիթորինգի և ամփոփումների վերաբերյալ տվյալները: Մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով պարբերաբար լուսաբանվել և բնակչությանն իրազեկվել են կադաստրի համակարգի գործառույթները, առանձին նորմատիվ իրավական ակտերը, անցկացվող միջոցառումները, ապահովվել է անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների արդյունքների հիման վրա պատրաստված հոդվածների պարբերական հրապարակումներ:

Հարկ է նշել նաև, որ համագործակցության հուշագրի շրջանակներում կադաստրի համակարգի կողմից մշտական մեթոդական և այլ օգնություն է ցուցաբերվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կադաստրի համակարգին, մեր կողմից համապատասխան տեխնիկական միջոցներ են տեղադրվել Ղարաբաղի կադաստրի համակարգում, ապահովվել է մասնագետների ուսուցումը` իրավունքների էլեկտրոնային գրանցումն ապահովելու համար:  Ավելին` ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ինչպես հավաստեց կոմիտեի նախագահը, 2014 թվականին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հնարավորություն ստեղծվեց,  որպեսզի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմումները տրվեն ու դրանց պատասխանները դիմողներին տրամադրվեն առանց մյուս հանրապետության գրասենյակ ներկայանալու: Ցանկություն ունենք համապատասխան փոփոխությունների արդյունքում նման հնարավորություն ստեղծել նաև այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցների համար` թեթևացնելով նրանց հոգսը: 

Մարտին Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ համակարգի գործառույթների առանձնահատկություններից ելնելով` կադաստրի պետական կոմիտեում նպատակահարմար  են գտնում սեփական կադրային ռեզերվ ապահովելու և աշխատակիցների վերապատրաստում իրականացնելու համար կազմակերպել և ունենալ նաև ուսումնական կենտրոն:

Ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահը նշեց նաև, որ 2014 թվականի ընթացքում կատարված դրական աշխատանքների համար համակարգի աշխատակիցները արժանացել են տարբեր խրախուսանքների, սակայն դրա հետ մեկտեղ աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից առանձին աշխատակիցների մոտ հայտնաբերվել են թերություններ ու բացթողումներ, որի համար նրանք ենթարկվել են կարգապահական տույժերի:

Կոմիտեի նախագահը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց նաև, որ համակարգի կողմից իրականացվող գործառույթները առավել պարզեցնելու, բնակչությանը մատուցվող ծառայությունների  սպասարկման որակն էլ ավելի բարձրացնելու, իրականացվող գործառույթներում ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների ու կոռուպցիոն ռիսկերի բացառումը և համակարգի գործունեության առավել թափանցիկությունն ու մատչելիությունը ապահովելու ուղղությամբ կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմը դեռևս անելիքներ ունի:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող կադաստրի պետական կոմիտեի մասով միջոցառումների ծրագրով նախատեսվել է հետևյալը. 

1. <<Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2015 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2015թ մարտի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելը.

2. <<Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2015 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2015թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն ներկայացնելը:

Բացի այդ, որպես գերակա խնդիրներ են նախատեսվել`

1. ՀՀ Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերի համայնքների սահմանների ամրացում և  (ՎԻ ՋԻ ԷՍ-84) <<WGS – 84>> համակարգում միասնական հիմքի ստեղծում.

2. ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (շահառուների) բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծում Գյումրի քաղաքում (1396.1հա):