Դեպի վեր
Նորություններ

02.03.2015

2015 թվականի մարզային անդրանիկ այցը Արագածոտն


     Սույն թվականի փետրվարի 27-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը  2015 թվականի մարզային անդրանիկ այցը իրականացրեց ՀՀ Արագածոտնի մարզ: Մարզպետարանում կայացած աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, կոմիտեի նախագահի տեղակալներ Ֆ. Բաշոյանը, Ա. Մուսայանը, վերահսկողության վարչության պետ Ա. Բիձյանը, Միավորված մարզերի ստորաբաժանման ղեկավար Հ. Մարտիրոսյանը և Արագածոտնի մարզի քաղաքային ու գյուղական համայնքի ղեկավարները:

    Նշենք, որ 2014 թվականի հունիս-հուլիս  ամիսների ընթացքում կադաստրի պետական կոմիտեի նախագահը համակարգի մարզային կառույցներում իրականացրել է այցեր, որոնց ընթացքում նաև կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն՝ համակարգի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի մասին կարծիքներ և մեկնաբանություններ լսելու համար: Այցերի արդյունքում համակարգում իրականացվել են մի շարք բարեփոխումներ՝ անշարժ գույքի քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման, հողաշինարարության գործունեության ու գնահատողների որակավորման վկայական տրամադրելու համար անցկացվող քննությունները առավել թափանցիկ, անաչառ ու օբյեկտիվ իրականացնելու համար լսարանում տեղադրվել են տեսաձայնագրման խցիկներ: Քաղաքացիներին ընտրության հնարավորություն ընձեռնելու նպատակով, որպես այլընտրանք, 2015 թվականի հունվարից հնարավորություն տրվեց նոտարներին կադաստրի համակարգից էլեկտրոնային կապի միջոցով ստանալ քաղաքացուն հետաքրքրող անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկատվություն, գործարքից հետո իրավունքների պետական գրանցման համար դիմում մուտքագրել կադաստրի համակարգ, ստանալ ու դիմողին տրամադրել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը:

ՀՀ կառավարության կողմից հաստատվել է նաև կադաստրի համակարգում «Ուսումնամեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշումը, որով հնարավորություն կստեղծվի համակարգի աշխատակիցների վերապատրաստումն իրականացնել առանց հիմնական աշխատանքից կտրվելու, բուհերն ավարտած երիտասարդները, ինչպես նաև այլ քաղաքացիներ կարող են մասնակցել դասընթացներին իրենց որակավորումը գործնական պարապմունքների միջոցով բարձրացնելու և համակարգի կադրային ռեզերվում ընդգրկվելու համար:

     Բարեփոխումներից է նաև տարածքային մարմինները օպտիմալացնելու, միավորելու  անշարժ գույքի միավորների վերաբերյալ արխիվային նյութերը մեկ շենքում պահպանելու ու տարբեր մարզերի ռեգիստրներին միևնույն շենքում տեղակայելու¤ պիլոտային ծրագրի իրականացումը: Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումների միավորմամբ Երևան քաղաքում, որպես կոմիտեի աշխատակազմի մեկ առանձնացված կառույց, կազմավորվել է Մարզերի միավորված ստորաբաժանումը, որը նաև տարածությամբ գույքի գտնվելու վայրից հեռացնելով, առավել կսահմանափակի գործառույթն իրականացնող պաշտոնատար անձ-քաղաքացի շփման, ծանոթության, պաշտոնատար անձի վրա ներազդելու հնարավորությունը՝ դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի իսպառ բացառմանը: Նշված տարածքային ստորաբաժանումների միավորմամբ միևնույն հարկի տակ են ներառվել համակարգում առկա շուրջ 2 միլիոն 200 հազար անշարժ գույքի կադաստրային արխիվային¤ գործերից գրեթե 650 հազար միավոր գործերի նյութեր ևս 550 հազար միավոր գործեր գտնվում են Երևանի տարածքային ստորաբաժանումում¤, որով հնարավորություն կընձեռվի, խիստ հսկողության ապահովմամբ, առավել ընդգրկուն աշխատանքներ իրականացնել համակարգում էլեկտրոնային գործառույթներն իրականացնելու համար կարևոր նշանակություն ունեցող, արխիվային նյութերի ամբողջականացման, դրանց թվայնացման ու տեսաներածման առկա թերությունները վերացնելու ուղղությամբ:

    ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ մարզային այցերը կրելու են շարունակական բնույթ, նպատակ ունենալով յուրաքանչյուր մարզում տեղում ծանոթանալ անշարժ գույքի հետ կապված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման հետ առնչվող առկա խնդիրներին, ինչպես նաև կանոնակարգել համայնքների հետ իրականացվող հետագա աշխատանքները՝ քաղաքացիների սպասարկումը անթերի ու բարձր մակարդակով ապահովելու ուղղությամբ:

     Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանը խիստ կարևորեց նմանատիպ այցերը և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը:

    Աշխատանքային օրակարգը հագեցած էր. Արագածոտնի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին անշարժ գույքի հասցեավորման, ինքնակամ կառույցների օրինականացման, փաստաթղթերը չպահպանված գույքերի նկատմամբ իրավունքների ճանաչման, հողերի սեփականաշնորհման ու իրավունքների, առաջին պետական գրանցման աշխատանքների ընթացքում տեղ գտած սխալների ուղղման խնդիրներին:

   Կոմիտեի նախագահը մարզպետին առաջարկեց համայնքերի ղեկավարների կողմից բարձրացված հարցերը ներկայացնել կադաստրի պետական կոմիտե՝ համատեղ լուծումներ գտնելու համար:

     Մարտին Սարգսյանը ևս մեկ անգամ նշեց, որ այցն արհեստական բնույթ չի կրում, իսկ կադաստրի կոմիտեն շարունակելու է իր հետևողական աշխատանքը բարձրացված խնդիրներին  օպերատիվ և անաչառ լուծումներ տալու համար:

 

ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտե