Դեպի վեր
Նորություններ

20.03.2015

Մարզային հանդիպումները շարունակվում են


 

   ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ մարտի 20-ին ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալներ Աշոտ Մուսայանի, Ֆելիքս Բաշոյանի, կոմիտեի, ինչպես նաև մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և մարզի համայնքապետերի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին հողօգտագործման բնագավառում մարզում առկա խնդիրներին վերաբերող հարցեր:

    Ներկայացնելով ոլորտում առկա հիմնախնդիրները` ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Արմեն Դարբինյանը մասնավորապես անդրադարձավ համայնքների քարտեզագրման, հողագնահատման կարգերի և հաշվեկշիռների հետ կապված խնդիրներին, ինչպես նաև մարզի մի շարք համայնքներում սեփականաշնորհման ժամանակ տնամերձ ստացած բնակիչների հողատարածքներին, որոնք չեն ընդգրկվել կադաստրային ցուցակներում, սակայն մինչ այժմ օգտագործվում են:

   ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան պաշտոնյաները պարզաբանումներ ներկայացրեցին հնչեցված խնդիրների լուծման առնչությամբ, իսկ այն հարցերը, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեին`պատասխանատուների կողմից առաջարկվեց դրանց քննարկումը կազմակերպել կադաստրի պետական կոմիտում: